Լրահոս
Օրվա լրահոսը

«2020 թվականից Վահագն Աբգարյանը կալանքի տակ է առանց դատարանի որոշման»

Հունվար 22,2024 13:00

Ասում է նրա պաշտպան Աննա Ծառուկյանը

Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագնի» գործով տեւական ժամանակ է, ինչ նրա պաշտպանը՝ փաստաբան Աննա Ծառուկյանը (լուսանկարում) հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանապետին, Քննչական կոմիտե, կառավարություն…«Հանցագործության մասին հաղորդումները մերժելու հիմքում դնում են այս պատասխանը՝ չեք պահպանել հաղորդում տալու կարգը»,-ասում է պաշտպանը:

Պաշտպանն «Առավոտին» հայտնում է, որ 2020 թվականից Վ. Աբգարյանը կալանքի տակ է առանց դատարանի որոշման: Այս պահին հանրապետության դատախազությունից առկա է մերժում, վարույթ չհարուցելու հիմքով պաշտպանը բողոքել է առաջին ատյանի դատարան:

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում, այն է՝ գրավոր ցուցում պետք է ուղարկեր քրեակատարողական հիմնարկ: Ըստ պաշտպանի՝ «ՔԿՀ-ում ասում են՝ պետք է լիներ գրավոր ակտը: Սակայն փաստացի, դատախազն է ցուցում տվել, Արթուր Դավթյանի օրոք, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից»: Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը՝ Լաերտ Գրիգորյանը, ի պատասխան «Վալես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի 2020 թվականի հուլիսի 7-ի գրավոր հարցման՝   պատասխանել էր. «Վահագն Աբգարյանին «Վանաձոր» ՔԿՀ ընդունելու եւ հիմնարկում պահելու հիմք է հանդիսանում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի մայիսի 21-ի որոշումը, համաձայն որի՝ վերջինիս վերաբերյալ ՀՀ Լոռու մարզրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020 թվականի ապրիլի 3-ի՝ այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին որոշումը բեկանվել է եւ նրան կալանքից գրավով ազատվելը ճանաչվել է անթույլատրելի»:

Այս վերաքննիչ դատարանի որոշումը իր մեջ չի պարունակում կալանավորում եւ դրա մասին հենց դատավոր Արմեն Բեկթաշյանը հստակ հայտարարել է, քանի որ որոշման հրապարակման օրը, երբ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանությունից եկել էին ոստիկաններ, նրանց դատավորը հստակ ասել է՝ «գնացեք, ես կալանավորման որոշում չեմ կայացրել»: Վ. Աբգարյանը 2018 թվականի հունվարի 18-ին կալանավորվել է եւ 2020 թվականի ապրիլի 01-ին թիվ ԼԴ1/0027/01/18 որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել էր դատավոր Ս. Գզոգյանի կողմից գրավ. «Ամբաստանյալ Վահագն Աբգարյանի պաշտպան Ի. Պետրոսյանի միջնորդությունն ամբաստանյալ Վ. Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բավարարել: Ամբաստանյալ Վ. Աբգարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով` գրավով փոխարինելը ճանաչել թույլատրելի` գրավի չափը սահմանելով 15.000.000 ՀՀ դրամ գումարը»: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այլընտրանքային գրավի անթույլատրելիությունը հաստատելով չի արձանագրել, որ կիրառում է կալանավորում, այլ նշել է միայն. «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Տ. Ենոքյանի եւ տուժողի իրավահաջորդ Հռիփսիմե Քոչինյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ապրիլի 01-ի որոշումը բեկանել: Թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործով ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի»:

Ըստ պաշտպանական կողմի, Վերաքննիչ քրեական դատարանը քննությունը իրականացրել է հին կարգավորումներով, քանի որ վիճարկվող դատական ակտը կայացվել է մինչեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 2020 թվականի ապրիլի 14-ին ընդունված ՀՕ-196-Ն օրենքի գործողությունը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 24-ից, հետեւաբար՝ առաջին ատյանի դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 01-ին կայացված որոշումը դատական ստուգման էր ենթարկվել մինչ այդ գործող, տվյալ իրավահարաբերությունները կարգավորող վերոգրյալ քրեադատավարական նորմերի եւ դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում:

