«Ազատություն». «Զանգեզուրի միջանցքը» և դրանում Ռուսաստանի դերը Ռուսաստանի հետդարձի ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս՝ տարածաշրջանի այս հատվածում իր ներկայությունը, լծակները պահպանելու համար, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի տարածաշրջանի ականավոր փորձագետներից Լորենս Բրոերսը։
Բրոերսի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Հրայր Թամրազյան․ Ի՞նչ կասեք Հայաստանի պաշտպանունակության հզորացմանն աջակցելու Միացյալ Նահանգների ցանկության մասին։ Ի՞նչ եք տեսնում այնտեղ: Դրա հետևում իրական բան կա՞: Ի՞նչ եք կարծում։
Լորենս Բրոերս․– Դե, ես ռազմական գծով վերլուծաբան չեմ։ Այո՛, Միացյալ Նահանգները երկարաժամկետ շահեր ունի այն առումով, որ ակնհայտորեն այդ երկիրը մշտապես եղել է Մինսկի խմբի համանախագահ: Տարածաշրջանում ժողովրդավարությունների հանդեպ հանձնառության հարց կա: Բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգների շահերը տարածաշրջանում երբեմն գերագնահատվում են: ԱՄՆ-ի առավել կենսական շահերը գտնվում են հարակից տարածաշրջաններում՝ Հարավային Կովկասից դուրս, և Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների համար կարևորվել է քաղաքականության այլ առաջնահերթությունների համատեքստում: Կարծում եմ, որ ինչ-որ առումով վերջին 30 տարիները բավականին անոմալ ժամանակաշրջան էին, երբ Արևմուտքը հետաքրքրված էր Հարավային Կովկասով: Ինչո՞ւ այդպես եղավ։ Սառը պատերազմի այդպիսի ավարտի, դրան անմիջապես հաջորդած ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի պատճառով էր: Դա կապված է ՆԱՏՕ-ի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ։ Բայց պարտադիր չէ, որ լինեն երկարաժամկետ կենսական շահեր: Այսպիսով, կարծում եմ, սա ցույց է տալիս, թե ինչու մենք տեսնում ենք, օրինակ, Ռուսաստանի նախագահի մեկնաբանությունը արտատարածաշրջանային ուժերի մասին, որոնք, ըստ նրա, տեղ չունեն Հարավային Կովկասում: Այսպիսով, կարծում եմ, հեշտ է չափազանցել հեռավոր արևմտյան տերությունների՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության աստիճանը: Ի վերջո, մեզ անհրաժեշտ են տարածաշրջանային կազմակերպություններ: Բայց ես կարծում եմ, որ որոշ հարթակներ, որոնք քննարկվել են, օրինակ՝ «3+3» հարթակը, չափից դուրս «վերևից ներքև» կառուցվածք ունեն և արմատավորված չեն «ներքևից վերև» ցանցային ռեգիոնալիզմի տրամաբանության մեջ, մի բան, որը, իմ կարծիքով, ի վերջո պետք է ապահովի տարածաշրջանի անվտանգությանը։
Կարդացեք նաև
«Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական բյուջեները ավելանում են, դա շատ մտահոգիչ է»
Հրայր Թամրազյան․ – Հայաստանը խորացնում է նաև պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ ձեռք բերելով սպառազինության բարդ համակարգեր, հրթիռային կայաններ և հակաօդային պաշտպանության միջոցներ։ Սակայն, Ադրբեջանն էլ իր հերթին միլիարդավոր դոլարներ է հատկացնում Իսրայելից ավելի առաջադեմ սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար։ Այս ֆոնին, ի՞նչ եք կարծում, Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության փոփոխությունները ներուժ ունե՞ն ազդելու և մեղմելու Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ներկայում նրա առջև ծառացած մարտահրավերները:
