ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս ժամկետով երկարացրել է պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի կողմից Ալթունյանի կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը, որի դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր՝ Ալթունյանին տնային կալանք տալով։
Հիշեցնենք․ Գեւորգ Ալթունյանին ու եւս 4 անձի մեղադրանք է ներկայացվել ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար: Քրեական վարույթը դեռեւս նախաքննության փուլում է։
Գեւորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթի շրջանակներում փորձաքննություն է նշանակվել, որի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, գործը դատավարական փուլ կմտնի։ Ըստ նրա՝ քննիչը չի կարողացել ձեռք բերել այնպիսի փաստեր, որոնցով Ալթունյանին առաջադրված մեղադրանքը կհիմնավորվի։ «Հակառակը՝ փաստական տվյալներ կան, որը վկայում է Գեւորգ Ալթունյանի անմեղության մասին։ Ամեն դեպքում գործը դեռեւս նախաքննության փուլում է»,- հավելեց նա։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում