Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերը հունվարի 16-ին օդային միաժամանակյա հարված հասցրեցին Իրաքի, Սիրիայի և Պակիստանի տարածքներին։ Թեհրանը հայտարարեց, որ հարվածել է թշնամական ուժերի հենակներին, որոնք տեղակայված են այդ տարածքներում։ Դրանք են Իրաքում՝ Իսրայելն ու Իրանի ընդդիմադիր քրդերի խմբերը, Սիրիայում՝ Իսլամական Պետության ուժերը (ԴԱԻՇ-ISIS), իսկ Պակիստանում՝ Իրանի բալուչ ժողովրդի ընդդիմադիր խմբերի և հատկապես «Ջեյշ օլ Ադլ» (Արդարության Բանակ)-ի հենակները։ Հիշատակված բոլոր ուժերն էլ ահաբեկչական գործողություններ են կատարում Իրանի տարածքում և ծվարում են հարևան երկրներում։ Իրաքի իրանամերձ ուժերն էլ երեկ՝ 20 հունվարին հարվածել են Իրաքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի «Էյն օլ Ասադ» հենակետին։ Իրանը նախկինում էլ անգամներ հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի և Սիրիայի այն տարածքներին, որտեղ թույլ հսկողություն ունեն կենտրոնական իշխանությունները և Թեհրանի կարծիքով հակաիրանական գործողությունների որջի են վերածվել։ Մեկնաբանների կարծիքով այս քայլերը մասամբ ներքին սպառման և վրեժի կոչերին հագուրդ տալու համար է, մասամբ էլ արևմուտքի և Իսրայելի մոտ ուժի ցուցադրություն է։ ԻԻՀ-ն լավապես գիտի, որ Սիրիայի բարեկամական ու թույլ և Իրաքի անզոր իշխանությունները հակազդեցության մասին չեն մտածելու, իսկ Վաշինգտոնն էլ մի շարք պատճառներով զսպվածություն է դրսևորում։
Միջազգային և տարածաշրջանային ուժերին և անգամ որոշ իրանցիների զարմացրեց Պակիստանի Իսլամական Հանրապետության տարածքի ռմբակոծումը։ Իրանի հետ 900 կիլոմետր սահման ունեցող Պակիստանը տարածաշրջանի հզոր երկրներից է, ունի աշխարհի վեցերորդ հզոր բանակը, միջուկային տերություն է։ Պակիստանի հակահարվածը չուշացավ և նրանց բանակը հաջորդ օրը նույն տրամաբանությամբ հարվածեց Իրանի Բալուչեստան նահանգը՝ տարածքը համարելով Պակիստանի անջատողական ձգտում ունեցող էթնիկ բալուչների հենակետ։ Երկու կողմում էլ առերևույթ զոհվեցին խաղաղ բնակիչներ՝ կանայք և երեխաներ, մեծ հավանականությամբ բալուչներ։ Կողմերն առայժմ բավարարվեցին այսքանով և հայտարարեցին, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Թեհրանն ու Իսլամաբադը, Պակիստան երկրի ստեղծվելուց հետո (1947 թ․) ունեցել են ջերմ հարաբերություններ․ Իրանն առաջին է եղել, որ ճանաչել է Պակիստանի անկախացումն Հնդկաստանից, իսկ Իսլամաբադն էլ 1979 թվականին անմիջապես ճանաչել է Իրանի Իսլամական Հանրապետության հռչակումը։ Իրանի թագավորական վարչակարգի ժամանակ Թեհրանը, Իսլամապատը, Անկարան ու Բաղդատը միասնական դաշինքով (CENTO-Central Treaty Organization) համարվում էին արևմուտքի տարածաշրջանային զինակիցները և Հնդկաստանի ու տարածաշրջանային մյուս ուժերի հետ շահերի բախում ունեին։ Իսլամական Իրանը միջուկային բարձր տեխնոլոգիային հասնելու համար օգտվել է նաև պակիստանցի գիտնականների աջակցությունից։ Երկու երկրների տարաձայնության հիմնական պատճառներից է բալուչների հարցը, որոնք բնակվում են տարածաշրջանի երեք երկրների (Պակիստան, Իրան, Աֆղանստան) տարածքում և ունեն անկախական ձգտումներ․ Թեհրանի և Իսլամաբադի կարծիքով, կողմերն աջակցում են միմյանց բալուչ անջատողականներին։
