Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն միտքը, որ ՀՀ-ում կա իրենից բարձր հեղինակություն ունեցող ուրիշ մեկը, Փաշինյանին բարոյահոգեբանորեն ոչնչացնում է. «Հայացք Երևանից»

Հունվար 21,2024 10:20

Արդեն ավելի քան ակնհայտ է, որ գործող իշխանության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջրերը մեկ առվով չեն գնում: Երկրի երկու կարեւոր հաստատությունների միջեւ անհամերաշխության, երկպառակության որոմը գլուխ էր բարձրացրել դեռ 2018-ի «թավշյա» իշխանափոխությունից հետո, երբ որոշ ժամանակ անց պարզվեց, որ փողոցից եկած ՔՊ-ական «անհայրենիքներն» առաջնային կարգով խոցելիք երեք նշանակետ ունեն՝ եկեղեցի, բանակ, դպրոց: Սրանք պետությունը ներսից թուլացնելու երեք հիմնասյուներն են, որոնց քանդման գործընթացը հետեւողականորեն շարունակվում է մինչեւ օրս:

Հիմա գանք բուն թեմային՝ եկեղեցուն եւ շուրջեկեղեցական զարգացումներին, որոնց առիթը «Հ1»-ով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի չհեռարձակման աննախադեպ իրողությունն է: Հանրային հեռուստաընկերությունը, ըստ էության, հրաժարվել է Կաթողիկոսի Նոր տարվա խոսքը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի: Փոխարենը Հանրայինը, ըստ Մայր Աթոռի տեղեկատվականի, առաջարկել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռի կողմից ոչ պատշաճ է նկատվել եւ մերժվել: Տասնամյակներ շարունակ Կաթողիկոսի խոսքը եթեր է գնացել առաջինը, հիմա ի՞նչ է փոխվել:

«Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռեւս Վազգեն Առաջին Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը»,- հիշեցնում է Էջմիածինը՝ հասկանալ տալով, որ ՀՀ կառավարություն-Մայր Աթոռ հակասության հիմքում ամանորյա ուղերձների թողարկման ավանդական կարգի խախտումն է: Կառավարության ղեկավարը խախտել է ավանդույթը՝ «մտնելով» Վեհափառի «ժամի» մեջ եւ համարելով, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, ուստի եւ տարեմուտի առաջին խոսքը երկրի առաջին դեմքինն է:

Փաշինյանը երբեք չի թաքցրել իր բռնապետական հակումները: Ժողովրդավարության լարի վրա խաղալով՝ նա սիրում է ձեռքում կենտրոնացնել ոչ միայն հավելյալ իրավունքներ ու արտոնություններ, այլեւ «իրենով անել» սահմանադրորեն իշխանության մյուս թեւերին, նույնիսկ Դոնթի բանաձեւով ընդդիմությանը պատկանող ինչ-ինչ իրավասություններ եւ գործառույթներ, օրինակ՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների որոշակի թվով նախագահների, փոխնախագահների, ինչպեսեւ ԱԺ խորհրդի անդամների պաշտոնները: Չմոռանանք նաեւ, որ իրապես ժողովրդավար երկրներում սովորաբար ընդդիմությանն են բաժին հասնում ԿԸՀ-ի նախագահի, ՄԻՊ-ի եւ էլի ուրիշ «թեթեւ ժանրի» պաշտոններ:

Մեր երկիրը, անկեղծ ասած, ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի: Նախկինում սուպերվարչապետությունից բողոքող ընդդիմադիր Փաշինյանը՝ գալով իշխանության, բոլոր նախկիններին տվեց-անցավ: Կարճ ժամանակում նա բուռը հավաքեց իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատաիրավական համակարգերը, ապաեւ բռնապետի մոլուցքով տիրացավ հնարավորինս լայն իրավասությունների: Բոլորովին վերջերս էլ նույնիսկ ՀՀ նախագահից «թռցրեց» ԱԱԾ տնօրենին ու նրա տեղակալներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու լիազորությունը՝ այն թյուր հիմնավորմամբ, թե ԱԱ ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է:

2018-ի հուլիսին նա հայտարարում էր, թե վարչապետի լիազորությունների նվազեցման ուղղությամբ լրջագույն քայլեր ձեռնարկելու մտադրություն է առկա։ Հետո պարզվեց, որ մտադրություն եւ ցանկություն առկա են, իսկ քայլեր՝ բացակա: Այսինքն՝ քայլեր արվում են, բայց՝ հակառակ ուղղությամբ. Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում ամրացնելու եւ անառիկ պահելու իր սուպերվարչապետական միջնաբերդը, ինչում նրան ու ՔՊ-ական իր խմբակին ըստամենայնի աջակցում են ծախու ուժայինները՝ ոստիկանությունը, քննչական մարմինները եւ բոլոր աստիճանների դատարանները՝ երջանիկ բացառությունները չհաշված:

Այդպիսով՝ վարչապետ աշխատող անձի լիազորությունների ու իրավասությունների շրջանակները սկսել են լայնանալ, եւ այժմ հերթը հասել է Կաթողիկոսարանին, որից, կարծես թե, «պոկելու» բան չունի, բայց որի հանդեպ յուրահատուկ խանդ է զգում կամ, միգուցե, վախ՝ հենց եկեղեցուց, անգամ նրա ստվերից: Ակնհայտ է, որ ՔՊ իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի հենքին Վեհափառ Հայրապետի ու եկեղեցու վարկանիշն անհամեմատ բարձր է, ինչն էլ ամենաշատն է մտահոգում նրան: Միայն միտքը, որ ՀՀ-ում կա իրենից բարձր հեղինակություն ունեցող ուրիշ մեկը, Փաշինյանին բարոյահոգեբանորեն ոչնչացնում է:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031