Ես լիբանանահայ եմ, մեծացել եմ Լիբանանում, միջին դասակարգի զավակներից եմ, հայկական թաղամասերից, իմ պարամետրի մեծ մասը Հաճընից մինչեւ Բուրջ Համուդ մի փոքր տարածքով էր սահմանվում: Այս տարածքները հիմնականում լիբանանահայերով էին բնակեցված: Քաղաքացիական պատերազմի օրերին` պառակտված համայնքներում լիբանանցի քրիստոնյաները շեշտադրում էին, պնդում, որ լիբանանցի են եւ ոչ արաբ, մինչդեռ մահմեդական համայնքը բաժանված էր երեք կրոնական խմբերի միջեւ, յուրաքանչյուրը, չնայած պնդել է լիբանանյան արաբական ինքնությունը, չէին վստահում միմյանց: Ինքնության պահպանումը լիբանանցիների մեծամասնության համար պարտադիր եւ մահու ու կենաց հարց էր: Յուրաքանչյուր կրոնական խումբ փոքրամասնություն էր, որը ճգնաժամին եւ ինքնության շփոթին ավելացրեց կես միլիոն պաղեստինցիներ, որոնցից շատերը պարտիզաններ, հազարավոր սիրիացիներ եւ մեծ օկուպացիոն սիրիական բանակ: Այնտեղ, որտեղ ինքնության պահպանումն ու շեշտադրումը էական էր, ինքնությունը մեծ հպարտությամբ հայտարարելու անհրաժեշտության հետ միախառնված պատվի հարց էր, լիբանանահայերը բացառություն չէին, եւ տեղում իշխող հայ քաղաքական կուսակցությունները, երկու խոշոր կուսակցությունները` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որը իշխող ուժն էր Բեյրութի Հաճըն եւ Պադավի փողոցներում, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնն էր Պուրջ Համուդում (Լեռնային Լիբանանի մաս): 2 տարածքները բաժանված էին կամուրջով, եւ այս երկու կուսակցություններն իրենց հեղափոխական ռազմական պատմությամբ ներկայացնում էին ազգային հպարտության ոգիի աղբյուր եւ ոգեշնչում: Ինձ միշտ դիտել են՝ որպես ազգային եւ նույնիսկ ազգայնական, ե՛ւ որպես լիբանանցի, ե՛ւ հայ, գոյատեւման բնազդը շատ լավ արմատավորված է լիբանանահայության խառնվածքի եւ բնազդի մեջ: Եվ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությանը համարում էինք ջահակիր եւ ազգային հպարտության փարոս, անկախ Հայաստանի ներսում ռեժիմից, Երեւանը եւ օկուպացված Արարատը մեր երգերի, մեր հոգու հույզերի եւ ոգու մեջ ներկա էին։ Պատկերացրեք, թե ինչպես կվերաբերվեինք Լիբանանում, եթե որեւէ հայ հանդգներ անգամ կասկածի տակ դնել Արարատ լեռան ինքնությունը, եւ թեեւ ես այս հոդվածում ոչ մի կերպ չեմ քարոզում եւ խրախուսում բռնությունը, ոչ մի հայ չէր հանդուրժի կամ թույլատրի կասկածի տակ դնել մեր ազգային դատը, պահանջատիրությունը եւ Հայոց ցեղասպանությունը, սա սրբազան տաբուներ էին եւ կարմիր գիծ, որը երբեք չպետք է հատել:
Վերջին մի քանի տարիներին հանրապետության ներսում անընդհատ մտքեր եմ լսում, որոնք սկզբում տարօրինակ էին թվում, բայց նախ շատ չէի մտածում դրանց մասին, նրանք գալիս էին շշուկով, հետո կիսաամաչկոտ ցածր ձայներով, դադարներով, բայց հիմա դրանք դառնում են հստակ եւ ակնհայտ, առանց քողարկման, իրականում դրանք այժմ ինտենսիվ են դարձել բարձր ռիթմով։ Տարօրինակն այն է, որ մինչ ակնկալում էի վրդովմունքի հսկայական ալիք հայկական սփյուռքում, հիմա տիրում է լիակատար երկաթյա լռություն, որտեղ այս լռությունը քաղաքականապես կարող է մեկնաբանվել միայն մեկ եզրակացությամբ, համաձայնությամբ, մասնակի կամ ամբողջական, եւ բողոքող ձայները` դրանք միայն հազվադեպ եւ անհատական մակարդակի վրա են:
Իմ ազգային քաղաքական վարդապետական Ավետարանը
Հայ քաղաքական ընտանիքը փոխե՞լ է իր համոզմունքները։ Եթե այդպես է, թող լինեն թափանցիկ եւ հստակ, եւ անկեղծորեն հայտարարեն, հակառակ դեպքում կոչ կանեմ նրանց պահպանել այն սուրբ սկզբունքները, որով իրենք դաստիարակել են ինձ: Եվ քանի որ կոչ եմ անում վերադառնալ արմատներին, մեր քաղաքական գաղափարախոսական ազգային ուղենիշների հիմքերին, ապա դիմում եմ նման պատմական ազգային ուսուցիչ Ռահվիրա Ստեփան Սաբահ-Գյուլյանին, այն պատմական գրքով, որը նա ավանդել է մեզ որպես ուղեցույց, փարոս եւ ջահ, գիրքը, որը ես համարում եմ իմ հայկական ազգային գաղափարական վարդապետական քաղաքական Ավետարանը։ Եվ ինչպես Սուրբ Աստվածաշունչը, առօրյա կյանքում էլ իմաստուն պատմություններ ունի, որոնք նկարագրում են իրավիճակը, այնքան այժմեական, ասես գրված է այսօր: «Պատասխանատուները» նկարագրում է մեր թուլություններն ու թերությունները, որ մենք ազգովի հանգեցրել ենք Հայոց մեծ եղեռնին, կարող եմ նույնիսկ մի պահ կարծել, թե Սաբահ Գյուլյանն այս գիրքը գրել է մեր հայի վարքի եւ վերաբերմունքի մասին նոր վերջին տասնամյակում։ Ուստի առայժմ ներկայացնեմ հատվածներ գրքից:
Կարդացեք նաև
«Իտտիհատ» ասիրութիւնը (երիտթրքասիրութիւնը, թրքասիրութիւն) հայութեան մէջ
«Մենք չէինք հաւատում, որ Թիւրքիան կարող էր բարեկարգուիլ, գոյութիւն ունենալ: Տեսնում էինք, որ մեր՝ Հայ Ազգի եւ «Իտտիհատ»ի, թուրք ազգայնականութեան միջեւ կայ, գոյութիւն ունի ներքին, ծածուկ, անողոք մի կռիւ, պատերազմ, թէեւ խաղաղ ձեւերի տակ երբեմն, աւելի յաճախ՝ բուռն կերպով, թրքական պատմական մեթոտներով: Ասում էինք, որ «բարոյական ո՛չ մի յարաբերութիւն» նրան չէր կապում մեզ՝ Հայերիս հետ, որ նա վաղ՝ ուշ ծովածփանք պիտի յառաջացնէր մեզ խեղդելու, վերջնական ընկղմումի ենթարկելու». Թիւրքիա ոտք կոխած օրից, 1908-ից, մեր Կուսակցութեան առաջին խօսքն եղաւ, որ գոյավիճակը, եղածը զինադադար իսկ չէր. ուստի հարկաւոր էր զինուիլ, կազմակերպուիլ, պատրաստուիլ, ուժ հաւաքել: Անցեալից պէտք էր օգտուիլ: Ներկայացած հանգամանքները, պատեհ առիթը պէտք չէր փոխանցել. հրամայականն էր՝ զէնքի ուժ մթերել՝ իր բոլոր ձեւերի տակ, եւ ամէն րոպէի համար պատրաստ լինել: ….Բայց եղան էլ ծանծաղամիտներ, թուլամորթներ, յամենայն դէպս պահպանողականներ, չմտածողներ, անուղեղներ, որ սկսեցին մեզ դէմ գոռգոռալ, մեզ պարսաւել, մեզ դատապարտել՝ որպէս որոշ միտումներով առաջնորդուողներ.- յեղափոխականներ, որ միտք ունէինք կանխամտածմամբ, լոկ խելքի փչոցից մղուած, տիրող խաղաղութիւնը խանգարելու, անհարկի յուզումներ, եւ խռովութիւններ, ապստամբութիւններ յառաջացնելու եւ նորանոր կոտորածների պատճառ տալու…. Ու տիրեց ասիական անշարժութիւնը, անփութութիւնը: Կանխապատրաստութեան անհրաժեշտութիւնը բարձիթողի եղաւ: Լսենք: Ինքնապաշտպանութի՜ւն, զէ՜նք, պատրաստութի՜ւն,- դրանց ո՛չ պէտքը կար, ո՛չ էլ տեղը. սա էր մեր հակառակորդների հակաթէզը: Նրանք մեզ հակաճառում, ասում էին, որ ինքնապաշտպանութի՜ւն, զէ՜նք ինչո՞ւ համար են. դրանց ի՞նչ հարկ կար, քանի որ «սահմանադրութիւն» գոյութիւն ունէր:
…ՎԱԽԻ, ԵՐԿԻՒՂԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ. Անցեալի կերած հարուածներից՝ ժողովուրդը վախի, երկիւղի զգացումով էր պաշարած՝ շատ տեղերում: Զէնքի պատճառով կրած հալածանքները իր մէջ ծնեցրել էին մի տեսակ զինատեցութեան ոգի: Ու երբ մենք՝ «զէ՜նք», «պատրաստութի՜ւն» էինք աղաղակում, մեզ պատասխանում էին շատ կողմերից, թէ ի զուր ուշադրութիւն էք հրաւիրում մեր վրայ, պատճառ տալիս կասկածի, անվստահութեան. դա յանցանք է, որովհետեւ տխուր օրեր այլեւս չեն վերադառնալ եւ դրանց պէտք չենք ունենալ, «Եթէ զէնք ունենայինք, խոփ պիտի դարձնէինք, խաղաղ ժամանակը եկաւ. հիմա ամէն մարդ իր վաստակին պիտի նայի»: Այսպէս էր բացատրում իրերի դրութիւնը մի հրապարակախօս, որի ասած-խօսածը մասնաւոր արժէք իր շրջապատի, իր հետեւողների համար, որոնք թուով արհամարելի չէին՝ սակայն: … Հայաստանի զանազան անկիւներից մասնակի կոտորածների, բռնաբարութիւնների լուրեր են հասած: Մեղադրւում է Հայ Յեղափոխականը. նա է, դարձեալ նա է գրգռողը. նա է պատճառ տուողը. եթէ ոչ՝ հայ գիւղացին հանդարտ կը մնար, վիզ կը ծռէր, ձայն չէր հաներ, զօրաւորի առաջ կը խոնարհէր եւ իր գլխին այդ փորձանքները չէր բերեր: Հայ Յեղափոխականներն էին նրան ոտքի հանողը, սխալ գաղափարներ տուողը եւ նրա տունը քանդելու իսկական պատասխանատուները. եթէ Յեղափոխականները չլինէին, դրանցից եւ ո՛չ մէկը կարող էր պատահել: … Ընդդիմադի՛ր, ըմբոստացի՛ր, զէ՛նք առ, կռուի՛ր, հայ ժողովուրդ, քո փրկութիւնդ քեզանից, քո բազուկիցդ պիտի սպասես, ու դրա համար էլ արեան լճերի միջից պիտի անցնես, ազատութեանդ ուղին սա է. – ասել էր, քարոզել էր Հայ Յեղափոխականը՝ դեռ տասնեակ տարիներ առաջ, եւ ահա մարդիկ, էֆէնդիներ, կեանքը վայելող հարուստներ, ո՛չ թէ կղզիացած անհատներ, այլ ընկերային որոշ խմբաւորումներ, որոնք պատուի, անհատական, ազգային աշխատանքի իրաւունքների մասին բոլորովին տարբեր գաղափարներ ունէին. գաղափարներ՝ որ իրենց կեանքին ուղղութիւն էին տալիս, իրենց վարուելակերպին, բարոյական հասկացողութիւններին՝ ընթացք. գաղափարներ՝ որոնց տարրերը հազիւ թէ այդքա՜ն անարատութեամբ գտնուէին Միջին Դարերի ճորտերի ուղեղի մէջ»:
Սապահ Գյուլյանը գրում էր, թե հայերը նույնիսկ Ադանայի կոտորածից հետո չարթնացան: Չարթնացանք նաեւ Արցախի էթնիկ զտումից հետո, կշարունակեն խաղաղության հույս փայփայել, մոռանալով, թե միայն զինված հայը կարող է խաղաղության հասնել: Արժե նշել Սապահ Գյուլյանի գաղափարական դպրոցի հետեւորդ Ռադիկ Կարապետյանին. «Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուներ» աշխատությունը Հայաստանում քիչ հայտնի, նվազագույնս ուսումնասիրված եւ հայաստանյան ընթերցողին անծանոթ աշխատություն է, ինչ որ տեղ կարելի է ասել, որ Ստեփան Սապահ-Գյուլյանը լինելով 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի առանցքային հայ քաղաքական, հասարակական գործիչներից մեկը՝ անհայտ է Հայաստանում։ Ստեփան Սապահ-Գյուլյանի աշխատությունը այդ եզակի աշխատություններից մեկն է, որն ընձեռում է հնարավորություն ծանոթանալ ժողովրդական բոլոր շերտերի տրամադրություններին, այն ընթերցողին ցույց է տալիս մեզ դասագրքերից ու հանրաճանաչ գրականությունից դուրս մնացած պատկերներ՝ համեմելով հեղինակի մեկնաբանություներով։ Գիրքն առավելապես կենտրոնացած լինելով 1908-1914թթ. իրադարձությունների ու իրականության վրա՝ իր բովանդակությամբ գալիս է ցրելու մի շարք անհեթեթ պնդումներ, ինչպիսիք են այն պնդումները, թե հայ ժողովուրդն աջակցում էր Իթթիհադին, թե պատրաստ չէր, տեղյակ չէր գալիք ցեղասպանության արհավիրքին, եւ եթե հայ ժողովուրդը չդիմեր ապստամբությունների՝ կապրեր խաղաղ, մեկ ընդհանուր օսմանյան հայրենիքում։ Հատկանշական է նաեւ Սապահ-Գյուլյանի անձնական քաղաքական հասունությունն ու նրա քաղաքական «հոտառությունը», պարզ ու չոր հաշվարկների միջոցով գալիք իրադարձությունների կանխատեսումը, ինչը հատկապես երեւում է, ոչ միայն ինքնապաշտպանության նախապատրաստություններից, այլեւ դեռ 1913թ.-ին Կոնստանցիայում Իթթիհադի պարագլուխների ոչնչացման նրա առաջ քաշած ծրագրից՝ գալիք ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով, ինչը՝ ցավոք, չհաջողվեց։ «Պատասխանատուները» քաղաքական հասունության դաս է տալիս հարյուրամյա հեռավորությունից եւ այն չի ավարտվում հերթական «վայ-վույով» կամ սեւ ճակատագրի անեծքով, նույնիսկ կոտրված ու ջախջախված վիճակում այն նշմարում է վաղվա օրը, վաղվա աշխատանքը ու վաղվա պայքարը, որը սկսվել է այսօր։ Կարեւոր հանգամանք է նաեւ, որ գիրքը չի կոչվում «Մեղավորները» կամ «Միակ մեղավորը», այն կոչվում է «Պատասխանատուներ», այս երկու հասկացողությունների մեջ կան շատ հստակ տարբերություններ»:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
19.01.2024