Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնք են փորկապության առաջացման պատճառներն ու ինչպես թեթևացնել խնդիրը

Հունվար 22,2024 09:30

Փորկապության առաջացման պատճառները տարբեր են՝ սննդում բջջանյութի անբավարարությունից մինչև հաստ կամ բարակ աղիքի խցանում։ Այս հոդվածում դիտարկում ենք փորկապության հիմնական պատճառները, ախտանշաններն ու այն մեթոդները, որոնք տնային պայմաններում կարող են թեթևացնել խնդիրը։

Փորկապության հիմնական ախտանշաններն են՝

  • շաբաթական 3-ից պակաս կղազատման ակտը,
  • կղազատման հետ կապված դժվարություններն ու լարվածությունը,
  • գնդիկավոր, չոր կամ կարծրացած կղանքը,
  • կղանքի՝ սովորականից քիչ քանակությունը,
  • որովայնի ցավերն ու կծկումները,
  • փքվածության զգացումը,
  • սրտխառնոցը,
  • ախորժակի կորուստը և այլն։

Փորկապության առաջացման պատճառները բազմաթիվ են՝

Սննդակարգում բջջանյութի անբավարարությունը

Սննդային մանրաթելերի պակասը կարող է հանգեցնել փորկապության։ Հայտնի է, որ բջջանյութը կամ սննդային մանրաթելերը նպաստում են մարսողությանը, կանոնավոր կղազատմանը, հատկապես երբ մարդը զուգահեռ բավարար քանակությամբ հեղուկ է օգտագործում։

Բջջանյութով հարուստ մթերքներ են համարվում մրգերը, բանջարեղենը, ամբողջահատիկավորները, ընկուզեղենը, ոսպը,  սիսեռը, լոբազգիները և այլն։

Ֆիզիկական պասիվությունը

Ֆիզիկական ակտիվության պակասը, նստակյաց կյանքը նույնպես կարող են նպաստել փորկապության առաջացմանը։

Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝

  • Հակացնցումային դեղերը,
  • ալյումինի, կալցիումի աղեր պարունակող անտացիդները,
  • սպազմոլիտիկ միջոցները,
  • միզամուղները,
  • կալցիումական անցուղիների պաշարիչները,
  • թմրամիջոցները և այլն։

Բժշկական վիճակներ

Որոշ հիվանդություններ ու վիճակներ կարող են առաջացնել կամ մեծացնել փորկապության վտանգը, օրինակ՝

Այսպիսի դեպքերում հիմնական խնդրի լուծումը կարող է թեթևացնել փորկապության ախտանշանները։

Այլ հնարավոր պատճառներ են համարվում՝ 

  • ջրի ոչ բավարար քանակով օգտագործումը,
  • տարիքային փոփոխությունները,
  • լուծողական միջոցների չարաշահումը,
  • նյարդամկանային խնդիրները։

Ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել փորկապությունը

  • թութք,
  • հետանցքից աղիների արտանկում,
  • հետանցքի ճաք,
  • արյունահոսություն,
  • կղանքային կանգ։

Փորկապությունը նորածինների ու երեխաների շրջանում

Եթե նորածին երեխայի մոտ չի լինում կղազատում ծնվելուց հետո առաջին 48 ժամվա ընթացքում, ապա հնարավոր է նա ունի Հիրշպրունգի հիվանդություն, որի դեպքում  աղիների որոշ մասերից բացակայում են նյարդերը, և կղանքը չի կարողանում առաջ շարժվել աղիների ախտահարված հատվածներով, ինչն էլ բերում է կղանքի կուտակումների։

Հիվանդությունը հիմնականում բուժվում է վիրահատությամբ, որի ժամանակ հեռացնում են աղիների ախտահարված հատվածները։

Փոքր երեխաների մոտ փորկապություն կարող է նկատվել՝

  • կրծքով կերակրումը դադարեցնելու ժամանակ,
  • գիշերանոթից օգտվել սովորեցնելու ընթացքում,
  • սթրեսային իրավիճակներում, օրինակ՝ դպրոց գնալուց առաջ։

Փորկապությունը հղիության ժամանակ

Կան տվյալներ, որ կանանց մոտ 40 %-ը հղիության ընթացքում ունենում է փորկապություն․ այդ խնդիրը հատկապես նկատելի է հղիության վերջին եռամսյակում։

Դա կարող է պայմանավորված լինել հորմոնալ փոփոխություններով, ֆիզիկական փոփոխություններով, օրինակ՝ երբ արգանդը ճնշում է գործադրում աղիների վրա, դիետիկ փոփոխություններով և ֆիզիկական ակտիվության նվազմամբ։

