Հարցազրույց բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ
– Բժիշկ Ասրյան, քանի որ մեր զրույցի թեման՝ սեքսը պատերազմի ժամանակ եւ հետո, մեզանում չխոսվող, չքննարկվող է՝ ի տարբերություն Ռուսաստանի, Արեւմուտքի, թույլ տվեք առաջին հարցը բացառության կարգով ուղղել «նախաբանով»։ Մարդը հազարավոր պահանջներ ու պահանջմունքներ ունի՝ քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական, ճանաչողական, ազգային, միջազգային, պայքարել-հաշտվելու, ճիշտ ու սխալի, լավ ու վատի, պատերազմի եւ խաղաղության, առողջ լինել-չհիվանդանալու… Թվարկածները մարդկային կյանքի խնդիրների չնչին տոկոսն են կազմում, բայց կան կենսական կոչվող պահանջներ՝ օդ, ջուր, սնունդ…, կան նաեւ պետությանը վերապահված խնդիրներ՝ անվտանգություն, աշխատանքի պայմաններ եւ այլն։ Շատ չհեռանանք թեմայից, բայց նշենք, որ դրա շուրջ խոսակցությունները դառնում են աղմկահարույց, ավելի շատ տանում են վիճաբանության, քան օգնում դրանց լուծմանը։ Տեսեք՝ վերջերս «Ռոսսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» քաղաքական հաղորդաշարի ընթացքում լրագրողը հավաստիացրեց, որ արդեն տարիներ ձգվող ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Կիեւի սեքս շոփերում «խաղալիքները» արագ են սպառվում, գնորդներն էլ, մեծ հաշվով, կանայք են… Բժիշկ, ինչի՞ց կսկսեք։
– Եթե մենք ուզում ենք որեւէ թեմա քննարկել սեռական ֆունկցիայի կյանքի հետ կապված՝ հաշվի առնելով մեր երկրում թեմայի թյուրընկալումները, մինչ թեմային անդրադառնալը՝ ես էլ սկսեմ փոքրիկ նախաբանով։ Նախ փոքրիկ ակնարկ կամ հիշեցում անենք, թե ինչի մասին է կլինիկական սեքսոլոգիան եւ ով է բժիշկ-սեքսոլոգը։ Այսպես. կլինիկական սեքսոլոգիան զբաղվում է մարդու սեռական ֆունկցիայի հետ կապված խնդիրների ախտորոշմամբ, բուժմամբ եւ կանխարգելմամբ։ Այլ կերպ ասած՝ բժիշկ-սեքսոլոգն այն մասնագետն է, ով օգնում է մարդուն լուծել սեռական կյանքում առաջացած խնդիրները եւ կանխարգելել դրանք։ Կարծում եմ՝ այսքանը բավարար է։
– Հիմա թեման՝ սեքսը պատերազմի ժամանակ եւ հետո։ Մինչ ձեր պատասխանը կուզեինք հիշեցնել կամ տեղեկացնել ռեժիսորներ Իզաբել Կլարկի եւ Դենիել Կոսլելլի «Սերը եւ սեքսը օկուպացիայի ժամանակ» ֆրանսիական վավերագրական ֆիլմի մասին, որտեղ ներկայացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինչպես են գերմանացի զինվորները զվարճացել ֆրանսուհիների հետ, իսկ երբ ազատագրվել է երկիրը, հայրենասերների զայրույթը շրջվել է դեպի այդ կանայք…
– Մինչ անդրադարձը պատերազմական ժամանակահատվածի եւ հետպատերազմյան շրջանի սեռական խնդիրներին, որոնք մեզ մոտ վերջին երեք տարիներին ավելի շատ են հանդիպում, չենք կարող չանդրադառնալ պատերազմին նախորդող քովիդի շրջանին, ինչը լուրջ խնդիրներ առաջացրեց մարդկանց սեռական կյանքում։ Հենց թեկուզ մեկուսացումը եւ խուճապն արդեն բավարար էին մարդկանց սեռական ֆունկցիան վնասելու համար։ Ինչպես նշեցի՝ ժամանակագրությամբ համավարակին հաջորդեց պատերազմը, ինչն էլ իր անմիջական դրսեւորումներով՝ կորոստներ, վիրավորներ եւ այլն, մեր երկրի խնդիրներին զուգահեռ էլ ավելի վնասվեց մարդու սեռական ֆունկցիան։
– Մի փոքր կմանրամասնե՞ք կամ կոնկրետ օրինակներ բերեք։
– Բերեմ օրինակներ իմ պացիենտներից. մարդը 24 ժամ հետեւում է լուրերին, «պեղում» ՊՆ-ի կայքը… Նման դեպքում քիչ հավանական է, որ մարդը կունենա սեռական ցանկություն ու կկարողանա գրգռվել։
– Բայց սեռական ցանկությունը «պատվերով համերգ» չէ։
– Իհարկե, «պատվերով համերգ» չէ, բայց կան իրավիճակներ, որոնցում մարդու համար առաջնայինը սեփական անձի լինելն է, գոյությունը պահպանելը։ Եթե մարդու կյանքին ուղղակի վտանգ է սպառնում, քիչ հավանական է, որ նա պիտանի կլինի սեռական ֆունկցիան իրացնելուն։ Տեսեք՝ մարդը, ով դեռ պատերազմի դաշտում չէ, առաջնայինն իր մտքում զորակոչվելն ու կամավորագրվելն է։ Ըստ այդմ՝ սեռական ֆունկցիա իրացնելը, սեռական կյանքով ապրելն առաջնային չեն կարող լինել։ Իմ պրակտիկայում հանդիպել են մարդիկ, ովքեր կարծելով, թե գուցե հետո էլ շանս չեն ունենա սեռական կյանքով ապրելու, դրսեւորել են սեռական գերակտիվություն, իրենց նորմայից շատ ավելի հարաբերություն են ունեցել այդ շրջանում։ Մեկ այլ մասնավոր օրինակ. ծանր, լարված հոգեէմոցիոնալ վիճակում որոշ մարդիկ էլ սեռական ֆունկցիայով եւ ինտիմ հարաբերությամբ կարողանում էին որոշակիորեն մեղմել իրենց վիճակը։
– Ձեր կողմից բարձրաձայնած օրինակները թիկունքում գտնվող մարդկանց մասին են։ Իսկ, այնուամենայնիվ, պատերազմի դաշտո՞ւմ…
– Պատերազմի մասնակից պացիենտներ էլ եմ ունեցել, ովքեր խուսափել են որեւէ կերպ արտահայտվել պատերազմական շրջանում իրենց սեռական ֆունկցիայի մասին։ Նշեմ, որ նման պացիենտներ ունեցել եմ հետպատերազմյան շրջանում, որոնց մոտ ի հայտ են եկել սեռական խանգարումներ։
– Կարելի՞ է բարձրաձայնել այդ խնդիրներից մեկ-երկուսի մասին։
– Առաջին հերթին՝ սեռական ցանկության նվազում, էրեկցիայի հետ կապված խանգարումներ եւ այլն։
– Իսկ կին պացիենտ, որը մասնակցել է պատերազմին, ունեցե՞լ եք։
– Ոչ, բայց հետպատերազմյան շրջանում լինում են խնդիրներ կանանց մոտ, որը ուղիղ կապված է տղամարդկանց եւ երկրի ընդհանուր վիճակի հետ։
Որոշ խմբի մարդկանց համար հասարակության մեջ առկա բացասական տրամադրությունները, տրամադրվածությունները նույնպես «օգնել» են կամ «օգնում» են սեռական կյանքում խնդիրներ ունենալուն։
– Տարածված կարծիք կա, որ տղամարդը կռվի դաշտում իր ցանկությունը բավարարում է ձեռնաշարժությամբ։
– Բժշկական սեքսոլոգիան ձեռնաշարժության հետ «գործ ունի», եթե այն վերաբերում է մանկական հասակին կամ կապված է կպչուն, սեւեռուն մտքերի, կամ էլ մեկ այլ սեռական խանգարման հետ։ Մնացած բոլոր դեպքերում «ձեռնաշարժությունը» նորմալ է թե արական, թե իգական սեռի մոտ։ Բայց, կարճ ասած՝ բժշկությունը ձեռնաշարժության հետ «կռիվ» չունի։
Այսօր եւ առաջիկայում մենք կարիք ունենք, ավելի ճիշտ՝ պետք է աշխատենք մարդկանց սեռական ֆունկցիան բարելավելու ուղղությամբ, հատկապես ամոքելով հետպատերազմյան վերքերը եւ հասարակության մեջ առկա տրամադրություններն ու տրամադրվածություններն ավելի բարենպաստ դարձնելու սեռական ֆունկցիայի համար։
Զրույցը՝
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Վահե Ասրյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից։
«Առավոտ» օրաթերթ
19.01.2024
Սամվել Դանիելյանի մոտ “Առավոտ”-ի կայքում սեքսի վերաբերյալ հարցազրույցների ուրույն շարք է ձևավորվում, օրինակ “Ամենա … ամենա … սեքսուալ դաշնակահարուհին առաջին անգամ հանդես կգա Երևանում” , “Սեքսը պատերազմի ժամանակ և հետո”, որտեղ հարցազրույց վարողն անկաշկանդ քննարկում է անգամ կռվի դաշտում գտնվողի “ձեռնաշարժության” հարցերը։
Մեր հասարակությանն իհարկե հետաքրքրում է պատերազմական թեման, որտեղ մեր անհաջողությունների վերլուծության կարիք է զգացվում, բայց չեմ կարծում, որ դրա փոխարեն հեղինակը պետք է պատերազմական սեքսը վերլուծության առարկա դարձնի։