Լրահոս
Օրվա լրահոսը

Բացի այն, որ իրենք են ձախողվել, նրանք այդ «քաղաքականությամբ» Հայաստանն են դրել ամբողջական ձախողման իրական սպառնալիքի տակ․ «Փաստ»

Հունվար 20,2024 10:40

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս բորբոքվել էր իրեն տրված «ձախողված» բնորոշումից: Միայն նա չէ. նրա ամբողջ խմբակցությունը, ինչպես ասվում է՝ ձայնները գլուխները գցեցին, երբ պատգամավոր Լևոն Քոչարյանը հնչեցրեց այդ բնորոշումը: Ի դեպ, արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, հարցում արծարծված հանգամանքներին, այլ «իր ոճով» մի քանի անհասկանալի արտահայտություն արեց, ինչն ավելի շուտ խռովկանի ցաքուցրիվ արձագանքի տպավորություն թողեց: Բայց շրջանցենք նրա պահվածքի «հոգեվերլուծական» պահն ու անցնենք բուն ասելիքին: Փաշինյանն, ի դեպ, նաև «նեղվել» էր, թե ինչու հիմա չեն ասում «դավաճան, հողատու»: Թե ինչու էին կամ ինչու են Փաշինյանին որոշակի բնորոշումներ տալիս, բազմիցս արծարծված է, ուստի այդ թեմայի մեջ այս անգամ չենք ընկղմվի:

Բավարար է հիշեցնել միայն, որ նույն Փաշինյանը Ստեփանակերտում գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ հիմա, ավելի ճիշտ՝ ավելի քան 1 տարի է, ինչ նա ուրացել է Արցախը, այն համարել ու համարում է ադրբեջանական տարածք, ավելին՝ թշնամուն բացեիբաց հասկացրեց, որ նրա հարձակման դեպքում ոչ մի կերպ չի օգնելու Արցախի հայերին: Այդ ցեղասպանական ոճիրն էլ մի քանի ամիս առաջ է եղել, որպեսզի այստեղ մանրամասն հիշեցնենք: Բայց վերադառնանք վերջին բնորոշմանը: Ինչո՞ւ են նրան բնորոշում որպես «ձախողված», այն է՝ «լուզեր»: Ընդ որում, խնդիրը սոսկ պետական կառավարման ձախողումները չեն, որոնց արդյունքում գրեթե բոլոր ոլորտներն ավիրված են: Խնդիրը նաև, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկն» է: Այ, այստեղ փակագծերն արժե մի փոքր բացել: Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են 2020-ից հետո շարունակաբար խոսել «խաղաղության օրակարգի» մասին:

Ճիշտ է, իներցիայով դեռ ինչ-որ բաներ են խոսում այդ «խաչմերուկի», հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման ու նման բաների մասին, բայց արդեն հասկանալի է, որ դա ավելի շուտ սեփական լսարանի առաջ գոնե ինչ-որ դեմք պահելու խնդիր ունի: Ոչ ավելին: Իսկ ինչ վերաբերում է ավելի քան մեկուկես տարի տարփողվող հիմնական քաղաքական ուղեգծին՝ «խաղաղության (օրակարգ, խաչմերուկ) պայմանագիր» ասվածին, ապա, այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը բացահայտ ձախողվել են: Ավելի ստույգ, «խաղաղության պայմանագիր» հասկացություն չէր էլ կարող լինել Ադրբեջանի նման հանցագործ պետության հանցագործ ղեկավարների ագրեսիվ տրամադրվածության պարագայում: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ ինչպես մոլորեցնել հանրության մի ստվար հատվածին: Այս պարագայում ո՞րն է ամենացանկալի, ամենացավոտ հարցը մեր հասարակության համար: Ճիշտ է, խաղաղությունը: Ու այդպես եղել է միշտ: Եվ հենց «խաղաղություն» բառով էլ նա խաղում է հանրության զգացմունքների հետ:

Այստեղ դժվար է չհամաձայնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հետ, որը գրում է. «Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են՝ ներառյալ նրա՝ օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները»: Վերադառնանք ձախողմանը: Բացի այն, որ իրենք են ձախողվել, նրանք այդ «քաղաքականությամբ» Հայաստանն են դրել ամբողջական ձախողման իրական սպառնալիքի տակ: Ավելին, ստացվում է, որ Արցախի ուրացումը, Արցախի զիջումն ու կորուստը, հազարավոր զոհերը, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական նվաստացումները հանդուրժելը հանուն «ոչնչի» էին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031