Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք ամեն ինչ «մեզ վրա վերցնում»

Հունվար 20,2024 10:00

Երբ ես ինչ-որ բան եմ գրում կամ հոլովակ եմ տեսագրում, իմ հիմնական նպատակն է մարդկանց դրդել, որ նրանք ավելի «բարդ», ավելի «խորը», եթե ուզում եք՝ ավելի «սառը» մտածեն: Ցավոք, համացանցային դարում դրան դժվար է հասնել կամ, համենայնդեպս, կարելի է արձանագրել, որ տեսանելի արդյունքը գոհացուցիչ չէ: Մարդիկ տեսնում են իմ պատկերը ու, այլեւս, չխորանալով բովանդակության մեջ, գրում են այն, ինչ մտածում են իմ մասին: Կամ լավագույն դեպքում՝ վերնագրում տեսնում են «Ռուսաստան» բառը եւ իրենց վերաբերմունքն են արտահայտում այդ երկրի հանդեպ: Իսկ վերաբերմունքը հաճախ ձեւավորվում է այստեղ-այնտեղ լսած կամ տեսած նախադասությունների կամ «կես-նախադասությունների» հիման վրա:

Եվ խոստովանեմ՝ հաճախ ինձ մոտ գայթակղություն է առաջանում բացականչել՝ «ախր, իմ հոդվածը հե՛չ դրա մասին չէ»: Բայց, եթե ես մտնեմ նման վիճաբանության մեջ, դա ինձնից մի ամբողջ օր կխլի:

Մի բնորոշ օրինակ: Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ իմ վերլուծության տակ ընթերցողներից մեկը գրում է. «Ռուսաստանում հավկիթները ոսկու գին ունեն, իսկ դուք այդ երկրի գովքն եք անում»: Այդ նախադասության մեջ երեք մոլորություն կա: Նախ՝ Ռուսաստանում հավկիթն ավելի էժան է, քան մեր երկրում, երկրորդ՝ հավկիթի գնի հանգամանքն իմ հոդվածի բովանդակության հետ ամենեւին ոչ մի կապ չունի, երրորդ՝ ես բացարձակապես մտադրություն չունեմ որեւէ երկրի գովքն անելու կամ հակառակը՝ փնովելու:

Այս տեսակի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մեր հասարակության վերաբերմունքը կարեւոր խնդիրներին մի կողմից մակերեսային է, մյուս կողմից՝ չափից դուրս էմոցիոնալ: Այս պահին, հատկապես անցած տարվա սեպտեմբերի իրադարձությունից հետո, վերաբերմունքը մեր հյուսիսային հարեւանի նկատմամբ խիստ բացասական է՝ գերակայում է այն խոսույթը, որ Ռուսաստանը մեր՝ հայերիս նկատմամբ թշնամաբար է տրամադրված: Հայաստանցիների փոքրամասնության մոտ դեռեւս պահպանվել է այն համոզմունքը, որ դա մեզ բարեկամ երկիր է:

Իսկ ինչո՞ւ դուրս չգալ «բարեկամ-թշնամի» պարզունակ պարադիգմից եւ չփորձել հասկանալ այս կամ այն երկրի «վարքի» դրդապատճառները: Դրան ուղղված առաջին քայլն այն է, որ դու այլեւս քեզ չես պատկերացնում տիեզերքի կենտրոնում եւ չես ենթադրում, որ քեզ շրջապատողների վարքը պայմանավորված է միմիայն քո հանդեպ վերաբերմունքով: Այսինքն՝ գնահատման միակ չափանիշն այն չէ, որ նա քո հանդեպ «բարոյական» է, թե «անբարոյական», «թշնամի» է, թե «բարեկամ»:

Կարծում եմ, իրականությունը շատ ավելի խորն է հասկացվում, երբ թե՛ անձնական կյանքում, եւ թե՛ հատկապես միջազգային հարաբերություններում այն, ինչ կատարվում է, «քեզ վրա չես վերցնում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Չհասկցուիլը, սխալ հասկցուիլը, մակերեսային կերպով կարդացուիլը, դժբախտաբար *համացանցային դարուն* վերաբերող խնդիրներ չեն միայն: Բոլոր ժամանակներուն ալ եղած է այս շատ անարդար երեւոյթը: Երբեմն նոյնիսկ ողբերգական հետեւանքներով: Եւ որոշ պարագաներու, դարերու ընթացքին իսկ, չի սրբագրուիր: Թիւրիմացութիւն կը դառնայ յաւերժական:

