Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զգուշացե՛ք․ Հայաստանում տարածում է ստանում ֆեյսբուքյան ֆիշինգը. CyberHUB

Հունվար 22,2024 10:51

CyberHUB. Նախորդ շաբաթներին կոտրվել ու գողացվել են «Facebook»-ի, «Instagram»-ի հայաստանյան մոտ երկու հարյուր էջեր՝ փաստում են «CyberHUB»-ի դիտարկումները։ Չարագործները ոչ միայն վերահսկողություն են սահմանել տարիների աշխատանքի արդյունքում տպավորիչ լսարան ձևավորած օգտահաշիվների նկատմամբ, այլև երբեմն կարողացել են օգտվել այդ էջերին կցված բանկային քարտերից՝ իրենց նպատակների համար գովազդ պատվիրելով և նման կերպ դատարկելով մեզ դիմած մարդկանց և կազմակերպությունների հաշվեհամարները։

Գրոհների ճնշող մեծամասնությունը իրականացվում են ասիական սերվերներից։ 

Դասական ֆիշինգ

Ընդունված է համարել, որ ֆիշինգի (phishing) տեխնոլոգիան, կամ առնվազն ֆիշինգի մասին հիշատակումները սկիզբ են առնում 1990-ական թվականների կեսերից։

Նստած եք համակարգչի առջև և հանկարծ․․․ հարկային մարմնից էլեկտրոնային նամակ եք ստանում, թե ձեր հարկային հաշվետվության ներկայացման վերջին օրն է և շտապ պետք է լրացնել պակասող տվյալները։ Ձեր գործը դյուրացնելու համար հղում են առաջարկում, որը ուղիղ կտանի անհրաժեշտ էջ։

Կամ խաղադրույքներ ընդունող հայտնի ընկերությունից ստացված նամակը տեղեկացնում է, որ շահել եք տպավորիչ գումար։ Դարձյալ՝ առաջարկում են անցնել հղումով, մուտքագրել որոշ տվյալներ, գրանցվել, որպեսզի հնարավոր լինի փոխանցել շահած գումարը։ Մյուս տարբերակում, այդ նամակը կարող է լինել «Facebook»-ի սեփականատեր «Meta» ընկերությունից, թե ձեր էջը կփակվի, եթե չանցնեք նույնականացման գործընթաց՝ մուտքագրելով ձեր էջ անցնելու համար կիրառվող էլ․փոստի հասցեն ու ձեր էջի գաղտնաբառը։

Տարբերակները շատ են, սակայն տեխնոլոգիան նույնն է՝ հուզական սուր արձագանք՝ վախ, խուճապ, ուրախություն, առաջացնելով՝ հաղորդագրությունը մղում է ձեզ անհապաղ գործողությունների, որոնց ընթացքում դուք՝ «կամովին» չարագործներին եք փոխանցում ձեր գաղտնաբառ(եր)ը։

Նույնն է նաև նպատակը՝ տիրանալ ձեր էլեկտրոնային փոստին, սոցհարթկաներում ձեր օգտահաշվին՝ տարբեր խնդիրներ լուծելու համար։

Ի՞նչ է ֆեյսբուքյան ֆիշինգը

Ֆիշինգ իրականացնողները՝ ֆիշերները (phisher) նախ ստեղծում են կեղծ էջեր՝ կիրառելով «Meta»-ի հարթակների՝ «Facebook»-ի, «Instagram»-ի տարբերանշանները, տառաձևերը, գույները, ոճը, բովանդակությունը։ Նման կեղծ էջերը կարող են, օրինակ, կոչվել «Meta Security», «Facebook Business», «Account Security» և այլն։

Այնուհետև ընտրում են թիրախն ու «Facebook»-ում tag անում (նշում են) այդ էջը։ Այդ tag-ի մասին, բնականաբար, «Facebook»-ը տեղեկացնում է թիրախավորված էջի կառավարչին (administrator), օգտատիրոջը, և վերջինս իրական «Facebook»-ի կողմից ստանում է համապատասխան ծանուցումը։ Հետևելով ծանուցմանը՝ օգտատերը հանդիպում է հաղորդագրության կեղծ ֆեյսբուքյան էջից, թե, օրինակ, ձեր էջը կփակվի, եթե չանցնեք այս հղումով և չվերահաստատեք, որ դուք եք օգտատերը, կամ տվյալ էջի կառավարիչը:

Բացում եք հղումը՝ հայտնվելով մի էջում, ուր, դարձյալ, «Meta»-ի հարթակների՝ «Facebook»-ի, «Instagram»-ի տարբերանշաններն են, ոճն ու բովանդակությունը։ Դուք «Meta Security» էջում եք (կրկնենք՝ այն կարող է այլ անվանում ունենալ)՝ իրականում, կեղծ մի էջ, ուր ձեզ առաջարկում են լրացնելով ձեր տվյալները (նաև գաղտնաբառը) մուտք գործել ձեր էջ՝ նման կերպ իբր վերահաստատելով ձեր իրավունքը տվյալ էջի նկատմամբ։

Ի՞նչ անել խորհուրդներ «CyberHUB»-ից

Նախ, եթե բախվել եք նման խնդրի, խուճապի չմատնվել։ Երբե՛ք։

Եթե անցել եք ֆիշինգային հղումով և գաղտնաբառ չեք մուտքագրել, ուղղակի փակեք այն, իսկ հարձակման մասին տեղեկացրեք մեզ, որպեսզի փորձենք չեզոքացնել վտանգը։

Իսկ եթե մուտքագրել եք գաղտնաբառը՝ փակեք կեղծ էջը, այցելեք իրական ֆեյսբուք կամ ինստագրամ և փորձեք փոխել ձեզ գաղտնաբառը, քանի որ հին գաղտնաբառն արդեն հանցագործների ձեռքում է։ Եթե դրա չի ստացվում և Ձեզ արդեն դուրս են բերել Ձեր իսկ օգտահաշվից՝ այցելեք https://facebook.com/hacked, https://instagram.com/hacked և օգտահաշիվը վերականգնելու գործընթաց սկսեք։

Իսկ առհասարակ՝ անպայման միացրեք երկփուլային վավերացման համակարգ (Two-Factor Authentication / 2FA), որը շատ դեպքերում կարող է փրկել հենց ֆիշինգային հարձակումներից։

Եվ վերջապես՝ սահմանափակում դրեք էջին կցված բանկային քարտին, որպեսզի, օրինակ, առցանց գովազդի համար օրական հնարավոր լինի այդ քսակից ծախսել չափավորված գումար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031