Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստասերներ։
«Տարիներ շարունակ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մաս են կազմում և ծանոթ են դպրոցականներին: Կարևոր է պահպանել և սերունդներին առավել հասանելի դարձնել նրա թողած գրական ժառանգությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը կիսվել է նաև Սիլվա Կապուտիկյանի մասին անձնական հուշերով․ «Առիթ եմ ունեցել անձամբ շփվելու նրա հետ. 1990-ականներին, երբ դպրոցական էի, ամռանը Սիլվա Կապուտիկյանը հանգստանում էր Ծաղկաձորի գրողների տանը և սիրում էր երկար քայլել: Ինձ հետաքրքրում էր, թե ինչու էր նա այդքան մտահոգ և ինչի մասին էին նրա մտքերը: Հետո, երբ կարդում էի նրա բանաստեղծությունները, հասկանում էի, թե ինչ էր այդ ժամանակ նա խորհում»:
Պանթեոնի միջոցառումից հետո Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են գրողի կյանքին, ստեղծագործություններին, գրական-հասարակական գործունեությանը:
Բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ վերահրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գիրքը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