«Հայկական իշխանությունը հայտարարում է, որ Արցախի էջը փակված է համարում եւ ստացվում է, որ Ֆրանսիան արցախյան էջն, առնվազն իր հայտարարության մակարդակում, փակված չի համարում եւ քայլեր է ձեռնարկում, որ այդ հարցը մնա օրակարգում: Կարծում եմ, նաեւ այդ է պատճառը, որ Հայաստանից առնվազն ոգեւորություն չի նկատվում այդ հարցի հետ կապված»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:
– Իլհամ Ալիեւի` բավական բաց տեքստով արած հայտարարություններին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նոր թեզ առաջ քաշեց` «սպառազինությունների փոխադարձ վերահսկում». ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս է դա հնարավոր, առհասարակ, աշխարհում նման պրակտիկա կա՞։
– Միջազգային պրակտիկայում արդեն իսկ սահմանված մոտեցումներ եւ չափանիշներ կան՝ պետությունների ռազմական կարողությունները վերահսկելու մեխանիզմի հետ կապված: Մասնավորաբար, ՄԱԿ-ի տարբեր բանաձեւերով դա արտահայտվում է: Սակայն, պետք է նշեմ, որ Ադրբեջանը նույնիսկ գործող այդ մեխանիզմների պահանջներին չի հետեւում եւ տեւական ժամանակ է, ինչ միջազգային այդ պահանջներով սահմանված պարտավորությունները չի իրականացնում: Այսինքն, տեղակ չի պահում պետություններին, թե ի՞նչ սպառազինություն է ձեռք բերում, ի՞նչ քանակով եւ այլն: Ուստի, բավականին տարօրինակ է, առնվազն այս իրավիճակում, Նիկոլ Փաշինյանի նման առաջարկը: Մանավանդ որ, ոչ մի մանրամասնություններ չի ներկայացնում, թե, այսպես ասենք, գետնի վրա, այդ ամենն ինչպե՞ս պետք է իրականանա: Եթե Ադրբեջանն արդեն իսկ գործող միջազգային մեխանիզմներն է արհամարհում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ երկկողմ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի բանակցել եւ ձեռք բերել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան այդ ամենն իրականացնել:
Եթե անկեղծ՝ մտահոգություններ ունեմ, որ նման առաջարկն, ինչ-որ իրավիճակում, կարող է մեր դեմ օգտագործվել, այն իմաստով, որ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի կարողանա միակողմանի վերահսկողություն սահմանել, ինչը Ալիեւի շուրթերով եւ տարբեր առիթներով ասվել է: Ադրբեջանը փորձում է հնարավորինս վերահսկողության տակ պահել ՀՀ ԶՈՒ կարողությունները եւ եթե որեւէ վտանգ տեսնեն իրենք մեր կողմից, ամեն ինչ անելու են այդ վտանգը չեզոքացնելու համար: Այս իմաստով, պետք է շատ զգույշ լինենք նման որակի հայտարարություններում, որպեսզի Ադրբեջանին, հարմար պահին, հնարավորություն չտանք դա միակողմանի օգտագործելու:
Կարդացեք նաև
– Նիկոլ Փաշինյանի` ժամանակին արած մեկ այլ առաջարկը` զորքերի հայելային հետ քաշումը, տեսանք, թե ինչով ավարտվեց։ Սա՞ ինչի կհանգեցնի։
– Ես կարծում եմ, որ «սպառազինությունների փոխադարձ վերահսկման» առաջարկն արժանանալու է այն նույն ճակատագրին, ինչ որ «զորքերի հայելային հետքաշման» առաջարկը: Այսինքն, Ադրբեջանը չի համաձայնվելու եւ եթե հաշվի առնենք Ադրբեջանի միջնաժամկետ ու հատկապես երկարաժամկետ նպատակները, իսկ դրանք գաղտնիք չեն, ապա այդ համատեքստում նույնպես, առնվազն, անտրամաբանական է որակվելու այդ առաջարկը:
Ամեն դեպքում, որեւէ տրամաբանական մեխանիզմ չեմ կարողանում այս պահին պատկերացնել, թե այդ ամենը մենք ո՞նց ենք իրականացնելու, ի՞նչ է տեղի ունենալու: Ասենք, ադրբեջանական կողմից ինչ-որ պատվիրակությո՞ւն է գալու Հայաստան եւ մեր սպառազինությունը վերահսկի, թե՞ հայկական կողմից պատվիրակություն է գնալու եւ Բաքվում փորձելու է ինչ-որ թղթերի հետ ծանոթանալ, ինչ-որ գործողություններ է իրականացնելու, հատկապես այն պարագայում, երբ նմանօրինակ տեղեկատվությունը ցանկացած պետության համար համարվում է ռազմական եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն: Այդ պատճառով եմ կարծում, որ այս առաջարկը եւս մերժվելու է:
– Ամերիկյան Stratfor ուղեղային կենտրոնի վերլուծությամբ, մեծ հավանականություն կա, որ ամռանն Ադրբեջանը հարձակում կգործի Հայաստանի հարավային ուղղությամբ, Ալիեւն էլ իր վերջին հարցազրույցում խոսեց այն մասին, որ ցանկացած տարբերակով ձգտելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանալ։ Նաեւ տարածաշրջանային վերջին սրացումները նկատի ունենալով` ի՞նչ սպասել։
– Ադրբեջանական կողմի հավանական վարքագիծը եւ նրանց քայլերը կանխատեսելու համար, կարծում եմ, բավական է հետեւել նրանց ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությանը եւ վերլուծել նրանց կողմից իրականացված զորավարժությունների սցենարները: 2023 թվականի ընթացքում, Ադրբեջանը, տարբեր մասշտաբների, մոտ 100 զորավարժություն է իրականացրել, որոնց սցենարներից, առնվազն, հստակ երեւում է, որ պատրաստվում են հերթական մարտական գործողություններին: Կարծում եմ, միջազգային տարբեր կենտրոնների արձանագրումներն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հենց հիմնականում այդ զորավարժությունների, դրանց սցենարների վերլուծությունների հիման վրա են արվում: Հավելյալ տարբեր տեղեկատվություններ գումարելով, կանխատեսումներ են անում, բայց հիմնական ինդիկատորը հենց ադրբեջանական ԶՈւ զորավարժությունների սցենարներն են:
Այս համատեքստում, կարծում եմ, որ այս ամենը մենք պետք է շատ սթափ եւ լուրջ գնահատենք, համապատասխան միջոցառումներ իրականացնենք, որպեսզի պետության դիմադրողականությունը հնարավորինս բարձրանա:
– Ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ:
– Առնվազն, պետք է փորձենք զորավարժություններ իրականացնել՝ ներգրավելով հասարակական տարբեր շերտեր՝ սկսած պահեստազորից, վերջացրած պետական կառավարման ողջ համակարգով: Սա է գետնի վրա միակ երաշխիքը, որ մենք կարող ենք դիմակայել սպասվող մարտահրավերներին: Հակառակ դեպքում, ադրբեջանական ախորժակն այլ կերպ զսպել հնարավոր չի լինելու:
– Ունե՞ք տեղեկություններ, պատրաստվո՞ւմ են իշխանությունները նման մասշտաբային զորավարժությունների, քանի որ հրապարակային հայտարարություններ կամ գործողություններ չկան:
– Ես նման տեղեկություններ չունեմ: Դրա մասին ռազմաքաղաքական ղեկավարները պետք է խոսեն: Տարբեր մարդկանց, տարբեր հասարակական շերտերի հետ շփումներ կան, բայց տեղեկություններ, որ զորավարժություններ են պլանավորվում, այն էլ նման մասշտաբի, չկան:
– Մեզանում շատ չարչրկվեց ֆրանսիական զենքի թեման. ձեր գնահատմամբ, այդ պայմանագիրն ինչպիսի՞ն է, ի՞նչ ակնկալել։ Ի դեպ, Ֆրանսիայի Սենատը օրերս կոշտ բանաձեւ ընդունեց` Ադրբեջանից նաեւ պահանջելով արցախցիների անվտանգ վերադարձի ապահովում, ԵՄ-ն էլ` խոսնակի մակարդակով, խոսեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
