Թենիսի կորտերը պետք է մնան կորտեր․ Օղակաձեւ այգում իր տեղակայմամբ կորտերն արդեն գերակա շահ են, եւ պետք է ամրագրել, որ այդտեղ ընդմիշտ պետք է լինեն կորտեր։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանն՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ թենիսի կորտերի քանդման մասին մտադրությանը։
Դոլուխանյանն արձագանքելով «4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է» քաղաքապետի խոսնակի հայտարարությանն, ասաց՝ դա ամենազարմանալի արտահայտությունն էր․ «Մարդիկ վրդովված են, որովհետեւ կորտերը Երեւանի խորհրդանիշերից մեկն է։ Անհեթեթություն է, որ ասում են՝ չի համապատասխանում տրամաբանությանը։ Նախ՝ սկզբում եղել են կորտերը, հետո՝ այգին։ Հետո՝ ինչպես եղավ, որ ամբողջ աշխարհում տրամաբանությանը համապատասխանում է այգիներում կորտեր ունենալը, մեզ մոտ՝ ոչ։ Նյու-Յորքի Central պարկում կորտեր կան, մարդիկ, նաեւ՝ ոչ թենիս խաղացողներ, գալիս թենիս են նայում, սուրճ խմում։ Սա քաղաքային կուլտուրայի մաս է ամբողջ աշխարհում, բացի երեւի թալիբներից։ Աֆղանստանում, օրինակ, թենիսն արգելված է, ի՞նչ է, մենք ա՞յդ ճանապարհով ենք գնում։ Կորտեր քանդելը մեկ մարդու որոշում է, եւ այդ մարդը պատմության մեջ կմնա քանդելով, ինչպես Հերոստրատը, որն այրել էր Արտեմիսի տաճարը։ Մոտավոր այդպես կլինի, եթե քանդի կորտերն, ու իր թոռներն ու ծոռներն այդ բեռը կրելու են»։
Ճարտարապետը կարծում է, որ կորտերը քանդելու հանրային պահանջ չկա։ Ըստ նրա՝ թենիսի խաղահրապարակը կրթական օջախ է, հազարավոր երեխաներ այնտեղ սովորում են։
Կարդացեք նաև
1990-1991 թվականներին Հայաստանի թենիսի չեմպիոն Աստղիկ Հովհաննիսյանն էլ ասաց՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ այգիներին կից կան կորտեր․ «Թենիսի կորտերը առողջ ապրելակերպի համար խիստ անհրաժեշտ են։ Այս կորտերը հիմնադրվել են անցյալ դարի հիսունականներին, այստեղ բազմաթիվ մրցաշարեր են անցկացվել։ Դա Օղակաձեւ այգու կոնցեպտում է, դա մեր հիշողությունն է, մեր մանկությունը»։
Կորտերն այլ տեղ տեղափոխելու մասին քաղաքապետի հայտարարությանն արձագանքելով, Հովհաննիսյանն ասաց՝ որտե՞ղ պետք է տեղափոխեն, կենտրոնում տեղ չկա, Սովետաշե՞ն են տեղափոխելու․ «Ինչպես հասկանում են՝ այս իշխանությունը Արարատ (կորտերը Արարատ ակումբինն է, Ն․Բ․) բառի հետ խնդիր ունեն, թող անունը փոխեն՝ Արագած դնեն, բայց կորտերը մնա իր տեղում»։
Հայաստանի թենիսի կանանց հավաքականի անդամ, ՀՀ սպորտի վարպետ Արեւիկ Թումանյանն էլ նշեց, որ այս կորտերը շատերի համար տուն են դարձել, ընդ որում, այն նաեւ պատմական արժեք ունի․ «Ես, որպես գործող մարզիկ ու մարզիչ, առաջին քայլերս սկսել եմ «Արարատ» թենիսի ակումբում եւ միջազգային մրցաշարերում Հայաստանի անունը բարձր եմ պահել։ Այդտեղ շատ մարզիկներ են առաջին քայլերն արել։ Կորտերը կարելի է նորոգել, տարածքը կանաչապատել, բայց չտեղափոխել»։
Կարեն Դոլուխանյանի խոսքով էլ՝ քաղաքապետի տրամաբանությամբ՝ կարելի է կամերային երաժշտության տան շենքն էլ քանդել, քանի որ գտնվում է Օղակաձեւ այգում, կարող է ասել՝ պատ է, խանգարում է այգու շարունակությանը․ «Փոխանակ իշխանությունը հանգստացնի ժողովրդին, մի բան էլ ներսից դժգոհություն է առաջացնում։ Սա սաբոտաժի նման մի բան է իրենց կուսակցության նկատմամբ։ Այս հարցը իրենց ընտրազանգվածի վրա ազդելու է։ Շատ մարդիկ սատարում էին իրենց, ես էլ էի սատարում հեղափոխությունը, կարծում էի՝ ստեղծելու ենք նորմալ օրենքի երկիր, որտեղ մարդիկ երաշխիքներ կունենան։ Չէի մտածի, որ մի օր կզարթնենք, ու մի ժամանակավոր մարդու որոշմամբ պետք է զրկվենք այդ պատմական կորտերից։ Երբ իրենք հայտարարում են, որ նախկիների սխալներն ուղղելու են ու սկսում են նույն նախկիններից ավելի վատ ակցիայով, դա խայտառակություն է»։
Ճարտարապետի խոսքով՝ եթե նախագծով այգին են բարեկարգելու ու հանրային զբոսայգի է լինելու, ապա ներսում հուշանվերների կրպակ ու սրճարան չպետք է լինի, ինչպես որ իրենց նախագծում հիմա կա, այլ պետք է մի լավ թանգարան լինի այգում։
Դոլուխանյանն ասաց, որ շատերը պատրաստ են բողոքի ցույցի դուրս գալ կորտերը պահպանելու պահանջով, ընդ որում․ «Քաղաքապետարանում, իրենց խմբակցության անդամներից ինձ ասել են, որ պայքարելու են քանդման դեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի