Aravot.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Ծայրահեղ այլանդակություն է»
«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է», – մեզ հետ զրուցելիս ասաց Արամ Մանուկյանը:
«Պահանջում են թույլից»
Կարդացեք նաև
Քաղաքական գործիչը հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին: «Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների», – նշում է ՀԱԿ փոխնախագահը:
Անդրադառնալով Արարատ լեռան թեմային՝ Մանուկյանը հայտնեց, որ Թուրքիային հետաքրքրիր չէ Հայաստանի խորհրդանիշերում Արարատը կա, թե ոչ, բայց այն հեռացնելու պահանջ են դնում՝ որպես «թույլին խեղճացնելու միջոց»:
«Փաշինյանի նման աննախադեպ բան էր»
Մանուկյանը զուգահեռներ արեց եվրոպական մայրցամաքում առկա նույնանման ազգային կոնֆլիկտների հետ՝ ընդգծելով, որ «Եվրոպայում չկա մի պետություն, որը կողքի պետության հետ ինչ-որ խնդիր չունենա»: Նա որպես օրինակ բերեց Հունաստանի անհաշտությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ, վերջինիս անվան առնչությամբ՝ հավելելով, որ «սա չի նշանակում, որ մի պետությունը մյուսին կարող է պահանջներ ներկայացնել իր անվան կամ պետական սիմվոլների հետ կապված»: Նախկին պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը «իր նման աննախադեպ բան էր»:
«Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը»
Մեր հարցին ի պատասխան՝ արդյո՞ք, այնուամենայնիվ, պետք է փոխել մայր օրենքը, Արամ Մանուկյանը շեշտեց, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել, կարող է փոփոխությունների ենթարկվել:
«Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարելով՝ Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ունի անփոփոխելի հոդվածներ, ինչը նշանակում է, որ այն հիմնովին չի կարող փոխվել, նույնիսկ հանրաքվեի միջոցով», – Aravot.am-ին փոխանցեց Արամ Մանուկյանը:
«Գեղցու շուստրիություն է»
Միևնույն ժամանակ ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ Փաշինյանը չի գնա Սահմանադրությունը Անկախության հռչակագրից անջատելու համար սահմանադրական փոփոխության հանրաքվեի, և դրա համար երկու պատճառ է բերում:
«Նախ, նրան չեն թողնի գնալ այդ քայլին: Երկրորդ, նրան ոչ ոք չի աջակցելու: Այդ դեպքում կարող եք հարցնել՝ այսպիսի հայտարարություններ ինչո՞ւ է անում: Որովհետև նա բլեֆ է անում, խաբում է, ձգձգում է, որպեսզի դրսին ցույց տա, թե նա պատրաստ է գնալ այդպիսի փոփոխությունների, բայց չի գնա դրան, ինչպես չի գնա պայմանագիր ստորագրելու: Նա փախչում է խնդրից, մինչև…չգիտեմ մինչև ինչ», – կարծում է Մանուկյանը, հավելում՝ «Փաշինյանը ոչ իր գործընկերների հետ է անկեղծ, ոչ էլ իր ժողովրդի: Նա ուղղակի գեղցու շուստրիությամբ է զբաղված»:
Հիշեցնենք՝ ուրբաթ Արդարադատության նախարարությունում վարչապետ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է ոչ թե փոփոխությունների ենթարկել, այլ բոլորովին նոր մայր փաստաթուղթ ընդունել: Գործադիր իշխանության ղեկավարը դա պատճառաբանում է «աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններով»: Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին ի պատասխան հայտարարեցին, թե նա նախագծում է փոխել Սահմանադրությունը՝ Անկարայի և Բաքվի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձին նվիրված իր շնորհավորական ուղերձում էլ Նիկոլ Փաշինյանը բացատրում է, թե Հռչակագրի խոսույթը «կոնֆրոնտացիոն է»:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարները՝ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից