Այսօր «Путина в Гаагу», «Путинизм-Зло», «Нет войне» եւ այլ ցուցապաստառներով հակապուտինյան բողոքի ցույց էր կազմակերպվել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Այն Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ էր, որը տրվել էր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու աջակից, ՌԴ քաղաքացի Ռիչարդ-Ռոման Քինգին:
Ինչպես ցուցարարներն ասացին, այս ցույցն ի աջակցություն քաղբանտարկյալների է:
Կարդացեք նաև
Դանիլ Չեբիկինը նշեց, որ ցույցով ուզում են ասել, որ Պուտինը Ռուսաստանը չէ ու իրենք հաշտ չեն պատերազմի հետ:
Ռուսաստանը պետք է լինի առանց Պուտինի:
Նրանց խոսքով՝ Պուտինը տանել չի կարողանում այլընտրանքային կարծիքը, Պուտինին պետք է ուղարկել Հաագա՝ որպես մյուս քաղբանտարկյալներին սոլիդարության նշան:
Ցուցարարները բղավում ու վանկարկում էին՝ «Ազատություն Ռուսաստանին»:
Ցուցարարներից մեկն իր ելույթում ասաց. «Նավալնին 3 տարի առաջ եկավ, իր թունավորումից հետո չվախեցավ, արեց գերմարդկային հերոսություն, եկավ ու շարունակեց պայքարել: Այս ակցիայով ուզում ենք ասել, որ այս մարդկանց միավորում են հակապատերազմական հայացքները: Մենք այստեղ տեսնում ենք ցուցանակներ՝ ոչ պատերազմին, ուկրաինական դրոշներ, դա հրաշալի է, որովհետեւ դա է մեր պայքարը, դա այն է, ինչի մասին մեզ ասում էր Ալեքսեյը, դա պայքար է՝ պուտինյան ռեժիմի դեմ, այդ դաժան պատերազմի դեմ՝ հանուն մեր երկրների ազատության: Շատ կարեւոր է հավաքվել ու պայքարել: Ազատություն բոլոր բանտարկյալներին եւ ո՛չ պատերազմին»:
Մեկ այլ ցուցարարի խոսքով՝ «Բացարձակ իշխանությունը բերում է բացարձակ բռնապետության, բացարձակ իշխանությունը մեծ գայթակղություն է, որը, չգիտես ինչու, արգելված երեւույթների ցուցակում չէ»:
Նա ասաց, որ պետք է ձգտեն ազատության ու անտարբեր չլինեն այն մարդկանց նկատմամբ, որոնք քաղաքական մեղադրանքներով գտնվում են բանտերում, օրինակ, Նավալնին, Իլյա Յաշինը, Վլադիմիր Կարա-Մուրզան, ժամանակին՝ Բորիս Կագարլիցկին, որին բաց թողեցին:
Ցուցարարները, մեկը մյուսի հետեւից սկսեցին ներկայացնել ռուսական կայսրության տարբեր առաջնորդների, սխալների մասին, հիշատակեցին անգամ Լենինին:
Ինչպես հայտնի է, 2024 թվականի մարտի 17-ին նշանակվել են ՌԴ նախագահական ընտրությունները: «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրված է Բորիս Նադեժդինը, որն արդեն մոտ 9000 ստորագրություն է հավաքել՝ ի պաշտպանություն իրեն։ Այսօր ցուցարարները եւս հորդորում էին մասնակցել ստորագրահավաքին՝ ի աջակցություն Նադեժդինի եւ հանուն Ռուսաստանի՝ առանց Պուտինի:
Նրանք կոչ էին անում քվեարկել ցանկացածին՝ բացի Պուտինից:
Ցուցարարներից մեկի խոսքով՝ իրենց ու բոլոր նրանց, ովքեր լքել են երկիրը, ապրում են Վրաստանում, ԵՄ երկրներում, միավորում է մի բան՝ իրենք չեն ընտրել երկիրը լքելը. «Մենք ուզում էինք ապրել Ռուսաստանում: Հաճախ ենք լսում քննադատություններ, որ չեն մասնակցում իրենց ներազգային խնդիրների լուծմանը: Թող ներեն մեզ հայերը, բայց թող բոլորը տեսնեն, որ մենք չենք դավաճանում մեր երկիրը, մենք պայքարում ենք մեր երկրի ապագայի համար»:
Սաշա Բելիկը հորդորեց հավաքվածներին քաղբանտարկյալներին նամակներ գրել: Նա խոսեց Պուտինի՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության մասին՝ ասելով՝ ինչպես հայտի է Պուտինի վերջին մեկնաբանություններից, մենք պայքարում ենք, որպեսզի Ռուսաստանում չլինեն գենդերային չեզոք զուգարաններ: Նա նաեւ նշեց, որ ահավոր էր գերագույն դատարանի վերջին որոշումներից մեկը, որով Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը հայտարարեց ծայրահեղական և արգելեց այն Ռուսաստանում. «ԼԳԲՏ-ն, որպես սոցիալական խումբ, ամենատանջվողներից է այսօր ՌԴ-ում»: Նա սկսեց վանկարկել ու բղավել` «Վերջ ֆաշիզմին, հոմոֆոբիային ու սեքսիզմի՛ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