– Մերօրյա իրականությունում, զենքի գները, կարելի է ասել՝ օր օրի թանկանում են, քանի որ ամբողջ աշխարհում պահանջարկն է մեծացել եւ բնական է, որ շատ քիչ պետություններ են լինելու, որոնք պատրաստակամություն եւ հնարավորություն կունենան այս կամ այն չափով զենք եւ զինամթերք մատակարարել: Այս իմաստով, կարեւոր եմ համարում, ցանկացած երկրից, ցանկացած զենքի ձեռքբերում, բայց այստեղ մեկ այլ կարեւոր բաղադրիչ էլ կա. բացի զենքի ձեռքբերումից, այս զենքերը պետք է փորձել արագ ինտեգրել մեր Զինված ուժերում, իսկ այդ գործողությունն արդյունավետ իրականացնելու համար, կարծում եմ, լավագույն մեխանիզմներից է զորավարժությունների իրականացումը: Ցավոք, 2020 թվականից մինչ այս պահը հայկական կողմը ոչ մի զորավարժություն չի իրականացրել, բացառությամբ խաղաղապահների մասնակցությամբ փոքր զորախաղերը: Մասշտաբային զորավարժություններ, ցավոք, չենք իրականացրել մինչ այս պահը:
Իսկ ինչ վերաբերում է Սենատի հայտարարությանը, նման հայտարարությունները կարեւոր են եւ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հնարավորինս շատ նմանօրինակ հայտարարություններ կարողանա «պոկել» միջազգային տարբեր գործընկերներից: Բայց, պետք է նաեւ արձանագրել, որ Սենատի ընդունած որոշումը հնարավոր է՝ որոշակի հակասություն ունենա հայկական կողմի՝ Ադրբեջանի հարցում, մասնավորաբար, Արցախի հարցում, որդեգրած դիրքորոշման հետ: Հայկական իշխանությունը հայտարարում է, որ Արցախի էջը փակված է համարում եւ ստացվում է, որ Ֆրանսիան արցախյան էջն, առնվազն իր հայտարարության մակարդակում, փակված չի համարում եւ քայլեր է ձեռնարկում, որ այդ հարցը մնա օրակարգում: Կարծում եմ, նաեւ այդ է պատճառը, որ Հայաստանից առնվազն ոգեւորություն չի նկատվում այդ հարցի հետ կապված:
– Հնարավո՞ր է՝ սա հաջորդ իշխանության համար բաց թողնվող դուռ է:
– Հնարավոր է: Մնացյալը՝ ժամանակը ցույց կտա:
– Իշխող ուժը ներկայացնող Գագիկ Մելքոնյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը ստացել է ՌԴ-ի հետ կնքված զենքի պայմանագրով նախատեսված սպառազինության մի մասը: Նա չմանրամասնեց, թե ինչի՞ մասին է խոսքը: Ի դեպ, այդ պայմանագիրը կնքվել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք, այս իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ չէին կարողանում ստանալ այդ սպառազինությունը, հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գումարը փոխանցել են, զենքը տեղ չի հասնում. հիշեցնեմ նաեւ, որ այս իշխանավորները բավական թերահավատ են արտահայտվում ռուսական սպառազինության մասին՝ դրանք անորակ, մետաղի ջարդոն համարելով: Նաեւ 44-օրյայից հետո, մի քանի դրվագներով, Նիկոլ Փաշինյանն է հեգնական արտահայտվել. այս առիթով ի՞նչ դիտարկումներ կանեք:
– Ռուսական սպառազինությունն այպես չէ, որ մետաղի ջարդոն է, անորակ է եւ այլն, ինչպես շատ դեպքերում բնութագրվեց, այլ տարբեր իրավիճակներում, օրինակ՝ հենց ուկրաինական հակամարտության մեջ, շատ հստակ երեւաց, որ ռուսական զենքեր կան, որոնք բավական արդյունավետ են: Հարցն այն է, թե ինչպե՞ս ենք կիրառում այդ սպառազինությունը եւ ինչպե՞ս ենք կարողանում արդյունավետ օգտագործել դա: Այլապես, միանշանակ ասել, որ ռուսական սպառազինությունը մետաղի ջարդոն է, առնվազն անգրագիտության եւ ոչ կոմպետենտության մասին է խոսում:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2024