Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանին մի մարդ չկա՞ր, որ դեմն առներ, տարածքը վերահսկող չկա՞ր. Տեղ համայնքի ավագանու անդամը՝ ոչխարների անհետացման մասին

Հունվար 19,2024 17:16

Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին մոտ 200 ոչխարի անհետացման դեպքով Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը իր զարմանքը հայտնեց. «Ինչ ասեմ, սահմանին մի մարդ չկա՞ր, որ դեմն առներ։ Հովիվն է՝ շփոթել է, կամ տարածքին անծանոթ է, կամ չի հասցրել դեմն առնի, մի մարդ չկա՞ր՝ դեմն առներ: Դե հիմա մտածում են՝ ոչխար է էլի, ուրիշ մարդ չի, ապագա բարեկամներն են, խաղաղության դարաշրջանն ենք, չէ՞, մտնում: Իրականում անփութության հետեւանք. Արարատյան դաշտում ռուսական սահմանը կա, մարդիկ գիտեն, չեն անցնում, մեր մոտ էլ գրած է՝ սահման։ Մենակ գրած է, տարածքը վերահսկող չկա՞ր»:

ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էին, որ որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս՝ ադրբեջանական կողմի ներթափանցման փորձ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Արգամ Հովսեփյան

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։

Հարցին՝ այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը նշեց. «Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն է։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»։

Նշենք, որ Արավուսի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ադրբեջանցիները գողացել են իրեն պատկանող ոչխարները, այդ պահին հոտը արածեցրել է իր 16-ամյա որդին, մոտեցել են 5 ադրբեջանցի, որոնցից մեկը՝ զինված, և հափշտակել մոտ 270 ոչխար: «16 տարեկան տղաս է եղել ոչխարների մոտ։ Ադրբեջանցիները հարձակվել են, ոչխարի հոտը կիսել և կեսից շատը տարել։  Տղաս ձիով է եղել, մի քանի ոչխար փախցրել է։ Գյուղը սահման է, սահմանի մոտ է արոտը, այդ ճանապարհին էլ հարձակվել են ադրբեջանցիները»,- մանրամասնեց ոչխարների տերը։

«Երեկոյան գոմ մտնելիս կհաշվեմ, թե քանի ոչխար են ադրբեջանցիները հափշտակել, դրանց գառները սաղ սատկելու են։ Խնդիրն այն է, որ պարտքով ու վարկերով էի ոչխարներին առել»,- նեղսրտեց արավուսցին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մասիս Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031