Սկիզբը՝ այստեղ:
18. Կոմիտասի անվան լարային քառյակի եւ Յաշա Պապյանի 100-ամյա հոբելյանը
Զգալով, որ սոցցանցերում Թվիթերի իմ նույն նյութի տակ արձագանքները շուրջ 10 անգամ գերազանցում են Ֆեյսբուքին, բացի այդ, Թվիթերում մեծամասամբ արձագանքում են անծանոց լրագրողներ, արվեստագետներ, քաղաքական, տնտեսական ու մշակույթի գործիչներ, որոնք գնահատելիս ավելի անաչառ են, կարեւոր համարեցի թվիթերյան կարճ գրառումները: Այստեղ փորձարկեցի քաղաքական հումորը ողբերգական թեմաներում: Օգտվելով Թվիթերի տեր Իլոն Մասքի մի գրառումից, որտեղ ամենահարուստ մարդը հայտնում է, որ իր գերեզմանը փորելով կարող է դուրս գալ Երկիր մոլորակի մյուս կողմից, ես գրեցի, որ իրոք Արցախի Ջրաբերդում հանդիպել եմ քարանձավում հայտնված մարդուն… Այդ թեման զարգացրի, սակայն Ի. Մ.-ն դժգոհեց ու նեղվեց, թե իրեն ծաղրի են ենթարկում, ես այլեւս չշարունակեցի՝ խղճալով նրան։ Սակայն իմ գրառումների հիմնական թեման Արցախն է, նրա ճակատագիրը: Այս գրառումները կոնկրետ քաղաքական հարցեր չեն լուծում, սակայն կարեւոր են հասարակական կարծիք ստեղծելու գործում: Ի վերջո, հասարակական կարծիքը արհամարհելը ողբերգական իրավիճակ է ստեղծում ցանկացած երկրի համար: Ասպարեզը թողնելով Բաքվի ու Անկարայի քարոզչությանը, այսօր ամենուր մերժվում է մեր ճշմարտությունն ու արդարությունը: Այս իրավիճակում թվիթերյան իմ գրառման տակ տեսնելով ութ հազար այցելուների առկայությունը, ես սա հաջողություն եմ համարում: Իհարկե, թե նման նյութերով հանդես գային միլիոնավոր երկրպագուներ ունեցող մշակույթի հայ գործիչները, ապա մենք զգալի առավելության կհասնենք թուրքական ագրեսիվ քարոզչության նկատմամբ: Դեպի Արցախ փողոցը քայլելիս հիշեցի այն գրողին, որը իր շարունակական անհաջողությունները հաղթահարելու միջոց է գտել 13-րդ քայլը շրջանցելը, չգիտակցելով, որ 13-րդ քայլի թռիչքով նա ընդգծում է հենց այդ քայլը, ու մութ ուժերը, որոնք ուշի ուշով հետեւում են նրա քայլերին, հենց այդ թռիչքի պահին մի նոր արգելանք են հորինում: Նրան օգնելու համար այդ մասին ես հոդված գրեցի «Գրական թերթում»: Սակայն ինձ հայտնեցին, որ նա չի հասցրել կարդալ իմ հոդվածը…
Այս մտքերով ես քայլեցի դեպի Արցախ փողոցը: Հենց ոտքս կպնում է այս փողոցին, ինձ կրկին ուժեղ եւ անհաղթ եմ զգում, մոռանում 13-րդ քայլի մասին: Ինձ թվում է, որ ամեն օր ժամը երեքին փողոցի կապույտ հովարի տակ հավաքվող հայերն էլ նույնիսկ չգիտակցելով ուժ ու եռանդով են լցվում:
Կարդացեք նաև
Արցախ փողոցի կապույտ հովարի տակ ամեն օր հայերի մի խումբ է հավաքվում, ամենատարբեր թեմաներով կարծիքներ, նորություններ փոխանակում: Մեկը, որի դեմքը Երեւանից ծանոթ էր թվում, երեւի ինձ նկատի ունենալով կտրուկ հայտարարեց.
