Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին այսօր դատարան բերեցին շտապօգնության մեքենայով: Նա դահլիճ մտավ անվասայլակով ու բժիշկների ուղեկցությամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, մինչ դատարան բերելը՝ Գագիկ Խաչատրյանին փորձել են ցավազրկել, որովհետեւ ցավեր ունի, ներերակային ներարկումը խնդրահարույց է եղել, որովհետեւ երակները բարակ են:
Երեմ Սարգսյանն ասաց, որ եթե Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել, կոնքի օրգանների խնդիրներ կառաջանան. «Վերջույթների թուլացում է առաջանում եւ հաշվի անելով, որ 2019, 2020-ից թույլ չեն տալիս վիրահատությունը, հիմա անվասայլակով է այլեւս տեղաշարժվում: Պետական հանձնաժողովներով այս խնդիրը ստուգել են, կա: 3 կոնսիլիումներ են հրավիրվել՝ պրոֆեսորներով, ոլորտի առաջատար մասնագետներով եւ բոլորը միաբերան հաստատել են, որ այո, կա վիրահատության կարիք եւ պետք է արտերկրում կատարվի, որովհետեւ Հայաստանում հնարավոր չի: Իմպլանտ է տեղադրված, որով ողերը պիտի մասնատվեն, այդ իմպլանտը պետք է փոխվի: Ե՛վ գործիքները, ե՛ւ իմպլանտը ՀՀ-ում առկա չէ, համապատասխան վիրահատությունը ՀՀ-ում չեն կատարում»:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանն ասաց, որ բոլոր պետական մարմինները գիտեն, որ եթե չվիրահատվի, Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կհասնի, բայց ձգձգում են. «Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու, որովհետեւ արդեն կյանքի խնդիր է: Քայլել չի կարողանում, եթե նույնիսկ քայլում է, դա խորը ցավեր է առաջացնում: Փորձագետները նշել են, որ օժանդակ անձանց միջոցով կարող են գալ դատարան, անվասայլակով, դա ապացուցվել է նաեւ համապատասխան գործիքային հետազոտության միջոցով»:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
նույն կարգի խաղերի մեջ էր Մայրապետյանը, ստորագրեց պարտավորագիր որ կվերադառնա արտերկրում բուժումից հետո, սակայն ռեստորաններում քեֆերի մեջ է անցկացնում օրերը ու թքած ունի այն հանգամանքի վրա, որ պարտավրո էր վերադառնալ։ Հիմա սա է, լափածը մարսելու համար էս ներկայացումն է սարքել։ Կոնկրետ այս մարդը մեր երկրին ամենամեծ վնաս հասցրած մարդն է։