2024 թ. հունվարի 18-ին՝ ռուսական դիվանագիտության գործունեության 2023 թ. արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է. «…2022 թվականի աշնանը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովում (որտեղ մեզ և ուկրաինացիներին չէին հրավիրել, բայց ներկա էին հայերն ու ադրբեջանցիները), Է. Մակրոնը և Շ. Միշելը Երևանին և Բաքվին առաջարկել են հանդիպել: Արդյունքում նրանք հաստատել են մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Այնտեղ ասվում է, որ բոլոր նորանկախ պետությունները ունեն այնպիսի սահմաններ, որոնք համընկնում են ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական բաժանումների հետ: Այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում: Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում։ Երբ դա հնչեց, եզրակացրեցինք (ինչի մասին հայտնել ենք Երևանին և Բաքվին), որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «փակվել» է անձամբ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից»:
- Հարկ է նշել, որ ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ չէ մեկնաբանել Ալմա-Աթայի հռչակագրից հիշատակված դրույթը, այն է՝ «Այնտեղ ասվում է, որ բոլոր նորանկախ պետությունները ունեն այնպիսի սահմաններ, որոնք համընկնում են ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական բաժանումների հետ: Այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում»:
Հռչակագրում նմանաբովանդակ դրույթ առկա չէ: Հարցին վերաբերելի մասով Ալմա-Աթայի հռչակագրում, մասնավորապես, առկա է այսպիսի ձևակերպում. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերպումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինն ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Կարդացեք նաև
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Եթե Սերգեյ Լավրովն ասում է, որ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ Խորհրդային Միության կազմում գտնված հանրապետությունները ԽՍՀՄ-ից դուրս գալու դեպքում պետք է ունենան այն սահմանները, ինչ սահմաններ որ ունեցել են ԽՍՀՄ-ում գտնվելու ժամանակահատվածում և ըստ այդմ Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, ապա շարժվելով Ալմա-Աթայի հռչակագրի լավրովյան մեկնաբանությամբ՝ կարող ենք ասել, որ Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին, իսկ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժյեն և Խերսոնը պատկանում են Ուկրաինային, քանի որ խորհրդային տարիներին Աբխազիան ինքնավար հանրապետության կարգավիճակով, Հարավային Օսիան ինքնավար մարզի կարգավիճակով գտնվել են Խորհրդային Վրաստանի կազմում, իսկ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժյեն և Խերսոնը առանց որևէ ինքնավարության կարգավիճակի գտնվել են Խորհրդային Ուկրաինայի կազմում: Հետևաբար, այս տրամաբանությամբ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժյեն և Խերսոնը:
- Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարարի հետևյալ հայտարարությանը «Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում։ Երբ դա հնչեց, եզրակացրեցինք (ինչի մասին հայտնել ենք Երևանին և Բաքվին), որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «փակվել» է անձամբ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից։», այս առնչությամբ էլ հարկ է նշել հետևյալը.
Մեջբերումից պարզվում է, որ Ռուսաստանը ադրբեջանաարցախյան կոնֆլիկտը համարում է լուծված, քանի որ, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Նիկոլ Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին ստորագրելով Պրահայի հայտնի հայտարարությունը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Հարկ է նշել, որ այստեղ ևս ճիշտ չէ Սերգեյ Լավրովը:
Որքանո՞վ է Արցախն Ադրբեջանի մաս համարելու մասին Նիկոլ Փաշինյանի կարծիքը կարևոր այն պետությունների կարծիքներից, որոնք նույնպես Արցախը համարում են Ադրբեջանի մաս: Որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի կարծիքը կարևոր օրինակ Իրանի կարծիքից, որն Արցախը համարում է Ադրբեջանի մաս: Հիշեցնենք, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է:
Եթե Սերգեյ Լավրովն ասում է, որ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի կարգավիճակի հարցը, ապա այդպիսով Ռուսաստանը փաստում է, որ ադրբեջանաարցախյան կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային կոնֆլիկտ է: Մինչդեռ իրականությունն այն է, որ նշված կոնֆլիկտը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող կոնֆլիկտ չէ, այսինքն՝ ադրբեջանաարցախյան կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ադրբեջանի և Արցախի միջև է, իսկ կոնֆլիկտի առարկան էլ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն արցախահայության ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչումն է:
2010թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատութան միջազգային դատարանը հրապարակել է իր խորհրդատվական եզրակացությունը միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ:
Իր եզրակացության մեջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը անդրադարձել է նաև տարածքային ամբողջականության սկզբունքին և տվել հետևյալ մեկնաբանությունը. «տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով»։
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Ավելի պարզ ասած. տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս: Քանի որ ադրբեջանաարցախյան կոնֆլիկտը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ոլորտում գտնվող կոնֆլիկտ չէ, այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին:
Այսպիսով, ՌԴ ԱԳ նախարարը ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ հերթական անգամ հանդես է եկել խիստ խոցելի հայտարարություններով: Իսկ թե այդ հայտարարությունները Սերգեյ Լավրովն արել է դիտավորյալ, թե՝ ակամայից, անհրաժեշտ և բավարար փաստերի բացակայության պատճառով, կարելի է միայն ենթադրել:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