Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, որովհետեւ Պուտինը չկատարեց իր պարտականությունը, հիմա Ալիեւի ձեռքում է Ռուբեն Վարդանյանը». Հակապուտինյան ցույց՝ Երեւանում

Հունվար 22,2024 10:46

Տեղեկացրել ենք, որ երեկ «Путина в Гаагу», «Путинизм-Зло», «Нет войне» եւ այլ ցուցապաստառներով հակապուտինյան բողոքի ցույց էր կազմակերպվել Երեւանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:

Ցուցարարներից մեկն իր ելույթում ասաց, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, այդ ողբերգությունը, պատերազմը եղավ, որովհետեւ Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ Պուտինը չկատարեց իր պարտականությունը՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու. «Նա նաեւ չկատարեց իր պարտավորությունը, որ ՌԴ-ում խաղաղություն լինի ու հիմա մարդիկ, որոնք նաեւ ռուսական համայնքն էին ներկայացնում Ղարաբաղում, գտնվում են ալիեւյան ռեժիմի տակ: Քաղբանտարկյալների թիվը, ազատ մտածողների թիվը ամբողջ աշխարհում ավելանում է՝ այդ մարդու պատճառով: Հիմա Ալիեւի ձեռքում է գտնվում Ռուբեն Վարդանյանը, որն այնքան բարեգործություններ է արել Հայաստանի համար: Բայց մենք մոռանում ենք, որ նա նույնքան բարեգործություններ նաեւ Ռուսաստանի համար է արել ու այսօր նա չունի պաշտոնական ներկայացուցիչ, որը կպաշտպանի իր իրավունքներն ու ազատությունները: Պուտինը զրոյացրեց, չեղարկեց մեր ու ձեր շահերը պաշտպանելու հնարավորությունը:

Մե՛նք չենք սկսել այս պատերազմը: Այն սկսել է նոմենկլատուրան, որը զավթել է ՌԴ իշխանությունը, որը պատրաստ է զոհել ամեն ինչ, որ պահպանի տաք աթոռը պետդումայում: Չարժե այդ մեղքը ձեր վրա վերցնել, մեղավորը նրանք են: Հիմա հազարավոր մարդիկ փակվել են, որովհետեւ նրանք չեն ամաչել ասել ճիշտը: Այդ բոլոր մարդիկ իրենց ազատությունն են զոհել: Մենք բավականաչափ հակազդել ենք Պուտինին, դրա համար մեղքի զգացում մի ունեցեք:

Ազատ Ռուսաստանը արթուն է մեզանից ամեն մեկում, նրան պետք է պարզապես օգնել: Շատերը հավատացին Պուտինին, թե իբր նա հավաքում է ռուսական հողերը, բայց նա թքած ունի ռուսների վրա, նա թքած ունի ռուսների վրա Թուրքմենստանում, հիմա նա թքած ունի Ղրղզստանում, Ղազախստանում ռուսների վրա, ռուսներին պետք չի պաշտպանել տանկերով, ռուսներին պետք է պաշտպանել դիվանագիտությամբ, ոչ թե պատերազմով»:

Նա ասաց, որ հիմա Ռուբեն Վարդանյանը իրենց օգնության կարիքն ունի. «Օրերս եմ եղել Տաթեւում ու տեսել եմ «Տաթեւերը», որը ստեղծվել է իր աջակցության շնորհիվ, նա ՀՀ-ի ու ՌԴ-ի մեծ հայրենասերներից է: ՀՀ-ն ու ՌԴ-ն այսօր ընտրության առաջ են կանգնած՝ մնա՞լ անկախ ու ազատ պետություն»:

Նա նաեւ ելույթում ասաց. «Արցախում շատերը ռուսական անձնագրեր ունեին, Պուտինի համար բարդ չէր պաշտպանել Արցախը, բայց նա դավաճանեց Արցախին, ինչպես դավաճանեց Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին»:

Ցուցարարները շնորհակալություն էին հայտնում Հայաստանին՝ իրենց խոսելու հնարավորություն տալու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031