Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան․ «Հավաքականը շուտ կազմավորելն ավելի ճիշտ է, քանի որ աշխատանքի գրաֆիկն ես ճիշտ կազմում եւ ժամանակն էլ ավելի արդյունավետ ես տնօրինում»

Հունվար 21,2024 23:38

Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց արդյունքներով կազմավորվելու են հավաքական թիմերը։

Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Հայաստանի ֆեդերացիան իր ծրագրերը կազմելիս հաշվի է առնում տվյալ տարվա այն ժամանակահատվածները, որտեղ կան պաշտոնական մրցումներ՝ աշխարհի, Եվրոպայի  առաջնություններ, միջազգային խոշոր մրցաշարեր։ Դրանց հիման վրա է ֆեդերացիան կազմում իր ժամանակացույցը, գործունեության գրաֆիկը։

Այս տարի ստացվել է այնպես, որ մեծահասակների ու երիտասարդների առաջնությունները միաժամանակ կազմակերպելը ավելի նպատակահարմար ու ճիշտ է համարվել։ Ես՝ որպես երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միանգամայն ողջունում եմ մեր առաջնությունն էլ շուտ անցկացնելու որոշումը։ Հավաքականը շուտ կազմավորելն ավելի ճիշտ է, քանի որ ուսումնամարզական հավաքների գրաֆիկն ես ավելի ճիշտ կազմում եւ ժամանակն էլ ավելի արդյունավետ ես տնօրինում։ Առաջնությունները միաժամանակ անցկացնելը օգտակար է երիտասարդ բռնցքամարտիկների համար, որոնք անմիջապես դահլիճում հետեւելով իրենց ավագ եւ փորձառու ընկերների մենամարտերին՝ շատ բան կարող են յուրացնել»։

Վազգեն Բադալյանը տեղեկացրեց, որ երիտասարդների առաջնության հայտավորվել է 141 տղա եւ 6 աղջիկ։ «Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է որակական մասը եւ ոչ թե քանակը։ Ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը մենամարտերը կտան։ Լավ տղաներ կան, որոնք պատանեկանից անցել են երիտասարդների տարիքային խումբ։ Նրանց մի մասը իրեն լավ է դրսեւորել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Բայց հավաքական ընդգրկվելու դեպքում տարեվերջին միանգամից հանդես գալ աշխարհի առաջնությունում նրանց բարդ կլինի, որովհետեւ այստեղ հարվածներն այլ են։ Նրանք դեռ պետք է կայունանան թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ Ես իմ աշխատանքի կարեւոր մասը համարում եմ լավ պաշտպանվել սովորելը՝ որքան էլ լավ հարձակվող լինես։ Որովհետեւ մրցակիցն էլ կարող է ոչ պակաս լավ հարվածներ ունենա։  Լավ պաշտպանությունը խիստ կարեւոր է բարձր քաշային կարգերում,որովհետեւ այնտեղ մեկ հարվածը կարող է  վճռորոշ լինել»,-ասաց փորձառու մարզիչը։

Մեր հարցին, թե 20224 թվականին ինչ կարեւոր մեկնարկներ կան, պարոն Բադալյանը Հայաստանի առաջնությունից բացի նշեց, որ ապրիլին Եվրոպայի առաջնությունը Խորվաթիայում եւ նույն վայրում աշխարհի առաջնությունը՝ նոյեմբեր ամսին։ «Բայց նաեւ այլ մրցաշարերի ենք մասնակցելու։ Հավաքականը կազմավորելուց եւ հավաք անցկացնելուց հետո նպատակ կա  փետրվարին միջազգային մրցաշարի մասնակցել Ռումինիայում։ Իսկ թե ինչ կազմով, կախված կլինի նրանից, թե ինչ հումք կհավաքվի երեւանյան ռինգում։։ Նաեւ կարծում եմ, որ Եվրոպայից հետո, մինչեւ աշխարհի առաջնությունը, եւս մի քանի մրցաշարի կմասնակցենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031