Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահության համար հանրապետականների պայքարը լքած թեկնածուները աջակցություն են հայտնում Դոնալդ Թրամփին

Հունվար 22,2024 10:33

Մեկ տարի հետո հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պետության գլխի լիազորությունները:

ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրության հանրապետական թեկնածուի ընտրության պայքարի հենց սկզբից կանխատեսվում էր, որ, ամենայն հավանականությամբ, հանրապետական թեկնածուն 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի: Վերջին օրերին, Դոնալդ Թրամփը քարոզարշավ է իրականացրել Նյու Հեմփշիր նահանգում, որը նշանավորվեց թեկնածությունից հրաժարված Վիվեկ Ռամասվամիի և Թիմ Սկոթի մասնակցությամբ և Թրամփին սատարում հայտնելով:

Թրամփի կողմից բեմահարթակ հրավիրվելով՝ արմատներով հնդիկ Վիվեկ Ռամասվամին, որը նախագահի թեկնածությունից հրաժարվեց այս շաբաթ կայացած Այովայի ներհանրապետական ընտրության արդյունքում ընդամենը 7.7% հավաքելուց հետո, հռչակել է՝ «Մեր երկիրը պատերազմի մեջ է: Սա սևերի և սպիտակների կամ հանրապետականների և դեմոկրատների միջև պայքար չէ, այլ այս երկիրը սիրողների և փոքրաթիվ ատողների միջև», – շեշտել է նա, ավելացրել՝ «Մեզ այժմ այնպիսի գերագույն գլխավոր հրամանատար է պետք, որն այս պատերազմը կավարտի հաղթանակով»:

Ռամասվամին ընդգծել է, որ պետք է զինված ուժերին գործի դնել և ամրապնդել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը՝ արգելափակելով անօրինական ներհոսքը երկիր:

Նա անդրադարձել է «խորքային պետությանը»՝ ընդգծելով, թե ԱՄՆ-ն այսօր «խորքային պետության» կողմից է կառավարվում»: Նրա ձևակերպմամբ՝ «Դոնալդ Թրամփը վերջ կտա «խորքային պետության» գործունեությանը»:

«Եթե մի այնպիսի օրակարգ եք ուզում, որի հիմքում կլինեն հենց Ամերիկան և ամերիկացիները, եթե մի առաջնորդ եք ուզում, որը կընդունի, որ իր բարոյական պարտքը պետք է կատարի այս երկրի քաղաքացիների հանդեպ, այլ ոչ այլ երկրների, լավագույն թեկնածուն Թրամփն է», – հայտարարել է Ռամասվամին:

 

«Ջախջախիչ հաղթանակ ենք տանելու: Կանգ չենք առնի, քանի դեռ գործն ավարտված չէ», – խոսքը հաստատակամությամբ եզրափակել է հանրապետականը:

Թեկնածությունից 2023-ի նոյեմբերին հրաժարված, Հարավային Կարոլինան ներկայացնող սենատոր Թիմ Սկոթը նույնպես Թրամփի հետ նույն բեմահարթակի վրա կանգնելու պատվին է արժանացել:

«Մեզ այնպիսի նախագահ է պետք, որը առանց հապաղելու կփակի մեր հարավային սահմանը», – ասել է Սկոթը՝ կրկին հնչեցնելով ամերիկյան բնակչության պահպանողական հատվածի անհանգստությունը անօրինական միգրացիայի ահագնացող թվերի առնչությամբ:

Եռանդուն և էնտուզիազմով համեմված ելույթում, Սկոթը նշել է, որ «մեզ այնպիսի նախագահ է պետք, որը հասկանում է, որ ամերիկացիները հոգնել են հոգնած լինելուց»:

 

«Մեզ այնպիսի նախագահ է պետք, որից հակառակորդները կվախենան և դաշնակիցները կհարգեն», – ասել է նա:

Ֆլորիդայի նահանգապետ, նախագահի հանրապետական երկրորդ հավանական թեկնածու Ռոն ԴեՍանտիսն (լուսանկարում) էլ թեկնածությունից հունվարի 21-ին է հրաժարվել և աջակցություն հայտնել Դոնալդ Թրամփին։

Նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության պայքարում մնացել է 2 թեկնածու՝ Թրամփը և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ, Թրամփի օրոք ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին:

Հանրապետական տոմսի հավանական ստացող և Այովայի ներհանրապետական ընտրության ձայների 51%-ին արժանացած Դոնալդ Թրամփը այժմ մեղադրվում է, ի թիվս այլ ենթադրյալ հանցագործությունների, 2020 թվականի նախագահական ընտրության արդյունքները կեղծել փորձելու համար: Նա մեղադրվում է նաև 2021-ի հունվարի 6-ին իր աջակիցներին Կապիտոլիումի վրա հարձակման դրդելու մեջ, ինչի պատճառով էլ Կոլորադո և Մեյն նահանգները հակասահմանադրական են որակել իր մասնակցությունը հանրապետական թեկնածուի ընտրության նահանգային քվեարկությանը:

Նախագահի ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվելու են նոյեմբերի 5-ին: Քաղաքագետները, լրագրողները, ինչպես նաև շարքային քաղաքացիները գրեթե կասկած չունեն, որ 2024-ի ընտրությունը 2020-ի Թրամփ-Բայդեն դիմակայության կրկնությունն է լինելու, բայց ավելի թեժ: Եթե Թրամփն ընտրվի Սպիտակ տան ղեկավար, նա կդառնա ամերիկացի երկրորդ նախագահը, որը ոչ անընդմեջ երկրորդ անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031