Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիշենք սիրելի եղբայրներ ու քույրեր, որ Սահմանադրության 18-րդ հոդվածը վտանգված է, եթե թույլ տանք, ապա այն կհանվի Մայր Օրենքից

Հունվար 22,2024 11:10

Նոր Սահմանադրություն որդեգրելու Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության (ՔՊԿ) մտադրությունը հայ հասարակության կողմից միանշանակ չի ընկալվում։ Իմ դիտարկմամբ, խորը մտահոգությամբ են արտահայտվում հիմնականում հասարակության ազգակենտրոն հատվածը, որովհետև հասկանում է, որ թիրախավորված են հայեցի կրթությունը, Հայոց բանակն ու Հայ Առաքելական Եկեղեցին, այլ խոսքով, վտանգված են մեր միտքը, մարմինն ու հոգին։ Սրանք էությամբ հայ մարդու հոգեբանական բարեկեցության վիճակի վրա խիստ բացասաբար ազդող մտահոգություններ են, որն առկա է, ի դեպ, մեծամասնության մոտ, և ճիշտ գեներացվելու դեպքում այդ մտահոգություններն ու ընդհանրապես վախերը, կարող են տրանսֆորմացվել՝ դառնալով հեղափոխական հզոր ուժ, սակայն այս հարցը բաց թողնելով քաղաքական ուժերի համար, ես ուզում եմ վերընթերցենք Սահմանադրության 18-րդ հոդվածն ու պահենք այն մեր մտքի մեջ․

1.Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2.Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Պատմության մեջ միշտ օրհնության խոսքերով պիտի հիշվեն այն մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել հայապահպանության համար այս կենսական նշանակություն ունեցող հոդվածը Մայր Օրենքում ամրագրելու համար, և նզովքի պիտի արժանանան այն մարդիկ, ովքեր կփորձեն այն պոկել իր բնօրրանից։ Թերևս միակ բանը, որ կարելի է անել այդ հոդվածի հետ, դա Առաքելական Սուրբ Եկեղեցի անվանումը մեծատառերով գրելն է։

Հայրենասիրական ու եկեղեցասիրական զգացումները ժողովրդի մոտ անհրաժեշտ է ավելի հզորացնել, որպեսզի առաջվա նման հայկական գրական աշխատությունները, հայրենասիրական երգերն ու ընդհանրապես հայ մշակույթը ոգեշնչի բոլորիս ու մղի նորացված սխրանքների։ Այս նպատակին ծառայող քայլերի շարքին կարելի է դասել նաև հասարակական ակցիաները։

Եկեղեցու համար այս դժվարին օրերին հաճախ անհատներ ու խմբեր այցելություններ են կատարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու իրենց զորակցությունը հայտնում Եկեղեցուն։ Թող Աստված օրհնի այն հայորդիներին, ովքեր ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար են այցելում Մայր Աթոռ, կամ ի հեճուկս ինչ-որ մեկի, կամ նկարվելու ու փիառվելու համար, այլ որովհետև դա իրենց հոգու կանչն էր և այցելել են իրենց անկեղծ հավատքի մղումով։ Հիմա առավել ևս պետք է զգույշ լինել գառան մորթով գայլերից։ Հիշենք սիրելի եղբայրներ ու քույրեր, որ Սահմանադրության 18-րդ հոդվածը վտանգված է, եթե թույլ տանք, ապա այն կհանվի Մայր Օրենքից։

Իսկ ՔՊԿ թող հիշի ավելի քան 2000-ամյա Ավետարանական ճշմարտությունը․

«Վայ աշխարհի գայթակղութեանց․ հարկ է գալ գայթակղութեանց, բայց վա՜յ մարդոյն այնմիկ՝ յոր ձեռն գայցէ գայթակղութիւն»

Մտթ․ ԺԸ։Է

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031