Լորենս Բրոերս․ – Կարծում եմ՝ Դուք իրավացի եք։ Ընդհանուր դինամիկան նման է երկու երկրների միջև սպառազինությունների մրցավազքի վերադարձին: Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական բյուջեները ավելանում են։ Այնպես որ, այս առումով ես կարծում եմ, որ դա շատ մտահոգիչ է, և մենք տեսնում ենք տարաձայնությունների շարունակական կլաստերներ առանցքային հարցերի շուրջ՝ լինի դա հարավային տարանցիկ ճանապարհը՝ «Զանգեզուրի միջանցքը», միկրո օկուպացիաները, որոնք տեղի են ունեցել սահմանի երկայնքով վերջին երկու տարիներին ընթացքում, էքսկլավների հարցը և այլն։ Այնպես որ, այդ առումով, այո՛, կարծում եմ, որ դեռ շատ մտահոգիչ իրավիճակ է։ Կարծում եմ, որ իրական մտահոգություններ կան այն մասին, թե արդյոք այսօր բանակցվող համաձայնագիրը կարող է իրականում արդյունավետորեն լուծել այս բոլոր խնդիրները, և արդյոք այդ համաձայնագրում կարող է ստեղծվել վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ: Իրականացման հարցում անխուսափելիորեն տարաձայնություններ կլինեն։ Ուստի անհրաժեշտ է, որ այդ վեճերը կարգավորելու մեխանիզմ լինի, որպեսզի մենք նորից չընկնենք էսկալացիաների և ավելի շատ սահմանային բռնությունների մեջ։
«ԵՄ–ն կարող է դառնալ փոփոխությունների շարժիչ ուժ»
Հրայր Թամրազյան․ – Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ ավերիչ ռազմական պարտությունից և ռազմական հզորության կորստից հետո, զուգորդված տարածաշրջանային շարունակվող վերադասավորումների հետ, Հայաստանը բախվում է անվտանգության ահռելի կարիքների՝ դիմակայելու իր հարևանների ռազմական սպառնալիքներին: Դուք հավատու՞մ եք, որ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները ի վիճակի՞ են էական ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում: Խոսքս միայն զենք ձեռք բերելու մասին չէ, ես խոսում եմ նաև մարտունակության մասին, օրինակ՝ ռազմական բարեփոխումների, ռազմական պատրաստության։ Եթե այո, ապա ի՞նչ կոնկրետ աջակցության ձևեր նրանք կարող են տրամադրել: Նկատի ունեմ, ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բարելավելու Հայաստանի բանակը, որը հիմնականում պատրաստված է հին խորհրդային ռազմական ոճի հիման վրա:
Լորենս Բրոերս․ – Դե, ես անվտանգության ոլորտում բարեփոխումների մասնագետ չեմ։ Այնպես որ, կարող եմ կրկին պատասխանել միայն ամենաընդհանուր ձևով: Ակնհայտ է, որ եղել են տարբեր ծրագրեր, ինչպիսիք են «Գործընկերություն հանուն խաղաղության» և նմանատիպ ուսուցման և փոխանակման ծրագրեր, բայց իմ կարծիքը՝ առնվազն Եվրամիության հետ կապված՝ այն է, որ պարտադիր չէ, որ այն շրջանակ լինի, որը հատկապես օգտակար է անվտանգության ոլորտի բարեփոխումների համար, որպես այդպիսին: Եվրամիությունն առաջարկում է այլ ոլորտային համագործակցության, պետականաշինության և կառավարման ոլորտում բարեփոխումներին ուղղված տարբեր տեսակի ծրագրեր: Ինչպես գիտեք, ԵՄ-ն հանդես է գալիս միջնորդական նախաձեռնությամբ, և պետք է անցնի շատ նուրբ գծով՝ անաչառ լինելու, չեզոք լինելու համբավը պահպանելու համար: Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ։ Սա մի օրինակ է, թե որքան նուրբ պետք է լինել հավասարակշռման այս գործողության մեջ: Բայց ես կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, Եվրամիությունը շատ բան ունի առաջարկելու տարբեր հարթություններում՝ կարողությունների զարգացման առումով: Հետաքրքիրն այն է նաև, որ այս առաջարկը քաղաքացիների շատ լայն շրջանակի է վերաբերում: Դա պարզապես վերնախավի համար առաջարկ չէ։ Կարծում եմ, որ այստեղ ԵՄ-ն տարբերվում է տարածաշրջանային տերությունների գործելակերպից, որտեղ գործարկների շուրջ համաձայնությունները ձեռք են բերվում «վերևից ներքև» տրամաբանությամբ ու հասարակ քաղաքացիների համար շատ առաջարկելու բան չի լինում: Այսպիսով, ես կարծում եմ, որ ԵՄ-ն կարող է դառնալ փոփոխությունների շարժիչ ուժ, բայց դա երկարաժամկետ և աստիճանական գործընթաց է:
Հրայր Թամրազյան․ – Այստեղ առաջանում է մյուս հարցը։ Մենք զգուշացումներ ենք լսում Բրյուսելից, Վաշինգտոնից՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարին՝ Հայաստան ներխուժելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» գրավելու փորձերի դեմ։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են արդյունավետ այս կոչերն ու զգուշացումները։
Լորենս Բրոերս․ – Կկարևորեի այն փաստը, որ 2020 թվականից ի վեր մենք տեսել ենք բազմաթիվ էսկալացիաներ, սահմանային միջադեպեր և այլն: Ես կպնդեի, որ մենք գտնվում ենք երկարաժամկետ էսկալացիայի հետագծի 10-րդ տարում։ Եթե հիշում եք, 2014 թվականի ամառն էր, երբ մենք առաջին անգամ տեսանք բավականին լայնածավալ փոխհրաձգություններ այն ժամանակվա շփման գծում։ Կարծում եմ, որ էսկալացիան մի ռազմավարություն է, մի ռազմական ռազմավարություն, որը Ադրբեջանում համարվում է հաջողված, արդարացված: Բայց ես կարծում եմ, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակումն առանձնանում է որպես մի տեսակ բացառություն, քանի որ դա իրականում հանգեցրեց այնպիսի արդյունքների, որոնցից Ադրբեջանը բավարարված չէր։ Շատ ավելի նկատելի էր դժգոհությունը առանցքային եվրոպական, հյուսիսամերիկյան պետությունների կողմից: Պայմանավորվածություն է եղել Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Եվ այսպես, կարծում եմ, այն, ինչ մենք տեսանք այնտեղ, այն է, որ երբ մի պետությունը հարձակվում է մյուսի վրա, միջազգային հանրությունից գալիս են տարբեր արձագանքներ, որոնք բոլորովին տարբերվում են այն դեպքերից, երբ պետությունը բռնություն է կիրառում սեփական բնակչության նկատմամբ: Այսպիսով, շատ էին շահարկումներն ու մտահոգությունները, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանը կարող էր ներխուժել Հայաստան: Եվ ես կարծում եմ, որ եթե կա մի բան, որ մենք սովորել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում, դա այն է, որ ամենավատ սցենարներին պետք է շատ լուրջ վերաբերվել: Բայց ես կհարցնեի, թե արդյոք դա իսկապես արժե: Արժե՞ արդյոք Ադրբեջանին ներքաշվել և խրվել այն բանի մեջ, որը կդիտվի որպես ներխուժում այլ պետություն: Դա Ադրբեջանին կնմանեցնի Ռուսաստանին, որը նույնն արեց Ուկրաինայի հետ: Ես դժվարանում եմ տեսնել ենթադրյալ օգուտներ նման ներխուժման պարագայում: Դա չի նշանակում, որ առաջիկա ամիսներին մենք չենք կարող տեսնել ավելի փոքրածավալ բռնություն կամ հարկադրանք: Շատ բան կախված է բանակցությունների ընթացքից։ Իսկ հարկադրական դիվանագիտությունը լայնորեն կիրառվել է, իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում։ Այնպես որ, այո, միջազգային պետական համակարգի ամբողջությունը հիմնված է սահմանների սրբության գաղափարի վրա։ Եվ այսպես, կարծում եմ, որ Ադրբեջանի ցանկացած անդրսահմանային գործողություն հակազդեցության կարժանանա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: