Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ ենք, սիրելի՛ հայուհի, այդքան մերը լինելու համար»

Հունվար 20,2024 23:52

Հայ դարավոր գրականությանը նոր գույն ու փառք, նոր գոհարներ նվիրած շողշողուն անուն է Սիլվա Կապուտիկյանը: Պատահական չէ, որ ժողովուրդն ինքնաբուխ ձևով նրան կոչել է ամենայն հայոց  բանաստեղծուհի և այսօր էլ՝ հունվարի 20-ին, եկել էր հարգանքի տուրք մատուցելու շիրիմի մոտ, մեծարելու  նրա hիշատակը:

Բանաստեղծուհու ծննդյան 105-ամյակի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն:

Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ և բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներ:

Հիշատակի խոսք ասացին Սյուզաննա Խոջամիրյանը, Արմենուհի Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը և այլք: Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը նախարար Ժաննա Անդրեասյանին նվիրեց օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո տպագրված «Էջեր փակ գզրոցներից» ստվար հատորը՝ ասելով, որ երկրորդ վերահրատարակության անհրաժեշտությունը խիստ մեծ էր, քանի որ Կապուտիկյանի այս գիրքը մեծ պահանջարկ ունի հանրության մեջ:

Օրվա հաջորդ արարը շարունակվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում  հուշ-ցերեկույթի ձևով: Արմենուհի Դեմիրճյանը և թանգարանի աշխատակից Սեյրանուհի Գեղամյանը ներկայացրին «Էջեր փակ գզրոցներից» գիրքը՝ շեշտելով, որ բանաստեղծուհին այստեղ է զետեղել երկար տարիներ փակի տակ պահած քննադատական ելույթները, իր կյանքի առավել դրամատիկ պահերը և հատկապես Արցախյան շարժմանն ու ազատամարտին նվիրված դրվագները:

Ջերմ խոսք ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը՝ շեշտելով բանաստեղծուհու՝ սփյուռքում ունեցած ազգափրկիչ դերը, ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր դերասաններ Գրետա Մեջլումյանը և Սամվել Բաղինյանը՝ հուզիչ կտորներ կարդալով գրքից և հնչեցնելով սիրված բանաստեղծություններ:

Ներկաներն անդրադարձան մեր ժամանակների մեծագույն բանաստեղծուհու գրական-հասարակական գործունեությանը, նրա բերած նորություններին: ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը մասնավորապես ասաց. «Սիլվա Կապուտիկյանն իր ապրած կյանքով փաստեց հայ մտավորականի վեհության, ազնիվ ապրելու, ազգին ու գրողի առաքելությանը հավատարմորեն ծառայելու բարձրագույն իմաստը։ Բանաստեղծուհին դեռևս 20 տարեկան էր, սակայն գրական շռնդալից մուտքով արժանացավ գրասերների հիացմունքին: Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով… Շնորհակալ ենք, սիրելի՛ հայուհի, այդքան մերը լինելու համար»։

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031