Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քրեական գործը կերտվել է՝ նախ ինձ ահաբեկման, հետագայում նաեւ՝ մեկուսացման մեջ պահելու համար. Վանաձորում իշխանազավթում է տեղի ունեցել». Մամիկոն Ասլանյան

Հունվար 19,2024 17:05

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Այսօրվա նիստում հարցաքննվեցին վկաները։

Մամիկոն Ասլանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Իր ծննդյան փուլում արդեն մեռելածին է եղել այս քրեական գործը, քրեական գործը լրիվ քաղաքական շեշտադրումներով, քաղաքական դրդապատճառներով ծնված, կերտված եւ մի կերպ պահվող քրեական գործ է։ Այս գործում որեւէ հանգամանք չկա, որ իմ մեղավորությունը լինի։ Եթե նույնիսկ այս քրեական գործի մեջ իրավական առումով որեւէ թերություններ կան, դրանք վարչական իրավախախտումներ են, որը նույնպես բացառված է, որովհետեւ իմ կողմից կայացված որեւէ վարչական ակտ մինչեւ հիմա չի բողոքարկվել, քաղաքացիներն իրենց սեփականության իրավունքներին նորմալ տիրապետում են։ Հետեւաբար, այս գործը հենց սկզբնական փուլում կերտվել է՝ նախ ինձ ահաբեկման մեջ պահելու, հետագայում նաեւ՝ մեկուսացման մեջ պահելու համար։ Ընտրություններում հաղթելուց հետո, երբ ես չեմ գնացել կոալիցիա ստորագրելու, ինձ ուղղակի մեկուսացրել են, որպեսզի ընտրական պրոցեսներից հեռու մնամ, չկարողանամ ստանձնել պաշտոնը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։ Նա հավելեց, որ Վանաձորում փաստացի իշխանազավթում է տեղի ունեցել։

Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մեղադրական եզրակացությունում 30 վկա է նշված, փաստացի հարցաքննվել է 21 վկա։ Դեռեւս հարցաքննության պետք է կանչվեն 9 վկաներ։ Փաստաբանը նշեց, որ վկաների հարցաքննությունը բացարձակ ոչինչ չի բացահայտում։

«Այսօր վկա հարցաքննեցինք, որը եկել էր դատարան ասելու, որ այս գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ մնում է զուտ այն պատճառով, որ կարող է վկաների վրա ազդել, որ գան դատարան ու տան ոչ ճշմարտացի ցուցմունքներ։ Հարցաքննված վկաներից ոչ մեկը Մամիկոն Ասլանյանի դեմ, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքը հիմնավորող ցուցմունք չի տվել։ Մեղադրական բովանդակությամբ ցուցմունքներ առկա չեն, առկա են կամ չեզոք ցուցմունքներ, կամ արդարացնող ցուցմունքներ։ Բայց Մամիկոն Ասլանյանը շարունակում է մնալ կալանքի տակ»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ վկաների հարցաքննությունից հետո Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ դարձյալ միջնորդություն կներկայացնեն դատարան։ Նրան կալանքի տակ պահելու միակ հիմքն այսօր այն է, որ նշված է՝ դեռ բոլոր վկաները հարցաքննված չեն։ Փաստաբանը նաեւ ասաց, որ գործի քաղաքական կողմին չի ուզում անդրադառնալ, բայց կարող է փաստել, որ գործող օրենսդրությամբ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք առկա չէ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031