Իրանն ու Պակիստանն այս փուլում բավարարվեցին այսքանով և չթողեցին, որ լարվածությունը շարունակվի։ Երկու կողմերն էլ ունեն ներքին ու արտաքին բազում խնդիրներ․ Պակիստանը պատրաստվում է ընտրությունների, չունի կայուն իշխանություն և խնդիրներ ունի իր հարևան Հնդկաստանի ու Աֆղանստանի հետ։ Իրանը ևս դժվարություններ է դիմագրավում երկրի ներսում՝ տնտեսական ճակատում և դրսի աշխարհում։ Իրանում աննախընթաց էր իշխանամետ օրաթերթ «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթի 20 հունվարի խմբագրականը, որի վերնագիրն է «Հրապարակի և դիվանագիության հարաբերության ճշգրտում»։
Թերթը քննադատում է «Երկրի արտաքին քաղաքականության խիստ թուլությունը», պնդում է, որ հրապարակը (մեյդանը) չպետք է իշխի դիվանագիտության կամ գոնե երկուսով պետք է համադրված աշխատեն․ խմբագրականը Պակիստանին հասցրած հրթիռային հարվածը համարում է անհարկի։ «Մեյդանը» արտաքին գործերի նախկին նախարար Զարիֆի բառապաշարից է, որն ակնարկում է Զինված ուժերին և հատկապես «Իսլամական հեղափոխության պահապան զորք»-ին (Islamic Revolutionary Guard Corps-IRGC), որը հաճախ խաչաձևում է երկրի դիվանագիտությանը։ ԻԻՀ-ի Սահմանադրության համաձայն զինված ուժերը ենթարկվում են հեղափոխության առաջնորդին և հանրապետության նախագահի ենթակայության տակ չեն։
Կարդացեք նաև
Փորձագետներն այն կարծիքին են, որ այս լարվածությունը կխանգարի նաև Իրանի հարավ-արևելյան տարածքի տնտեսական մեծ նախագծերին, որտեղ ներկա են Չինաստանն ու Հնդկաստանը։ Իրանը ռազմավարական մեծ ծրագրեր ունի Հնդկաստանի հետ, իսկ Պակիստանը մոտ է Թուրքիային, չի ճանաչում Հայաստանի անկախությունը և սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։ Պեկինն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել օգնել լարվածության թուլացմանը․ նա ունի նաև Իրանին և Սաուդական Արաբիային հաշտեցնելու փորձը։ Միջնորդելու հավակնություն ունեն նաև Պակիստանի սուննի դավանակից Թուրքիան և Ռուսաստանը։ Թուրքական մամուլը հեղեղված է ԻԻՀ-ի դեմ նյութերով․ նրանց կարծիքով Իրանի հրթիռային հարձակումները զգուշացում են նաև Թուրքիային և Ադրբեջանին և վնասում են այս տանդեմի շահերին։ Իսրայելի հետ տնտեսական սերտ կապեր պահպանող թուրքերն Իրանին առաջարկում են պայքարի կիզակետը փոխադրել Իսրայել։
Իրանն, անշուշտ, Թուրքիայից շատ ավելի գործնական քայլերով է պայքարում Իսրայելի դեմ և միայն անցյալ շաբաթվա ընթացքում Մերձավոր Արևելյան իր զինակիցներին օգնելու համար կորցրել է մոտ մեկ տասնյակ զինվորական։
Սպասենք առաջիկա օրերի զարգացումներին։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