Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց շրջանում մահացությամբ երկրորդ քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը կարելի է կանխարգելել և բուժել վաղ փուլում

Հունվար 19,2024 23:00

Երևան – ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը։ Քննարկման նպատակն էր դիտարկել Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի առումով ներկա իրավիճակը, կանխարգելման ու վերացման ճանապարհին մարտահրավերները, ձևակերպել լուծումները։

Մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԲՀ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այլ միջազգային առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուռուցքաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, բջջաբաններ։

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց քաղցկեղային հիվանդություններից մահացության շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի ավելի քան 600.000 նոր դեպք՝ կեսից ավելին՝ մահացու ելքով:

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 260 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում: Մինչդեռ արգանդի պարանոցի խնդիրները կարելի է ախտորոշել դեռ նախաքաղցկեղային փուլում, կանխարգելել՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման միջոցով, բուժել վաղ հայտնաբերման փուլում և, արդյունքում, բազմաթիվ կյանքեր փրկել։ Թե՛ ախտորոշումը՝ արգանդի պարանոցի սքրինինգի օգնությամբ, թե՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում անվճար են։

«Քաղցկեղի այդ տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր են, քան Արևմտյան Եվրոպայում: Սա նշանակում է, որ դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր կանանց կյանքերը փրկելու և առնվազն Արևմտյան Եվրոպայի ցուցանիշին հասնելու համար։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հետևողական է լինելու այդ հարցում և, գործընկերների հետ ձեռք-ձեռքի, անելու է առավելագույնը, որ Հայաստանում իրավիճակը բարելավվի։»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը նշեց, – «Հայաստանում երկու օրը մեկ կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ երեք օրը մեկ՝ մեկ կին մահանում է այդ հիվանդությունից։ Մինչդեռ մեր օրերում արգանդի պարանոցի քաղցկեղը հանդիսանում է քաղցկեղի առավել կանխարգելելի և բուժելի ձևերից մեկը»։

Ըստ ՀՀ ԱՆ ԱԱԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանի. «Պետք է մշակել գրագետ, լավ սքրինինգային ծրագիր, որն իրականացնելու դեպքում կկարողանանք իրավիճակը փոխել։ Պետք է ներդրված լինեն ժամանակակից մեթոդներ, որին պետք է մասնակցեն համապատասխան գիտելիքներ ունեցող բժիշկներ, ծրագիրը պետք է կառավարվի մեկ միասնական մեթոդաբանությամբ ու մեկ կենտրոնի կողմից, ինչն էլ կբերի այս հիվանդության վերացմանը մեր հանրապետությունում»։

2024 թ. հունվարը հայտարարվել է արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման միամսյակ։ Իսկ հունվարի 21-27-ը՝ կանխարգելման շաբաթ, որի հիմնական նպատակն է համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին քաղցկեղի այդ տեսակի վերացման շուրջ:

 

ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՔԱՂՑԿԵՂ

Համառոտ տեղեկանք

ԱՇԽԱՐՀՈՒՄ

  • Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում տարածվածությամբ չորրորդ, իսկ մահացությամբ երկրորդ քաղցկեղն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Այն առավել հաճախ ի հայտ է գալիս 35-ից 50 տարեկան կանանց շրջանում։
  • Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 000 նոր դեպք՝ կեսից ավելին՝ մահացու ելքով:
  • Արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի և մահացության ամենաբարձր ցուցանիշները ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում են:
  • Մինչդեռ արգանդի պարանոցի խնդիրները կարելի է ախտորոշել դեռ նախաքաղցկեղային փուլում, կանխարգելել քաղցկեղը, բուժել վաղ հայտնաբերման փուլում։
  • Արգանդի պարանոցի քաղցկեղը պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ) տևական վարակով:
  • Արգանդի պարանոցի սքրինինգային հետազոտությունն ու նախաքաղցկեղային փուլում վաղ բուժումը, ինչպես նաև ՄՊՎ-ի դեմ պրոֆիլակտիկ պատվաստումը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ և ծախսարդյունավետ միջոցներ են:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

  • Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարեկան գրանցվում է 32000 նոր դեպք՝ մոտ 16,000-ը մահացու ելքով։
  • Քաղցկեղի այդ տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր են, քան Արևմտյան Եվրոպայում:
  • Այդ տարբերությունը հիմնականում բացատրվում է.
    • Արգանդի պարանոցի սքրինինգի արդյունավետ ծրագրերի բացակայությամբ,
    • ՄՊՎ պատվաստումների լայնածավալ ծրագրերի բացակայությամբ, և
    • Արգանդի պարանոցի քաղցկեղի մատչելի, բարձրորակ բուժման բացակայությամբ:
  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
  • Հայաստանում ամեն տարի գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 260 նոր դեպք։
  • Դեպքերի մեծամասնությունը հայտնաբերվում է հիվանդության ուշ՝ III և IV փուլերում:
  • Մինչդեռ Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը և ՄՊՎ-ի դեմ պրոֆիլակտիկ պատվաստումն անվճար են։
  • Անհրաժեշտ է պարզապես դիմել առողջության առաջնային պահպանման օղակի Ձեր բժշկին։

 

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031