Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. ՀՀ Սահմանադրությունը բավականին լավ մշակված եւ հաջողված փաստաթուղթ է եւ կարող է կարգավորել հանրային կյանքը․ «Հրապարակ»

Հունվար 20,2024 10:50

Փաստաբան Արամ Օրբելյանին հարցրինք՝ ինչո՞վ է գործող Սահմանադրությունը ոչ մրցունակ, եւ ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը։ «Իրականում այդ ձեւակերպումը՝ «Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում», որեւէ իմաստային նշանակություն չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ տրամաբանական, ո՛չ լեզվական, ուստի իմաստ չունի մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, այն որոշ խնդիրներ ունենալով, բավականին լավ մշակված եւ հաջողված փաստաթուղթ է եւ կարող է կարգավորել հանրային կյանքը, եթե դրանով առաջնորդվենք։ Եթե Սահմանադրությունը գրվելու է, բայց նույնկերպ խախտվելու՝ հայտարարելով, որ «ես ընտրվել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ», կարելի է ընդհանրապես Սահմանադրությունն ուժը կորցրած ճանաչել եւ գրել ընդամենը մեկ պարբերություն՝ ասելով, որ ով ընտրություններում հռչակվում է հաղթած (այլ հարց՝ ընտրվել է, թե ոչ), ինչ ուզում է, կարող է անել։ Մնացած քննարկումներն արհեստական են»,- կարծում է Օրբելյանը։

Նա նաեւ ընդգծում է, որ սահմանադրական բարեփոխումների մի քանի խորհուրդներն այդպես էլ մինչ օրս չեն հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ Սահմանադրությունը փոխել․ «Ի վերջո՝ ի՞նչ խնդիր ենք ուզում լուծել։ Խելոք բառերի կույտ արտաբերելով՝ մարդը խելոք չի դառնում։ Չենք ասում, թե Սահմանադրությունը բարելավելու  կարիք չկա, բայց իրականում սկզբում պետք է սովորենք փաստաթուղթը կիրառել, հասկանալ, ընդունել, դրա համար պայքարել, արժեքներն ընկալել, նոր դրանք ինչ-որ ձեւով փոխել․․․ Օրինակ, սահմանադրական տարբեր ինստիտուտներ պետք է պահպանվեին։ Մենք ունեինք Սահմանադրական դատարան, որի դատավորները նշանակվել էին՝ սկսած առաջին նախագահի պաշտոնավարման շրջանից, բայց բոլորի լիազորությունները դադարեցրին, եւ գործող իշխանության պաշտոնավարման ժամանակ 5-6 դատավոր նշանակվեց։ Մենք ունեինք դատական համակարգի աննախադեպ անկախ վիճակ՝ 2017-2019-ին, բայց ԲԴԽ-ում փոփոխություններով՝ սկանդալներով եւ ակնհայտ ձեւակերպումներով, հստակ  հանցագործություն պարունակող տեղեկություններով դրեցինք մի կողմ։ Ազգային ժողովը գլխավոր դատախազի պաշտոնում նստեցրեց անձի, որն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին՝ առնվազն այն դրվագով, որ ինքն ընդունել էր, թե միջամտել է արդարադատության իրականացմանը՝ չունենալով դրա գործառույթը, ստացել էր բանկային գաղտնիք համարվող տեղեկություն, որի իրավունքը չուներ։ Կամ՝ Գլխավոր շտաբի պետի հետ առաջացավ կոնֆլիկտ, հեռացրին նրան ոչ թե որ խախտում էր թույլ տվել, այլ որովհետեւ օրենքում փոփոխություն էին արել՝ գրելով․ «երբ ուզենանք, կարող ենք հեռացնել»։ Արդյունքում այդ պաշտոնը դարձրին քաղաքական։ Ընտրություններում որ համայնքներում իշխող ուժը չհաղթեց, ընտրված ղեկավարներին  ձերբակալեցին։ Քանի՜ բարձրաստիճան նախկին-ներկա պաշտոնյա կալանավորվեց՝ ԱԺ երկու պատգամավոր, ՀՀ նախկին նախագահ եւ այլք, որից հետո այդ հոդվածները ճանաչվեցին հակասահմանադրական։ Թող մեկ անգամ վեր կենար եւ ներողություն խնդրեր։ Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք ցույց են տալիս, որ սահմանադրական  համակարգում ոչ թե ինչ-որ բան պետք է բարեփոխել, այլ դրանք պարզապես կատարել։ Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն պարզապես չկա, դրանց հաճախակի փոխելը անգամ վնասակար է»։

Սահմանադրության նախաբանը փոխելու, Անկախության հռչակագրից «հրաժարվելու» փաշինյանական մարմաջի  մասին հարցին էլ Օրբելյանը պատասխանեց․ «Նախ՝ Անկախության հռչակագիրն ինքնուրույն փաստաթուղթ է եւ, իմ գնահատմամբ,  ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան ՀՀ ցանկացած այլ փաստաթուղթ, որովհետեւ այն Հայաստանի Հանրապետության սկիզբը հիմնադրող փաստաթուղթն է, եւ չնայած մենք այլ օրենքով չենք գրել, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն այդ հռչակագրին, բայց փաստաթուղթը, որի հիման վրա ստեղծվել է ՀՀ-ն, ինքն է ասում, որ «Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»:

Երկրորդ․ Հռչակագիրը եթե անգամ ջնջենք, Սահմանադրությունը՝ եւս, օբյեկտիվ պատմությունը չենք կարող, չէ՞, ջնջել։ Կա պատմություն, անկախության գործընթաց, փաստաթղթեր, եւ այն փաստը, որ ՀՀ-ն առնվազն անկախացել է Արցախի հետ միասին (այն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի), կամ այն փաստը, որ Մինսկի կոնֆերանս պետք է կանչվեր, որի շրջանակներում պետք է քննարկվեր այս կոնֆլիկտի ամբողջական լուծումը, լինելու է, ինչքան էլ ուզում ես փոխիր։ Այն փաստը, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Օսմանյան կայսրության ցեղասպանության համար եւ նաեւ հետո՝ հանրապետական Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունների համար, որովհետեւ 1915 թ․ երիտթուրքերի ժամանակաշրջանին հաջորդել է քեմալական, ռասիստական շրջանը, որտեղ քրիստոնյաների հարկերը եղել են ավելի բարձր, երբ հայերի եւ մյուս քրիստոնյաների համար ստեղծվել են պայմաններ, որ լքեն այդ տարածքները կամ դավանափոխ լինեն, սրանց համար պետք է պատասխանատվության ենթարկվի՞, իհարկե՝ այո, որովհետեւ անպատասխանատվությունը բերում է նոր հանցանքի։ Բայց այստեղ մի կարեւոր նյուանս կա․ այս ամենը չի նշանակում, որ Հայաստանը պետք է պատերազմ հրահրի, սա նշանակում է, որ ՀՀ-ն շատ հստակ դիրքորոշում պետք է ձեւավորի․ «Ես ունեմ պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որը խախտել է միջազգային իրավունքը բազմաթիվ անգամ, ու պատասխանատվության հարց եմ դնում, միեւնույն ժամանակ, ես դա իրականացնելու եմ խաղաղ եղանակով, որքանով կարողանամ»»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031