Բժշկական ո՞ր միջամտություններն են օգնում փորկապության դեպքում

Փորկապության խնդիրը շատ դեպքերում կարող է լուծվել առանց որևէ լուրջ բժշկական միջամտության կամ դեղորայքի։ Ըստ անհրաժեշտության նշանակվում է լուծողական դեղորայք, որը կարող է լուծել խնդիրը կարճաժամկետ հեռանկարում։ Լուծողական միջոցները ցանկալի է ընդունել շաբաթը մեկ անգամից ոչ ավելի, իսկ եթե ավելի հաճախ օգտագործման կարիք է լինում, ապա ճիշտ կլինի բուժել փորկապություն առաջացնող հիմնական հիվանդությունը։

Առանց դեղատոմսի վաճառվող լուծողականները լինում են մի քանի տեսակների՝

  • բջջանյութ պարունակող հավելումներ,
  • կղանքը թուլացնող միջոցներ,
  • խթանիչներ,
  • օսմոտիկ լուծողականներ,
  • քսանյութեր
  • հոգնաներ և մոմիկներ։

Եթե փորկապությունը չի անցնում սննդակարգի, ապրելակերպի փոփոխությունների, լուծողականների  միջոցով, ապա բժշկի ցուցումով կարող են իրականացվել որովայնի խոռոչի պատկերային հետազոտություններ, կոլոնոսկոպիա՝ պարզելու համար փորկապության առաջացման պատճառները։ Հետագա բուժումը կամ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը որոշվում է խնդրի ախտորոշումից հետո։

Ինչպե՞ս թեթևացնել խնդիրը տնային պայմաններում

Որոշ բնական միջոցներ կարող են օգնել այս հարցում։ Նախ պետք է սկսել սննդակարգից։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել մոտ 22-34 գրամ բջջանյութ կամ սննդային մանրաթելեր, որոնք ընդհանուր առմամբ լինում են երկու տեսակի՝ լուծվող ու չլուծվող։

Չլուծվող մանրաթելերը պարունակվում են ցորենի թեփի, ամբողջահատիկների, բանջարեղենի կազմում, մեծացնում են կղանքի ծավալն ու օգնում, որ այն ավելի արագ ու թեթև անցնի մարսողական համակարգով։

Վարսակի թեփի, գարու, ընդեղենի, սերմերի, լոբու, ոսպի ու ոլոռի, որոշ մրգերի ու բանջարեղենի կազմում առկա լուծվող մանրաթելերը ներծծում են ջուրն ու դոնդողանման զանգված ձևավորում, որը փափկեցնում է կղանքը։

Չֆերմենտացված սննդային մանրաթելերը, ինչպիսին փսիլիումն է, փորկապության բուժման լավագույն տարբերակն են։

Քրոնիկ փորկապության կանխարգելմանը նպաստում են նաև պրոբիոտիկներով հարուստ մթերքները։ Պրոբիոտիկները օգտակար կենդանի բակտերիաներ են, որոնք ապրում են աղիներում։ Այդպիսի բակտերիաներ են բիֆիդոբակտերիաներն ու լակտոբակտերիաները։ Դրանք լավացնում են մարսողական գործընթացները՝ արտադրելով կարճ շղթայական ճարպաթթուներ, բարելավում են աղիների գալարակծկանքը՝ հեշտացնելով կղազատումը։ Պրոբիոտիկ մթերքներ են համարվում յոգուրտը, թթվացրած կաղամբը, կիմչին։

Քրոնիկ փորկապության դեմ պայքարի միջոցներից մեկն էլ օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործելն է։

ֆիզիկական ակտիվություն պահպանելն ու մարմնամարզությունը ևս խթանում են աղիների աշխատանքը։

Եվս մեկ կարևոր պայման է ամեն օր նույն ժամին աղիները դատարկելու սովորություն մշակելը, ասենք՝ առավոտյան, կամ ճաշից հետո՝ խուսափելով շտապողականությունից և պետքարանից օգտվելու համար բավարար ժամանակ տրամադրելով։

Փորկապության կանխարգելմանը նպաստող գործոն է ցանկությունը չանտեսելն ու ժամանակին կարիքը հոգալը։

Երբ դիմել բժշկին

Խորհուրդ է տրվում դիմել բժշկին, եթե փորկապությունը սկսում է մշտական բնույթ կրել, ինչպես նաև առաջանում են հետևյալ ախտանշանները՝

  • արյուն կղանքում կամ արյունահոսություն աղիներից,
  • որովայնի մշտական ցավեր,
  • փսխում,
  • գազերից ազատվելու հետ կապված դժվարություններ,
  • բարձր ջերմություն,
  • գոտկատեղի ցավ,
  • քաշի անբացատրելի կորուստ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է, չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031