-Սա քաղաքական հարցեր քննարկելու վայր չէ: Խոսեք ինչից ուզում եք, սակայն Արցախ, Հայաստան, Թուրքիա բառերը չեմ ուզում լսել:
Ինքս ինձ ժամանակավոր հյուր համարելով՝ խուսափեցի հանդիմանել նրան: Վաղեմի ընկերս՝ Կամո Մկրտչյանը, քիչ ուշացումով եկավ: Սակայն ոչինչ չասացի, բավարարվելով նախորդ օրը «Alfa news» օնլայն պորտալով Արթուր Սահակյանի հետ հարցազրույցով: Կամոն ասաց, որ Ռուսաստանն ու ետխորհրդային տարածքի երկրներում խուսափում են ժամավճարային օրենսդրություն սահմանելուց, որն իրականում տնտեսական զարգացման լուրջ խթան է հանդիսանում:
-Եթե ԱՄՆ-ի սահմանված նվազագույն 13 դոլար ժամավճարի փոխարեն գոնե 7 դոլար սահմանվի, -ասաց գեղանկարիչ Կամո Մկրտչյանը, -երկիրը կզարգանա: Սակայն այդ երկրների իշխանություններն այդպես ձգտում են մարդկանց ճորտատիրական պայմաններում պահել:
Ես դիմեցի կապույտ հովարի մշտական այցելուներից 1976-1991 թթ. Կոմիտասի անվան լարային կվարտետի ալտահար, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Յաշա Պապյանին՝ հարեւան հովարի մոտ առանձնանանք եւ զրուցենք:
-Երեւանյան «Առավոտ» թերթի համար ռեպորտաժային նյութերի շարք եմ գրում, կցանկանայի ձեր մասին էլ գրել:
-Մեծագույն սիրով, -ասաց երաժիշտը:
-Գիտեմ, որ խուսափում եք հիշել 1954 թ. անախորժ դեպքը, երբ ձեզ հեռացրին Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցից որպես մասնագիտական անհուսալի աշակերտի, -ասացի ես:
-Այո, երաժշտական ունակություններն այստեղ կապ չունեն, կարեւորը, որ հորեղբայրս՝ 1937-1954 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Մացակ Պապյանը ժամանակին մերժել էր ուսումնարանի տնօրենի բնակարան հատկացնելու դիմումը: Սակայն ես կարողացա հաղթահարել արգելքները: Հետագայում նրանք եկան իմ համերգին, ու ես չհիշեցրի իրենց չար արարքը իմ նկատմամբ: Հետագայում ինձ օգնեցին կոմպոզիտոր Մարտին Մազմանյանը, ՆԳ բաժնի վարիչ Վլադիմիր Սեւյանը եւ հորեղբորս փեսան՝ Լյուգսեն Ազարյանը, որոնք ճակատագրական պահին կյանքի ճանապարհ են բացել իր առաջ: Սովորել եմ Երեւանի կոնսերվատորիայում, ուսումս շարունակել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում, այստեղ համառուսաստանյան մրցույթում շահել առաջին մրցանակը: Ինձ համար մեծ պատիվ էր, երբ 1976 թ. որպես ալտահար հրավիրեցին Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, որտեղ նվագեցի 15 տարի:
-Մրցանակներ շատ եք ստացել, ո՞րն է դրանց մեջ ամենաթանկագինը:
-Իհարկե, Հայաստանի Պետական մրցանակը, որին արժանացա լարային քառյակի անդամների հետ 1984 թ. ու 2020 թ. ինձ շնորհած «Երախտագիտություն» մեդալը: Երկար տարիներ դասավանդել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Կվարտետի նոր սերնդափոխությունից հետո շարունակեցի համերգներն ու դասախոսական աշխատանքը: Ընտանիքով ԱՄՆ գալով, ես երաժշտությամբ ապրել շարունակելու հնարավորություններ եմ ունեցել: Կոմիտասի լարային քառյակի համար իրականացրի դասական կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» բալետային եւ «Մասկարադ» սյուիտի 17 պիեսների պարտիտուրան եւ քառյակային ձայների փոխադրումը ջութակի, ալտի եւ թավջութակի համար: Տարբեր երկրներից համերգների առաջարկություններ էի ստանում ու շարունակում ելույթներս: Եկող տարի նշելու ենք Կոմիտասի անվան լարային պետական քառյակի 100-ամյա հոբելյանը: Աշխարհում միակ լարային կվարտետն է, որը գոյատեւում է հարյուր տարի ու որի առաջին ջութակահարներն են եղել երկու աշխարհահռչակ երաժիշտներ Ավետ Գաբրիելյանն ու Էդվարդ Թադեւոսյանը:
-Ինչպես եւ ձեր 100-ամյա հոբելյանը, -ասացի ես:
-Իմ 85-ամյակը…-ճշտեց ալտահարը:
-Ոչ, դուք հաշվի չեք առել քառյակի կազմում 15 տարի ալտ նվագելու տարիները:
-Բայց դրանք 85-ի մեջ են:
-Իսկ ես առանձնացնում եմ եւ գումարում ձեր ապրած 85 տարիներին:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել
«Առավոտ» օրաթերթ
20.01.2024