Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «ավտոաարտադրության» մահը

Հունվար 19,2024 20:02

2023 թվականի առաջին 10 ամիսների կտրվածքով Հայաստանի արտահանման 7.2 տոկոսը եղել է մարդատար ավտոմեքենաները։ Այսպես, Հայաստանի արտահանման 7.2 տոկոսը ապահովել է ավտոմեքենաների «արտադրությունը»։ Նշենք, որ նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների ներմուծումը կազմել է ընդհանուրի 10.5 տոկոսը։

Տնտեսության այս զգալի և համեմատաբար նոր հատվածը, որը ապահովվել է 2022 և 2023 թվականների տնտեսական աճի մի մասը մեծ խնդիրների առաջ է կանգնած և 2024 թվականին կարող է լիովին չեզոքանալ։

Աղյուսակ 1 Հայաստանից մեքենաների արտահանումը (մլն ԱՄՆ դոլար, 1-ից 10-րդ ամիսների կտրվածքով)

Armenia’s Exports of Vehicles (mln USD, data for the first 10 months of the given year)

partner         2021  pct     2022  pct     2023  pct

Russian Federation  2.4     34.8% 120.5 91.8% 354.0 84.8%

Other counties        4.6     65.2% 10.8   8.2%  63.3   15.2%

Total  7.0     100.0%        131.3 100.0%        417.4 100.0%

Նշենք, որ 2021-ին ներմուծվել է 7362 թեթև մարդատար ավտոմեքենա (77.9 մլն դոլար), ապա 2022-ին արդեն՝ 42 293 ավտոմեքենա (360.2 մլն դոլար): Այսինքն մոտ 6 անգամ աճ է տեղի ունեցել: 2021-ին Հայաստանից արտահանվել է 319 մեքենա, իսկ 2022-ին՝ 10936 ավտոմեքենա: Այսպիսով, ներմուծված մեքենաների քառորդը վերաարտահանել է հիմնականում Ռուսաստան: Գրանցվել է ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման զգալի աճ` մոտ 7 անգամ 2022թ. ընթացքում։

Պետք է նշել որ այստեղ տեղի չի ունենում պարզապես վերաարտահանում։ Հիմնականում Հյուսիսային Ամերիկայից վնասված մեքենաները ներմուծվում են Հայաստան, որից հետո այդ ավտոմեքենաների վրա կատարվում է որոշակի վերանորոգման աշխատանք, որը ստեղծում է ավելացված արժեք, որից հետո այն հիմնականում վերաարտահանվում է Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանին թողնելով նաև ծառայության միջնորդավճար։

2023 թվականի ավտոմեքենաների արտահանումը առաջին 10 ամիսներին` համեմատած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ աճել է 3.17 անգամ, որը առաջին հայացքից ցույց է տալիս այս ոլորտի ներուժը և աճը, սակայն իրականությունն այլ է։

Աղյուսակ 2 Հայաստանից մեքենաների ներմուծումը (մլն ԱՄՆ դոլար, 1-ից 10-րդ ամիսների կտրվածքով)

 

Armenia’s Imports of Vehicles (mln USD, data for the first 10 months of the given year)

partner         2021  pct     2022  pct     2023  pct

USA    17.9   22.9% 121.3 33.7% 319.4 32.0%

Japan 13.3   17.0% 77.2   21.4% 221.7 22.2%

Other counties        30.5   39.2% 55.7   15.5% 94.2   9.5%

Germany       6.6     8.5%  36.2   10.1% 108.7 10.9%

Mexico          2.8     3.7%  24.5   6.8%  102.9 10.3%

Rep. of Korea          1.4     1.8%  15.4   4.3%  59.9   6.0%

Canada         4.1     5.3%  15.1   4.2%  41.7   4.2%

China  1.3     1.6%  14.6   4.1%  48.4   4.9%

Total  77.9   100.0%        360.2 100.0%        996.9 100.0%

ԱՄՆ-ից ներմուծումը 2022 թվականին 2021-ի համեմատ աճել է մոտ 3,5 անգամ՝ 107 մլն դոլարից հասնելով 356 մլն դոլարի: Արտահանումը նույնն է մնացել: ԱՄՆ-ից հիմնականում ներմուծվել են ավտոմեքենաներ: Ավտոմեքենաները կազմում են ԱՄՆ-ից ներմուծման մոտ 70 տոկոսը: Մնացածը ատոմային ռեակտորներն են, դեղագործական և օպտիկական ապրանքները: Մինչև 2022 թվականը ԱՄՆ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը մոտ 4 տոկոս էր, իսկ 2022-ին, պայմանավորված հիմնականում ավտոմեքենաների ներմուծմամբ, այդ ցուցանիշը էական աճ է գրանցել։

Հասկանալի է, որ այս ամենը վերաարտահանում է, ու որ Հայաստանից ավտոմեքենաների արտահանումն աճել է 2022 թվականից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից հետո։ Որպես ԵԱՏՄ անդամ այստեղ շահել ենք, քանի որ այլ իրավիճակում իմաստ չէր լինի ավտոմեքենաները Հյուսիսային Ամերիկայից բերել Վրաստան, ապա Հայաստան, որից հետո տանել Ռուսաստան։ ԵԱՏՄ ազատ առևտրի տարածքը որոշակի օգուտներ է տվել նաև այդ մասով։

Եթե նայենք խոշոր հարկատուների ցանկը, 2022 թվականին 2021-ի համեմատ Հայաստանի ավտոներմուծողների շահութահարկը 7-ից 15 անգամ կրկնապատկվել է։ Այդ շահույթը գնացել է հետագա վերաարտահանման հույսով նոր ավտոմեքենաներ ձեռքբերելուն։

Ի՞նչ է սպառնում Հայաստանի “ավտոարտադրությանը” 2024 թվականին

Գծապատկեր 1. Հայաստանի ավտոմեքենաների ներմուծումը (ամսական կտրվածքով)

 

Թվում է` ամեն ինչ լավ է. ավտոմեքենաների արտահանումն աճել է 2023-ին համեմատած 22 թվականի հետ։ Սակայն իրականությունը, ինչպես գծապատկերն է ցույց տալիս, այդքան էլ դրական չէ։ Վրաստանը այս տարածաշրջանի ավտոմեքենաների հիմնական շուկան է և այդքան հեշտ չի զիջի իր փայի թեկուզ փոքր մասը Հայաստանին։ Նաև այդ պատճառով է, որ օգոստոսի 1-ից Թբիլիսիի իշխանություններն արգելել են 1,9 լիտր և ավելի շարժիչով ամերիկյան ավտոմեքենաների, ինչպես նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտահանումը։ Հայաստանի ավտոմեքենաների արտահանման ավելի քան 90 տոկոսը այս դասի ավտոմեքենաներ էին։ Սա երևում է առաջին գծապատկերում։

Ճիշտ է 2023 թվականին 2022-ի համեմատ ավտոմեքենաների կումուլատիվ արտահանումը ավելի շատ է, սակայն 2022 թվականին ավտոմեքենաների արտահանման կտրուկ և անսպասելի աճից հետո, 2023 թվականի սկզբին գրանցվել է արտահանման գագաթնակետը, որից հետո այն կտրուկ անկում է գրանցել։

Հետաքրքիր է նաև 2019-2020 թվականներին նույնպես գրանցվեց ավտոմեքենաների ներմուծման հանկարծակի աճ և տարեվերջյան անկում։ Այս անկումը հիմնականում անդրադարձել է ճապոնական մեքենաների ներմուծման կրճատման վրա: Սրա հիմնական պատճառը ԵԱՏՄ տարածքում ավտոմեքենաների ներմուծման նոր դրույքաչափերի ներդրումն էր, որը արդեն ձեռք չեր տալիս ավելի քան 3 տարվա մեքենաների վերաարտահանումը: Սա 2020 թվականին չեզոքացրեց այս ճյուղը և այդ տարի ավտոմեքենաների ներմուծում գրեթե չի գրանցվել։

Գծապատկեր 2. Հայաստանի ավտոմեքենաների արտահանումը և ներմուծումը (ամսական կտրվածքով)

2022-23 թվականներին Հայաստանը, Վրաստանից հետո տարածաշրջանի ամենախոշոր երկրորդ ավտոշուկան էր։ Հայաստանի մեծածավալ արտահանումը որոշակի խնդիրներ առաջացրեց Վերին Լարսի սահմանին, բացի այդ ըստ բիզնեսի կանոնների հաստատված շուկան դժվար թե կամենա այլ շուկաների ասպարեզ արագ դուրս գալը։ Այստեղ նաև առկա է որոշակի քաղաքական գործոն։

2023 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 18 835 ավտոմեքենա (ներմուծվել՝ 70 859), ամբողջ 2022 թվականին արտահանվել է 10 936 ավտոմեքենա (ներմուծվել՝ 42 293)։ 2023 թվականին բոլոր պետությունների շարքում արտահանման ծավալներով ամենախոշոր 35֊րդ արտահանողը կլինի Հայաստանը, իսկ Վրաստանը մոտ 25-րդ տեղում։ Վրաստանը 2023-ին արտահանելու է մոտ 100 հազար ավտոմեքենա։

Մեր շուկա բավականին մեծ քանակությամբ մեքենա է մտել, ինչը լցրել է մաքսակետերը ու ներմուծողների ավտոկայանատեղիները։ Իսկ ավտոմեքենան այնպիսի ապրանք է, որ ժամանակի ընթացքում արժեզրկվում է։

 

Կարելի է սպասել, որ 2024 թվականին ավտոներմուծողները ստիպված են լինելու վնասով մեծ քանակությամբ ավտոմեքենաներ վաճառել ներքին շուկայում, այսինքն կարող է մեքենաների գները այս տարի բավականին իջնեն։ Սա կարող է մեծացնել ավտոմեքենաների թվաքանակը Երևանի փողոցներում, ինչը տեղի ունեցավ 2020 թվականին։

3-րդ գծապատկերում ցուցադրված է Վրաստանի ավտոմեքենաների ամսական արտահանումը և ներմուծումը ըստ տարբեր երկրների։ Վրաստանը մեծ քանակությամբ մեքենաներ չի արտահանում դեպի Ռուսաստան և դեպի Ռուսաստան արտահանումը 2023 թվականի օգոստոսից գրեթե դադարեց, ինչպես որ այն դադարեց Հայաստանում։ Հիմնականում Վրաստան ներմուծվում են մեքենաներ ԱՄՆ-ից և արտահանվում Ադրբեջան և Ղազախստան։ Ուշագրավ է նաև այն, որ 2023 թվականի կեսերից դեպի Վրաստան ավտոմեքենանրի և՛ արտահանումը, և՛ ներմուծումը կանգնել է, որը նույնպես խոսում է այս շուկայի հագեցվածության և շուկայում խնդիրների մասին։

Գծապատկեր 3. Վրաստանի ավտոմեքենաների արտահանումը և ներմուծումը (ամսական կտրվածքով)

Ռուսաստանն էլ չի կամենում վերաարտահանված մեքենաներ

2023 թվականին Ռուսաստանում վաճառված յուրաքանչյուր 8-րդ մեքենան ներմուծվել է «գորշ» ներմուծմամբ։ 2023 թվականի հունվարից սեպտեմբեր ՌԴ քաղաքացիները ձեռք են բերել ավելի քան 100 հազար ավտոմեքենա, որոնք ռուսական ավտոշուկա են մտել «գորշ» ներմուծման միջոցով։ Սեպտեմբերին նրանց շուկայական մասնաբաժինը օգոստոսի համեմատ նվազել է 13%-ից մինչև 11%։

Սեպտեմբեր ամսին «գորշ» ներմուծման ճանապարհով առավել հաճախ ՌԴ են բերվել ճապոնական (4,4 հազար հատ, 34 տոկոս), կորեական (3,1 հազար հատ, 24 տոկոս) և գերմանական (2,7 հազար հատ, 20 տոկոս) ավտոմեքենաներ։ Չինական արտասահմանյան մեքենաների մասնաբաժինը նույնպես դրական դինամիկա է ցույց տալիս՝ օգոստոսի 7%-ից սեպտեմբերին հասնելով 12%-ի:

2023 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում փոխվել են մեքենաների “գորշ” կամ զուգահեռ ներմուծման կանոնները։ Այս տեսակի ներմուծումը սահմանափակվել է։ Այժմ նման մեքենաները ներկրվում են փոքր ընկերությունների կողմից և ավելի մատչելի են, քան պաշտոնական ավտոսրահներում։ Սա ձեռք չի տալիս Ռուսաստանի տնտեսությանը որը փորձում է զարգացնել իր ներքին արտադրությունը և առավելություն է տալիս այն ավտոմեքենաներին, որոնք արտադրվել են ՌԴ տարածքում։

Օգոստոսի 1-ից դեպի Ռուսաստան «գորշ» ճանապարհով ավտոմեքենաների ներմուծման համար գործում է նաև վերամշակման արտոնյալ վճար, որը թույլ չի տալիս անձին տարեկան մեկից ավելի մեքենա ներկրել Ռուսաստան և այն վաճառել մեկ տարվա ընթացքում։

Այս ամենը մեծ հավանականությամբ հանգեցնելու է 2024թ․ ներմուծման և արտահանման զգալի չափաբաժնի կորստին, որը կարող է նաև անդրադառնալ ՀՆԱ-ի աճի վրա։

 

Աղասի Թավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031