Մեղադրյալ Վ. Աբգարյանն իր կարճ ազատության դրվագը ներկայացրել էր այսպես. «40 օր դրսում գտնվելուց հետո՝ սրճարանում, երբ պետք է հանդիպեի պաշտպաններիս եւ իրավապաշտպանի հետ, նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանը հանկարծ տեսնելով ինձ՝ հարցնում է՝ ո՞վ է Վահագն Աբգարյանը եւ երբ ներկայանում եմ, ձայնը գցելով գլուխը գոռում է՝ «սպեցնազ, սպեցնազ»՝ նախապես այնտեղ կուտակելով ուժային կառույցի ներկայացուցիչներին: Տվյալ պահին ինձ ձերբակալում են՝ ասելով, որ դուք ձերբակալված եք զենք պահելու կասկածանքով եւ հետո, երբ հասնում ենք Երեւան քաղաքի վարչություն, ինձ ասում են, որ իմ վերաբերյալ նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանը ցուցում է տվել, թե իբրեւ ես խուսափում եմ դատական նիստերից: Ուզում եմ նշել, որ այդ ժամանակ վերջինս դատարանում մեղադրանքը պաշտանող դատախազ չի հանդիսացել, հետեւաբար, նրա անձնական շահագրգռվածությունը հասկանալի չէր եւ անհրաժեշտ է պարզել»: Ըստ հետաքննիչի, զանգում են դատարան եւ հենց դատարանից տեղեկանում, որ որեւէ խնդիր առկա չէ Աբգարյանի հետ. «դատարանը՝ կապի մեջ է ու չկա դատական նիստերից խուսափելու որեւէ փաստ»:

Գործի նյութերում առաջին ատյանի դատարանի կողմից չի կայացվել բերման ենթարկելու որոշում կամ հետախուզման վերաբերյալ որոշում, կամ՝ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից գրություն, Աբգարյանին բերման ենթարկելու կամ կալանավորելու վերաբերյալ՝ գոյություն չունի: Պաշտպանական կողմը ուշադրություն է հրավիրում հետեւյալի վրա, հղում կատարելով ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասին. «Դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաեւ վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը»:

Տվյալ պահին, 2024 թվականի հունվար ամսվա դրությամբ փաստացի նման փաստաթուղթ առկա չէ, ավելին՝ 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության գրությամբ ոչ թե դատարաններից է ստացվել կարգադրություն, այլ՝ դատախազությունից: Այսինքն, դատախազը իրեն դնում է դատարանի տեղում, անցնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները եւ փաստացի, այս անիրավությունը շարունակվում է:

Աննա Ծառուկյանը պահանջում է նախաձեռնել վարույթ, հաղորդմանը տալ համապատասխան քրեաիրավական գնահատական: Մի բողոք էլ կա Հակակոռուպցիոն դատարանում՝ նույն հիմքով, պաշտպանը հարցնում է. «սա ինչ է, կալա՞նք, կալանք էլ չի», նաեւ ասում, որ Հայաստանում ներպետական ընթացակարգերը սպառելուց հետո կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշեմ, որ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու կասկածանքով: 2018 թվականի հունվարի 20-ին նախաքննական մարմնի որոշմամբ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 223-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: 2018 թվականի հունվարի 20-ին Վահագն Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահագն Աբգարյանի նկատմամբ 2018 թվականի մայիսի 8-ին նախաքննական մարմնի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցվել էր եւ քրեական գործի մասը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննական մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար Վահագն Աբգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: 2018 թվականի մայիսի 10-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել Վահագն Աբգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասին, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտ, ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի երկու ատրճանակ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտների հետ միասին տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ, կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին խոշոր չափերով «կաշառք»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. -Այս գործով տարօրինակ արդարադատություն է իրականացվում: Հիշենք դատավորներին անուն առ անուն: 2023թ. մարտի 24-ին մարտի 20-ի ԲԴԽ-35-Ո-117 որոշմամբ դատավոր Լ. Ալավերդյանը նշանակվեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր: Քրեական գործը մակագրվեց դատավոր Արմեն Պողոսյանին, ով սույն քրեական գործով դատարանում պաշտպանել էր մեղադրանքը, երբ դատախազ էր: Դատավճիռ կայացրած դատավոր Ս. Գզոգյանը 2020 թվականի օգոստոսի 19-ին ինքնաբացարկ հայտնեց, նրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին դատավոր Ս. Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնեց, 2020 թվականի սեպտեմբերի 8-ին քրեական գործն ընդունվեց դատավոր Ա. Սիմոնյանի վարույթ, գործի քննությունը վերսկսվեց: 2021 թվականի ապրիլի 13-ին քրեական գործն ընդունել է դատավոր Լ. Ալավերդյանը …

«Առավոտ» օրաթերթ
20.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031