Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Սերգեյ Լավրովի ասուլիսի հստակ ենթատեքստն էր, որ Նիկոլ Փաշինյանը չի սպասարկում ձեր երկրի շահը»

Հունվար 20,2024 00:02

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի հիմնահարցի կարգավորման Հայաստանի իշխանության իրականացրած  գործունեության շուրջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջին ասուլիսում արած հայտարարություններին՝ ասաց․ «Եկեք շատ կարեւոր մի հանգամանք հասկանանք։ Ակնհայտ է, որ հաջորդը նման կոշտ շեշտադրմամբ արդեն լինելու է Ռուսաստանի նախագահի ուղիղ արձագանքը։ Որովհետեւ այդպես է․ սկսում է Պեսկովը, նրանից, ինչպես ասում են, պասը վերցնում է Մարիա Զախարովան, հիմա հասել ենք այն հարթությանը, որ ՌԴ ԱԳ նախարարն է ուղղակիորեն ոչնչացնում Հայաստանի իշխանություններին։ Հաջորդ պատասխանն այս իշխանությունն ստանալու է Ռուսաստանի նախագահից։

Լավրովը մի քանի կարեւորագույն բացահայտում արեց; Այն, որ Նիկոլը ասում է, թե Արցախը հլը 17-րդ դարում, բրոնզե դարում, քարե դարում, նեանդերթալցիների ժամանակ հանձնված էր Ադրբեջանին, Լավրովն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց էր եւ կողմերի միջեւ կար ըմբռնում, որ այն պիտի շարունակել քննարկել։ Բայց ԼՂ կարգավիճակի հարցը փակել է  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում՝ պաշտոնապես Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Ավելին։ Նա հավելում է, որ իրենց համար անակնկալ էր, շոկային էր նման հայտարարությունը։ Այսինքն, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի վարչապետի կողմից։ Սա մի փաստարկ է, որի մասին չեն կարող ասել, թե Լավրովը սուտ է ասում,թե  Լավրովի ջեբը պլան են գցել, Լավրովին Սերժն ու Ռոբը կաշառել են։ Մարդը հստակ է ասել։ Հիմա տղա՞ է, թող ԱԺ-ում կամ կառավարության առաջիկա նիստում վեր կենա, պաշտոնապես  ասի, որ Լավրովը ստախոս է։ Նիկոլ, ես դրան եմ սպասում։

Երկրորդ։ Ի՞նչ է անընդհատ ասում Նիկոլը․ Ադրբեջանն Մեղրու միջանցքն ուզում է։ Իսկ ի՞նչ ասաց Լավրովը։ Ասաց՝ Մեղրու միջանցքի մասին խոսք չկար։ Եռակողմ համաձայնագրում հստակ նշված կա, թե խոսքն ինչին է վերաբերում եւ որտեղ պետք է կանգնեն ռուս սահմանապահ զորքերը։ Լավրովի խոսքի ենթատեքստից հասկացվում է, թե ինչի է Նիկոլը խոսում Մեղրու միջանցքի մասին։ Այսինքն, կա մի պայմանավորվածություն, որը ռուսական կոնտենտից դուրս է, որ այդ պայմանավորվածությունը Փաշինյան-Ալիեւ հարթակում է եւ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը նախապատրաստում է միջանցքը Ադրբեջանին տալու համար։

Հիմա մի վայնասուն է բարձրացել, թե Լավրովի ասուլիսը հակահայկական էր։ Ոչ։ դրա հստակ ենթատեքստն էր, որ Նիկոլ Փաշինյանը չի սպասարկում ձեր երկրի շահը։ Եվ եթե այս ամենը մեզ հարմար է՝ Լավրովին էլ է հարմար, Պուտինին էլ, Մակրոնին էլ, Միշելին էլ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031