Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արտահերթ ընտրությունների շարժառիթները. Արմեն Աշոտյան

Հունվար 20,2024 18:34

«Բացի նրանից, որ մինչ այս պահը բոլոր ընտրությունները արտահերթ էին, նրանք նաև «աննորմալ» էին։ 2018-ի ընտրությունները հեղափոխական էյֆորիայի, «հարբած» ընտրություններ էին, իսկ 2021-ինը հետպատերազմյան շոկի, «ցավի» ընտրություններ էին»,- սա ՀՀԿ փոխնախագահ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված Արմեն Աշոտյանի պատասխանն է քաղաքացի Գառնիկ Գեւորգյանին՝ «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում:

Գառնիկ Գեւորգյանին հետաքրքրում է՝  կլինի՞ Հայաստանում արտահերթ ընտրություններ, քանի որ վերջին շրջանում բոլորը դրանից են խոսում։

«Հնարավոր արտահերթ ընտրությունների մասին արդեն արտահայտվել եմ։ Դրանց հնարավոր անցկացման որոշումը Հայաստանում չի կայացվելու, այլ դրսի ազդեցության կենտրոններում` ճիշտ այնպես, ինչպես 2021-ին»,-հիշեցնում է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների շարժառիթները տարբեր կարող են լինել. «Օրինակ` օգտվել երկրում հակառուսական տրամադրությունների աճից և ձևավորել առավել արևմտամետ խորհրդարան։ Մյուս պատճառը Փաշինյանի ընկնող վարկանշի պատճառով երկարացնել ներքաղաքական կյանքը, թեկուզ պոտենցիալ կոալիցիայի միջոցով։ Սակայն ամենակարևոր գործոնը հայ-ադրբեջանական պայմանագրի հնարավոր ստորագրումն է, որից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո կազմակերպված արտահերթը կարող է լիկվիդացնել Փաշինյանի կողմից հյուսվող հերթական դավադրությունը և պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021-ին, որի արդյունքները աշխարհում մեկնաբանեցին, որպես հայ ժողովրդի համաձայնությունը անպատվությանը և կզելուն։ Ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա։ Նիկոլի օրոք համապետական բոլոր ընտրությունները մինչ այս պահը միայն արտահերթ էին` 2018-ին, 2021-ին և ահա հիմա ծավալվող քննարկումը։

Սա պետության հիվանդության մասին է խոսում, ընդորում` խորը և համապասիվ հիվանդություն։ Ապացուցեմ կենցաղային օրինակով, պատկերացրեք, որ ձեր տան համակարգիչը սկսում է խախտումներով աշխատել, պարբերաբար «կախել» և դուք մշտապես ստիպված եք այն գոնե կարճատև աշխատացնելու համար restart անել, կամ հոսանքից անջատել-միացնել։ Պարզ է, չէ՞, որ այդ կոմպը այլևս փչացած է, ինչպես Նիկոլի օրոք Հայաստանը»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031