«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը պատահականություն չէ, անսպասելի չէ, այն իմաստով, որ անակնկալ ինչ-որ բան կատարվեց: Բանաձեւը Սենատում ներկայացվել էր դեկտեմբերի սկզբին: Նախագահ Մակրոնի կուսակցությունը մեծամասնություն չէ այդտեղ, եւ դա էլ պատահականություն չէր, որ Սենատում ներկայացվեց, ոչ թե Ազգային ժողովում»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչության վերադարձի մասին բանաձեւին: Նրա դիտարկմամբ, Ֆրանսիայի շահերից է բխում տարածաշրջանում շարունակել դերակատար լինելը, բայց դա նաեւ ՀՀ-ի շահերից է բխում եւ պետք է կարողանալ պետությունների հետ աշխատանքում համադրել այդ շահերը՝ առանց որեւէ այլ երկրի շահին հակադրելու: Նա նկատում է, որ Ֆրանսիան առավել հավասարակշիռ մոտեցում է դրսեւորում՝ առհասարակ կողմ արտահայտվելով ՌԴ-ի հետ Արեւմուտքի՝ ինչ-որ ձեւ հարաբերություններ ունենալուն, քան հակադրվելուն:
Բանախոսը մի քանի առումներով կարեւոր է համարում բանաձեւի ընդունումը. նախ՝ կարեւոր է, որ տարբեր պետությունների խորհրդարաններ ընդունեն այնպիսի հիմնավորված բանաձեւեր, որոնց գործակցությունը կարող է նպաստել Արցախի հանրապետության խնդիրների լուծմանը եւ ՀՀ անվտանգության ապահովմանը: Բանախոսի դիտարկմամբ, արդեն որերորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարանը համարձակվում է այնպիսի բովանդակությամբ բանաձեւեր ընդունել, որպիսի բովանդակություն, ՀՀ ԱԺ-ն իր մեծամասնությամբ, մերժում է:
Նա նաեւ նկատում է, որ ՀՀ իշխանությունները որեւէ դերակատարում չունեն սույն բանաձեւի ընդունման գործում, թեեւ ողջույնի խոսք հնչեց ԱԺ նախագահի կողմից: Իր դիտարկմամբ, ավելին, պաշտոնական Երեւանը կողմ չէ Սենատի որոշման բոլոր դրույթների հետ: Ֆրանսիայի Սենատի բանաձեւը Կիրո Մանոյանը կարեւոր է համարում նրանով, որ այն արտացոլումն է այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշման, որոնց հետ ակտիվ աշխատում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ի դեպ, նախագահ Մակրոնի քաղաքական ուժը ներկայացնող խմբակցությունն էլ միով-բանիվ կողմ է քվեարկել բանաձեւին:
Կիրո Մանոյանը չի բացառում նաեւ ԱՄՆ խորհրդարանի կողմից համանման բանաձեւի ընդունման, քանի որ համապատասխան աշխատանք Հայ դատի գրասենյակը տանում է: Բայց այս գործունեությունը կարող է էական արդյունքներ գրանցել, եթե ՀՀ իշխանությունը ճիշտ կեցվածք դրսեւորի եւ գոնե ՀՀ ԱԺ-ում հստակ արձանագրվեն Արցախի եւ ՀՀ անվտանգության հետ կապված հարցերը, որոնք դեռ տորպեդահարվում են իշխանության կողմից: Մասնավորաբար, խոսքը Ադրբեջանի կողմից գերեւարված անձանց եւ Բաքվում պահվող այլ անձանց, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին է: Մինչդեռ, ՀՀ իշխանությունը գնում է ճիշտ հակառակ ճանապարհով՝ ընդհուպ մինչեւ ետ վերցրեց ՀՀ-ի հայտը՝ հօգուտ COP-29-ը Ադրբեջանում անցկացնելու: Կիրո Մանոյանը սա խնդիր է համարում, քանի որ ՀՀ իշխանությունների նման կեցվածքը ուղիղ հակասության մեջ է մտնում այն աշխատանքի հետ, որը հայկական լոբբիստական կազմակերպությունները փորձում են իրականացնել եւ տվյալ երկրներում, հիմք է ընդունվում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Կիրո Մանոյանն այս բանաձեւով չի պայմանավորում Ֆրանսիայի ամբողջական եւ գործնական կեցվածքը, բայց հավատացնում է, որ այն ազդում է այդ երկրի կառավարության աշխատանքի վրա, որը իրականում փորձում է հավասարակշռության մեջ պահել ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները:
Առաջիկայում եվրոպական 50-ից ավելի երկրներում ցույցեր եւ բողոքի տարբեր արտահայտություններ կլինեն՝ ՀՀ անվտանգությանը, Արցախի հարցին, Բաքվում գերեւարված եւ պահվող այլ անձանց վերաբերվող: Եվ եթե պաշտոնական Երեւանի դիրքորոշումները շարունակեն մնալ այնպիսիք, ինչպիսիք այսօր են, Կիրո Մանոյանի գնահատմամբ, բարդանալու է բոլորիս աշխատանքը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