Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան․ Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով․ «Փաստ»

Հունվար 20,2024 11:01

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիմնադրել են «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը: Այն առաջին հերթին նպատակ ունի վերհանել և փորձել լուծումներ գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում, և, իհարկե, այն հերթական առիթն է խոսելու Արցախ վերադառնալու նպատակի մասին: ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը նշում է՝ սեպտեմբերի 30-ից հետո արցախահայերը «հայտնվեցին» Հայաստանի Հանրապետությունում և իրենց էին դիմում բազմաթիվ հարցերով:

«Պետք է ունենայինք լծակներ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու, դրանք հոգալու համար: Միայն Արցախի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը մեզ այդ հնարավորությունը չէր տալիս: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում օրվա իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի պետական ինստիտուտները զրոյացնելու և դրանց հետ ոչ մի ձևով հաշվի չնստելու համար, նախաձեռնեցինք այս հասարակական կազմակերպության հիմնումը, որ կարողանանք իրավական առումով տարբեր հարցերով դիմել պետական տարբեր գերատեսչությունների՝ խնդիրների բարձրաձայնման և հստակ պատասխաններ ստանալու համար: Ինչու ոչ, սա միտված է արցախահայերին համախմբելուն: Եթե ապագայում ստեղծվեն այն պայմանները, որ հնարավոր լինի վերադառնալ Արցախ՝ կարգավիճակի և մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված հարցերը լուծելուց հետո, այդ ժամանակ համախմբված ժողովրդի հետ աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցաք ու ցրիվ մեր հասարակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

«Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում հաստատված մեր հայրենակիցները փորձում են իրենց խնդիրներին սեփական ուժերով լուծումներ տալ, ինքնաբավ դառնալ ինչ-որ առումով, ձեռքերը ծալած չեն նստում: Բայց մարզկենտրոններից կամ խոշոր քաղաքներից թեկուզ մի քիչ հեռու գյուղական համայնքներում հաստատված մեր հայրենակիցները տարբեր խնդիրների են բախվում: Մարդիկ ցանկանում են աշխատել, բայց, օրինակ՝ չկա համապատասխան շուկա կամ աջակցություն սեփական փոքրիկ արտադրությունը հիմնելու: Ընտանիք գիտեմ, որը, հաշվի առնելով տան վարձավճարի չափը, բնակվում է Արթիկում, ընտանիքի տղամարդն առանձին ապրում է Երևանում և միայն շաբաթ-կիրակի է գնում ու միավորվում իր ընտանիքի հետ: Աշխատում է Երևանում, որ կարողանա Արթիկում իրենց տան վարձավճարի և մյուս ծախսերը հոգա: Սա է խնդիրը, որ, կապված Երևանում և մարզերում տան վարձավճարի տարբերության հետ, ընտանիքները «բաժանված» են: Մարդիկ կարողանում են Երևանում որոշակի գործունեություն ծավալել, բայց ընտանիքը ստիպված իրենցից բավականին հեռու է բնակվում: Նմանատիպ խնդիրների ենք առնչվում, այսօր, ցավոք, դրանց լուծումները չունենք: Գործադիրում որոշակի լծակներ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ խոսելով այս հարցերի մասին, բարձրաձայնելով դրանք՝ հուսով ենք, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն և կփորձեն դրանց որոշակի մոտեցում ցուցաբերել: Խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ ինչ-որ առումով կթեթևացնենք մեր հայրենակիցների առօրյան»,-ընդգծում է նա:

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից: Սա պետք է բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ: Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով: Հայը պետք է վերադառնա Արցախ, քանի որ մեր հազարամյակների պատմության մեջ Արցախը երբեք չի եղել ադրբեջանական հող, նա միշտ եղել է հայկական և այնտեղ բնակվել են հայեր: Պետք է փորձենք վերականգնել պատմական արդարությունը: Լուռ մնալով՝ մեր նպատակներից և որևէ մեկին չենք հասնի: Պետք է ճիշտ դիվանագիտության արդյունքում ներգրավել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների, որպեսզի կարողանանք համայն աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից կատարվող ագրեսիան, վանդալիզմը: Նա այսօր ոչնչացնում է հայկական մշակույթը, պատմական կոթողները: Դա պետք է լինի օրակարգում: Պահպանելով մշակույթը՝ Ադրբեջանին պարտադրել և նստել նրա հետ բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները թե՛ մարդկանց ֆիզիկական անվտանգության, թե՛ Արցախի կարգավիճակի առումով, որ մեր հայրենակիցների հույսը չմարի, և կարողանանք այս հարցերին լուծում տալ: Կարոտն ավելի է մեծանում դեպի հայրենիք»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031