Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունն ու կարևորությունը

Հունվար 19,2024 19:15

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համանախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան – ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 13-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նիստին մասնակցում էին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի, ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու իրավապահ համակարգի մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Նախատեսված օրակարգային հարցերի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման և կազմավորման գործընթացը, Նախարարության ներքո գործող ծառայությունների, մասնավորապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջընթացը, Փրկարար ծառայության վերափոխման տեսլականն ու Միգրացիայի ու քաղաքացիական ծառայության արդեն իսկ իրականացված լայնածավալ բարեփոխումները։ Սարգսյանը շեշտել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգի իրականացումն ընթացել է հանրությանը մատուցվող ծառայությունների առանց անգամ մեկ րոպե կանգի։

ԵՄ գործընկերներին են ներկայացվել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, ներառյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում գրանցած հաջողությունները, այդ թվում՝ ԵՄ մասնագիտացված կառույցների հետ արդյունավետ և սերտ համագործակցության արդյունքներով առկա մարտահրավերները, նախատեսվող քայլերը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության ձևավորման նոր մոտեցումներին, որոնց շնորհիվ այն ավելի արդյունավետ պայքար կմղի հանցավորության դեմ։

Նիստի շրջանակներում ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին, ապաստանի ոլորտում առկա իրավիճակին, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի կիրարկման արդյունավետ ապահովումը։

Շեշտվել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Իր ելույթներում Սարգսյանը բարձր է գնահատել ՆԳՆ գործունեության ընթացքում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալները և դրանց ավելացմանն ուղղված առաջարկներով հանդես եկել, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում շարունակել ու խորացնել համակարգային բարեփոխումներին աջակցությունը։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել