Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կդիտարկի՞ ՀՀ-ին որպես հիմնական գործընկեր. ինչպե՞ս կազդեն Եվրոպական խորհրդարանի ընտրությունները ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա

Հունվար 20,2024 14:00

Այս հարցում նաեւ պետք է հաշվի առնել Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը, որը ոչ այնքան ուժեղ է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցում։ Եվրոպական խորհրդարանը կարող է ընդհանուր կողմնորոշում հայտնել, բայց իրավական առումով խորհրդարանը չի կարող պարտադրել ԵՄ Խորհրդին հետեւել իր հրահանգներին:

Հունիսի 6-9-ը տեղի կունենան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները։ Ակնկալվում է, որ այս ընտրությունները կլինեն Եվրախորհրդարանի պատմության մեջ ամենավիճելի ընտրություններից մեկը՝ հաշվի առնելով ծայրահեղ աջ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններում։ Կան կանխատեսումներ, որ կենտրոնամետ ուժերին կփոխարինեն ազգայնական կուսակցությունները։

Դեռ վաղ է հստակ կանխատեսումներ անել, թե ինչպիսի ելք կունենան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, բայց այն, որ սպասվում են լուրջ տեղաշարժեր, վերադասավորումներ քաղաքական հարթակներում եւ փոփոխություններ ազգային եւ ԵՄ մակարդակի քաղաքականությունում, դա փաստ է։ Այս փաստը հիմնավորված է նաեւ այն հանգամանքով, որ այս տարի ԵՄ անդամ մի քանի երկրներում եւս ընտրություններ են։ Ավստրիայում ընտրություններ տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններից հետո՝ 2024-ի աշնանը, Բելգիայում՝ Եվրախորհրդարանի ընտրությունների օրը։ Այս երկրներում, օրինակ, ըստ տարբեր կանխատեսումների՝ ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են դառնալ ամենաազդեցիկը կոալիցիոն կառավարությունների ձեւավորման հարցում:

Եվրոպական խորհրդարանի ընտրություններն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները, բանակցային գործընթացը

«Politico»-ն 2024-ը համարում է «Եվրոպայի անհանգստության տարի» եւ այսպիսի կանխատեսում անում. «Եվրախորհրդարանի՝ հունիսին նշանակված ընտրությունները ոչինչ չեն տա պոպուլիստական մեծամասնության համար: Քանի որ եվրասկեպտիկ կուսակցությունները (հանդես են գալիս ազգային պետությունների դիրքերի, նրանց ինքնիշխանության պահպանման օգտին եւ մտահոգություն հայտնում, որ հետագա ինտեգրացիան կարող է վերացնել պետությունների ազգային ինքնավարության գաղափարը) պատրաստվում են զգալի ձեռքբերումներ ունենալ. կենտրոնը կկորցնի դիրքերը՝ համեմատած 2019-ի ընտրությունների հետ։ Ֆրանսիայի եւ Գերմանիայի կառավարող կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, թուլացած են հանդես գալու, ինչը նշանակում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքերը կթուլանան»։

«Geopolitical monitor»-ի կանխատեսմամբ՝ «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վստահ է վերանշանակման հարցում, սակայն 2019 թվականից ի վեր ազգային կառավարությունների փոփոխությունները կազդեն հանձնակատարների կազմի եւ քաղաքականության օրակարգի վրա: ԵԺԿ-ն, որին նա անդամակցում է, հաջորդ ժամկետում պատմականորեն թուլացած կհայտնվի Եվրոպական խորհրդի կազմում։ Այնուամենայնիվ, ֆոն դեր Լայենը շարունակում է մնալ ամենահարմար տարբերակը ԵՄ երկրների եւ կառավարությունների ղեկավարների համար։ Այն դեպքում, երբ նա չընտրվի, մրցակցությունն ավելի սուր կդառնա»։

Հիշեցնենք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր, որ Բուխարեստում հայտարարեց, թե «Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում», որտեղ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր կնքեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ:

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ վաղաժամ վայր է դնելու մանդատը եւ մասնակցելու է ընտրություններին։ Նա արեւմտյան այն լիդերներից է, որի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնելու հարցում վերջին շրջանում աստիճաբանար աճել էր։ Նրա միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում, այնուհետեւ Պրահայում Փաշինյան-Ալիեւ-Միշել-Մակրոն հանդիպում։ Օլաֆ Շոլցը եւս ներգրավված է միջնորդական գործընթացներում։ Գրանադայում 2023-ի հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Փաշինյան-Մակրոն- Շոլց-Միշել ձեւաչափով։ Նախատեսվում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցություն այս հանդիպմանը, սակայն նա հրաժարվեց։

Այս ամենը հուշում է այն մասին, որ եթե անգամ ԵՄ արտաքին քաղաքականությունը հիմնական գծերով ՀՀ-ին հուզող հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո մնա նույնը, միջնորդական արեւմտյան հարթակի կարեւոր դերակատարների փոփոխությունն անպայման հանգեցնելու է փոփոխությունների։ Այստեղ կարեւոր է նաեւ, թե ինչպիսին կլինի վերաբերմունքը ՌԴ-ի հետ հարաբերություններում եւ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում։ Սակայն պետք է նաեւ հաշվի առնել, թե ինչ դերակատարություն եւ ինչ մանդատ ունի Եվրոպական խորհրդարանը։ Պետք է հաշվի առնել, որ այն ԵՄ-ի օրենսդիր մարմինն է, եւ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության հարցերին, Եվրախորհրդարանն ունի համեմատաբար թույլ դերակատարություն։ Այն կարող է, օրինակ, ընդհանուր կողմնորոշում հայտնել, առանձին պատգամավորներ հանդես գան քաղաքական հայտարարությամբ, բայց իրավական առումով չի կարող Եվրոպական խորհրդարանը պարտադրել ԵՄ Խորհրդին հետեւել իրենց հրահանգներին:

Բորիս Նավասարդյան

«Առավոտի» հետ զրույցում քաղաքական մեկնաբան, Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց՝ չի կարծում՝ այն փոփոխությունները, որոնք հնարավոր են եվրոպական շատ երկրներում, իսկ դա նշանակում է, որ նաեւ Եվրոպական խորհրդարանում, կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը, ազդել անմիջապես ԵՄ-ի, եվրոպական երկրների՝ ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքի վրա. «ԵՄ-ՀՀ հարաբերություններն առանձին խնդիր չեն, այլ համալիր խնդիրների մի մաս, եւ մասնավորապես այստեղ կարեւոր է, թե ինչպիսի վերաբերմունք կլինի ԵՄ-ում ՌԴ-ի եւ ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ, որի համատեքստում կա նաեւ ՌԴ-ի դերակատարությունն ընդհանրապես հետխորհրդային տարածքում, այդ թվում նաեւ՝ Հարավային Կովկասում։ Ակնկալիքներ կան, որ կենտրոնամետ ուժերին կփոխարինեն ազգայնականները կամ ամեն դեպքում կթուլանա նրանց ազդեցությունը՝ համեմատած ազգայնական կուսակցությունների։ Նման կանխատեսումներ կան առավել խոշոր  եվրոպական երկրների պարագայում՝ ինչպիսիք են Գերմանիան ու Ֆրանսիան եւ նաեւ որոշ այլ երկրների նկատմամբ։ Եվ դա, իհարկե, կարող է փոխել ընդհանրապես հետաքրքրվածությունը ԵՄ-ի՝ որպես հիմնական գործընկեր Հայաստանին դիտարկելու եւ այս տարածաշրջանում ՌԴ-ին հակադրվելու հարցում։ Այդ առումով, այո, փոփոխություններ հնարավոր են, թեեւ մենք բազմիցս տեսել ենք նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում, որ այդ ազգայնական ուժերը հակված էին աջակցել ՀՀ-ին գոնե պարզապես եւ քաղաքականապես»։

Մեր այն դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ ՀՀ որոշ շրջանակներում ԵԺԿ-ից սպասելիքները մեծ են, ու քանի որ կանխատեսվում է, որ ԵԺԿ-ն հնարավոր է դիրքերը զիջի եւ հարցին՝ դա ռիսկեր չի՞ պարունակում ՀՀ-ի համար, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «ԵԺԿ-ն ՀՀ-ի նկատմամբ բավականին բարիդրացիական վերաբերմունք ուներ մինչեւ 2018-ը, քանի որ ՀՀԿ-ի հետ էր մտերիմ ԵԺԿ-ն, եւ նույնիսկ 2018-ից հետո էլ մենք տեսնում էինք բավականին սերտ կապեր այսօր արդեն ընդդիմություն դարձած ՀՀԿ-ի եւ իր առաջնորդների հետ։ Այսօր ես չեմ կարծում, որ ունենք նույն իրավիճակը, ինչ մինչեւ 2018-ը։ Այս երկու հանգամանքները, որոնց վրա շեշտադրումներ արեցի, դժվարացնում է կանխատեսումը՝ ինչպես կլինի։ Եթե պարզունակացնենք խնդիրը՝ մի կողմից վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ ավելի վատ չի լինի ԵՄ-ի կողմից նշված փոփոխությունների պարագայում, բայց մյուս կողմից նաեւ հավակնությունները՝ ԵՄ-ի՝ դառնալ ՀՀ-ի համար առաջնային գործընկեր եւ այդ դերում փոխարինել ՌԴ-ին, դրա հավանականությունը կարող է նվազել, եթե ազգայնականներն ավելի լուրջ դիրքեր զբաղեցնեն։ Կա դժգոհություն  այսօրվա առաջնային տեղերում գտնվող քաղաքական ուժերի նկատմամբ, բայց որքանով դա էական ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, շատ վաղ է կանխատեսել»։

Մնում է միայն հետեւել, թե մինչեւ հունիս ինչ սցենարներ կզարգանան։ Սակայն մի բան ակնհայտ է՝ ինչպիսի Եվրոպական խորհրդարան էլ ձեւավորվի, միեւնույն է՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները դիտարկվելու են ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում եւ հաշվարկներով։ Իսկ ՀՀ-ի՝ ԵՄ-ի համար հիմնական գործընկեր դառնալու հարցում՝ կախված ԵՄ ղեկավար մարմինների կազմից, կարող է լինել հավանականության աճ կամ նվազում։ Նաեւ պետք է հաշվի առնել Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը, որը ոչ այնքան ուժեղ է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցում։ Եվրոպական խորհրդարանը կարող է ընդհանուր կողմնորոշում հայտնել, բայց իրավական առումով խորհրդարանը չի կարող պարտադրել ԵՄ խորհրդին հետեւել իր հրահանգներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031