    Ռուսաստանի նիւթով, հայերու միջեւ *խուլերի երկխօսութիւնը* կրնայ հեշտօրէն դարմանուիլ, եթէ պարզապէս Ռուսաստանը սիրող կամ անոր վստահող կողմը հասկանայ թէ՝ միւս, հակառակ կողմին մէջ կան շատ մը հայեր որոնց կեցուածքը այս նիւթին մէջ նոր է, կը հակադրուի իրենց անցեալի մտածումներուն եւ դիրքորոշման, եւ հիմնուած է Սեպտեմբեր 2020էն մինչեւ ներկայ ժամանակամիջոցի դաժան իրադարձութիւններուն վրայ:

    Անկէ ետք, կը մնայ որ կատարուի ճիգ մը եւս: Փաշինյանի նկատմամբ – եթէ ոչ լրիւ արդարացի, բաց վստահաբար՝ հասկնալի – ատելութեան պատճառով, որպէս դրա հետեւանք, չկառչիլ Ռուսաստանի հանդէպ կոյր ու կրքոտ, հիւանդագին սիրահարութեան մը մէջ:

    Հայդուկ Շամլեան

  2. Հայ says:

    Ծանր մի տարեք,որ ձեզ ճիշտ չեն հասկանում։ Շեքսպիրը պիես էր գրել մի պարանոյիկ մարդու մասին,որը հալյուցինացիաների պատճառով կործանեց մի ամբողջ երկիր,բայց մարդիկ արդեն 400 տարի մտածում են,որ պիեսը արդարության ասպետի մասին է, որը մինչև վերջ կռվեց չարի և ստի դեմ։
    Հազարավոր ռեժիսորներ,դերասաններ,թատերագետներ հարյուրամյակներով ուսումնասիրել են Շեքսպիրին,բայց ոչ ոք նրա գրածից բան չի հասկացել։

  3. Լավատես says:

    Այսօր ոչ միայն կապիտալիզմն է ճգնաժամի մեջ, չի զարգանում նաեւ մեր սիրած ժողովրդավարությունը: Կապիտալիզմի ճգնաժամը պայմանավորված է մենաշնորհությամբ եւ դրանից հետեւող շահութաբերության բարձր տոկոսներով, իսկ ժողովրդավարությունը չի զարգանում ու վերջ: Կապիտալիզմի հիվանդությունը շատ հեշտ է բուժվում. ուժեղը ծառայում է թույլին եւ թույլից ուժեղ դարձնում, խելոքը ծառայում է ոչխելոքին եւ նրան խելոք դարձնում, ունեւորը ծառայում է չունեւորին եւ չունեւորից ունեւոր դարձնում, ոգեղենը ծառայում է փոքրոգիին եւ նրան խիզախ դարձնում: Ժողովրդավարության հիվանդությունն էլ է շատ հեշտ բուժվում. հիշենք մեր արքաների ժամանակները, երբ արքաներն իրար ճանաչում էին եւ իրենց միջից ամենաարժանիին արքայից արքա ճանաչում: Այսօրվա ժողովրդավարության սկզբունքների համաձայն մեր համայնքներն իրար պետք է ճանաչեն որպես համայնքներ եւ միաձայն վերհամայնքային կառույց ստեղծեն իրենց միջոցներով, որը պետություն է կոչվում: Պետությունը ծառայում է համայնքներին, համայնքները ծառայում են ընտանիքին, ընտանիքը ծառայում է երեխային, երեխան ազգի եւ մարդկության ներկան ու ապագան է: Հակառակ ուղղությամբ ծառայությունը բերում է ազգի եւ մարդկության ոչնչացման: Մեր ժողովրդի գեների մեջ կան մարդկության լավագույն հատկանիշները, դրա համար մեզ խնդիր չի լինի ինքներս մեզ ինքնաբլոկադա հայտարարենք եւ միայն մեր միջոցներով առողջանանք: Լոռվա համայնքը ճանաչում է Արցախի համայնքը եւ միաձայն որոշում են ստեղծել վերհամայնքային կառույց, որը կպաշտպանի այդ համայնքների ռազմավարական արժեքները: Համայնքներ Հայքի, իրար ճանաչեք, ստեղծեք Հայքն ու ծառայեք ձեր ընտանիքներին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031