Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Անգելինա Գասպարյանը շոուբիզնեսում չէ, ընտրել է քաղաքագետի մասնագիտությունը, ապա ինչի՞ն էր պրոդյուսերություն անում Քնարիկ Սասունյանը»․ Ալեքսանդր Կոչուբաև

Հունվար 19,2024 19:07

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր շուրջ երեք ժամ հարցաքննվեց Քնարիկ Սասունյանը։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց․ «Քնարիկ Սասունյանը թերևս այս քրեական վարույթում ամենաշատ շահարկված ֆիգուրներից է։ Ըստ էության մեղադրանքներից մեկն էլ կառուցված է հենց նրա անվան շուրջ՝ իբր թե Վլադիմիր Գասպարյանը բնակարան է նվիրել նրան, քանի որ նա և իր ամուսին երգիչ Արմեն Գևորգյանը Անգելինա Գասպարյանի պրոդյուսերներն են եղել։ Քնարիկ Սասունյանը հանգամանալից բացատրեց, թե ինչ գործառույթներ են ինքն ու իր ամուսինն իրականացրել և ամբողջ ծավալով հերքեց, բացատրեց, որ Անգելինա Գասպարյանի պրոդյուսերը չեն եղել, այլ իրենց խնդիրը ոստիկանության տեսահոլովակների, ոստիկանության լուսաբանման, ոստիկանության ծառայողների երեխաների երգի, պարի խմբակների համակարգումն է եղել։ Վարույթով ցույց տրվեց, որ Քնարիկ Սասունյանը՝ ոստիկանությունից որպես բնակարան ստացել է ընդամենը 40 քմ կիսաավերակ շինություն, որն իր ուժերով վերանորոգել է և բնակվել այնտեղ»։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու նախկին պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Ըստ Ալեքսանդր Կոչուբաևի՝ առնվազն այսօրվա հարցաքննություններով հերքումն ամրապնդվեց առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը, անձնական, խմբային շահերից ելնելով, բնակարաններ է հատկացրել։ Վլադիմիր Գասպարյանը նաև հայտնեց, որ հաշվեկշռում գտնող նույն բնակարաններից օգտվել է և′ դատախազությունը, և′ ԱԱԾ-ն, և′ Քննչական կոմիտեն ու ՊՆ-ն։

Ըստ փաստաբանի՝ Վլադիմիր Գասպարյանը բնակարաններ է հատկացրել 50 անձի, բայց մեղադրանքով ընտրվել է 3 անձ․ «Իբր այդ երեք անձին է Վլադիմիր Գասպարյանը բնակարաններ հատկացրել ապօրինի։ Ընտրվել են այդ երեքը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապվում են Վլադիմիր Գասպարյանի հետ։ Ընտրվել է Գարեգին Գասպարյանը, որը ծառայության ամբողջ ընթացքում որևէ առնչություն չի ունեցել պարոն Գասպարյանի հետ, բայց դա լուծում է տեղեկատվության խնդիր, որ հնարավոր է՝ իր ազգականը լինի, Քնարիկ Սասունյանը, որը ըստ էության ոստիկանության տեսահոլովակների հիմնական հեղինակն է։ Փորձ է արվել սևացնել իր անունը, կապել Անգելինա Գասպարյանի հետ՝ այսպիսով տպավորություն թողնելով, որ Անգելինա Գասպարյանի պրոդյուսերությամբ է զբաղվում։ Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին մոտ կանգնած մարդիկ հասկանում են գոնե, որ Անգելինա Գասպարյանը վաղուց երգչուհի չէ, ավելին, շոուբիզնեսի հետ աղերսներ չունի, սովորում է Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, հեռու է շոուբիզնեսից, որ Քնարիկ Սասունյանն էլ հանդես գար՝ որպես իր պրոդյուսեր։ Եվ սա մեր գլխավոր փաստարկներից մեկն է․ եթե Անգելինա Գասպարյանը շոուբիզնեսում չէ, պրոֆեսիոնալ երգով այլևս չի զբաղվում, ընտրել է քաղաքագետի մասնագիտությունը, ապա ինչի՞ն էր պրոդյուսերություն անում Քնարիկ Սասունյանը։ Ըստ էության մեկ անձի դիմումի հիման վրա Վլադիմիր Օսիպյանը զեկուցագիր է կազմել, նյութերն ուղարկել են ՀՔԾ»։

Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նվիրվել է մեկ սենյականոց բնակարան՝ նվազագույն պայմաններով, որը «մի փոքր է ավելի լավ, քան վարձակալությամբ ապրելը․ «Քրեական վարույթով շոշափելով Անգելինա Գասպարյանի անունը՝ փորձ է կատարվում ցավեցնել պարոն Գասպարյանին, նրա ընտանիքը ներքաշել քրեական գործընթացների մեջ»։

Փաստեցինք՝ ժամանակին Հատուկ քննչական ծառայության քննիչ Խորեն Մեժլումյանը նշել էր, որ «Ոստիկանության զորքերի նվագախմբում երկարամյա ծառայած մի խումբ աշխատակիցներ իրենց ցուցմունքներով հայտնել են դժգոհություններ առ այն, որ տեղեկանալով Քնարիկ Սասունյանին ընդամենը 6 օրով Ոստիկանության զորքերում գրանցելու և բնակարան տալու մասին, ըստ էության, վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ երկարամյա ծառայություն են անցկացրել ոստիկանությունում, նրանցից շատերը նաև ունեցել են բնակարանային ապահովման խնդիր ու ակնկալիք, սակայն իրենց հարցը չի լուծվել, փոխարենը լուծվել է այն անձի հարցն, ով ընդամենը 6 օր առաջ է գրանցվել ոստիկանության զորքերում ու երբևէ ծառայության չի ներկայացել»։

Այս առիթով փաստաբանն ասաց, որ այդ հարցն այսօր ինքն է տվել նվագախմբի անդամներին․ «Իսկ ի՞նչ են արել նվագախմբի տղաները, որ արժանանան խրախուսանքի ձևով բնակարանի։ Չէ՞ որ միայն ֆիզիկապես 10, 20, 50 տարի ծառայելը չի նշանակում ծառայության որակ։ Եղել են նվագախմբում երկարամյա ծառայողներ, բայց դա չի նշանակում, որ ունեցել են այն աստիճան ավանդ, որպեսզի խրախուսանքի մասին խոսվի»։

Մեր այն դիտարկմանը՝ բայց Քնարիկ Սասունյանն ընդամենը 6 օրով է Ոստիկանության զորքերում գրանցել ու բնակարան ստացել, Ալեքսանդր Կոչուբաևն արձագանքեց․ «Ի՞նչ արեց այս իշխանությունը, երբ որոշեց Արգիշտի Քյարամյանին նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ․ երեք օրով նշանակեց գլխավոր դատախազի տեղակալ, որպեսզի նա ստանա դասային աստիճան՝ այն է գնդապետի զինվորական կոչում, որպեսզի կարողանա հավակնել ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնին։ Կամ այսօրվա մեր մեղադրանքը հսկող դատախազը պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալն է, բայց եկել, պաշտպանում է մի մեղադրանք, որը պետք է պաշտպաներ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը։ Սա մեր պետությանը խորթ չէ, երբ անձը որևէ հաստիքի նշանակվում է՝ ֆիզիկապես լրացնելով հաստիքը, բայց իրականացնում է այլ գործառույթ։ Եթե այստեղ հանցանք կա, ապա մեր հենց մեղադրող դատախազը հիմա հանցագոծություն է անում, որովհետև այլ  վարչության մեղադրանք է պաշտպանում։

Քնարիկ Սասունյանը ընդամենը գրանցվել է նվագախմբում, և ոչ պաշտպանական կողմը, ոչ էլ Քնարիկ Սասունյանը սա չեն հերքել։ Իրավական գործընթացի առումով է անհրաժեշտ եղել, բայց Քնարիկ Սասունյանը շարունակել է իրականացնել ոստիկանության մշակույթի տան առաջատար մասնագետի պարտականությունները, պարզապես հաշվառված է եղել ոստիկանության նվագախմբում։ Ամբողջ աղմուկը սրա մասին է։ Դա արհեստական աղմուկ է, ընդամենը տիկին Սասունյանը գրանցված է եղել նվագախմբում, իրականացրել է գործառույթներ մշակույթի կենտրոնում։ Սա որևէ մեկի համար նորություն չէ, որ այսպես լինում է։ Սա նորմալ է, որ մեկ հաստիք զբաղեցնի անձը, իրականացնի այլ հաստիքի գործառույթներ։ Սա հանցափաստ չի պարունակում։

Ընդ որում, հենց նույն Հակակոռուպցիոն կոմիտեն, առանձին Քնարիկ Սասունյանի վարքը  գնահատելով յուրացման համատեքստում, արձանագրել է, որ պետության շահերին որևէ վնաս չի պատճառվել և չէր էլ կարող պատճառվել, որովհետև գրանցվել է այս հաստիքին, իրականացրել այս հաստիքի գործառույթներ։ Հատկանշական մեկ դետալ էր․ աշխատավարձը նվագախմբում եղել է ավելի ցածր, քան այն, ինչ կարող էր Քնարիկ Սասունյանը ստանալ՝ զբաղեցնելով մաքուր այն հաստիքը, որի գործառույթներն ինքն իրականացնում էր»։

Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվել են մի քանի այլ վկաներ, որոնք՝ ըստ Ալեքսանդր Կոչուբաևի՝ գործի լուծման տեսանկյունից էական հանգամանքներ չեն հայտնել։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 24-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031