«Բեսթսելլեր նախագծից ակնհայտ է, որ մեր հրատարակած գրքերից ամենաշատ պահանջարկ ունեցել են դետեկտիվ ժանրի գրքերը, առավելապես Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները: Չենք կարող ինչ-որ մեկն առանձնացնել, որովհետեւ այս պահին, ընդհանուր առմամբ 30 վեպ Ագաթա Քրիստիից արդեն հրատարակվել է: Բայց դրան զուգահեռ` մեկ ուրիշ շարք սկսեցինք դետեկտիվի սիրահարների համար, Ժորժ Սիմենոնի ստեղծագործությունների՝ Կոմիսար Մեգրեի շարքը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը:
Ի թիվս այլնի, նա հավելեց, որ անցյալ տարվա վերջին էլ հրատարակել են իր բնորոշմամբ՝ նախադեպը չունեցող մի գիրք՝ Սուրբ Ծննդյան պատմությունների ժողովածուն, որն ընդգրկում է 14 հեղինակների գործեր:
Ամփոփելով 2023-ի հրատարակչական գործունեությունը՝ Դավիթ Սամվելյանը նշեց, որ 30-ից ավելի գեղարվեստական գիրք են հրատարակել, կարեւոր հեղինակների ցանկն ավելացել է. «Առաջին անգամ Հայաստանում, կամ հայ գրատպության մեջ հեղինակներ կան, որ նրանցից երկրորդ գիրքն է թարգմանվում, օրինակ` Բրամ Սթոքերի «Արեւամուտի ներքո» պատմվածք-հեքիաթների ժողովածուն: Հեղինակը մինչ այդ ընթերցողներին հայտնի էր իր «Դրակուլա» ստեղծագործությամբ: Մենք թարգմանել ենք նաեւ Հեկտոր Մալոյի երկու վեպերը, իսկ մինչ այդ՝ նա հայտնի էր իր «Առանց ընտանիքի ստեղծագործությամբ…Միշտ աշխատում ենք դասականն ու ժամանակակիցը համադրելով՝ նոր գրքեր ներկայացնել ընթերցողներին, նաեւ անդրադառնում ենք հայ հեղինակներին»:
«Անտարես մեդիա հոլդինգի» հանրային կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարի եւս կատարվել են հետաքրքիր թարգմանություններ, հայ ընթերցողին ներկայացվել է համաշխարհային գրականության լավագույն ներկապնակը, ինչպես նաեւ հայ հեղինակների գործեր են տպագրվել: «Առանձնահատուկ շեշտադրում անելով հայ ժամանակակից գրողներին՝ պետք է նշել, որ Հովիկ Աֆյանը շարունակում է մնալ բեսթսելլերների հեղինակ, բեսթսելլեր հեղինակների թվում են՝ Գուրգեն Խանջյանը, Գրիգը, Համլետ Առաքելյանը, Վահագն Գրիգորյանը, Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» շարունակում է գրավել ընթերցողների սրտերը…»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Ռոզա Գրիգորյանն ասաց, որ շարունակում են հրատարակել Նոբելյան մրցանակակիր հեղինակների գործերը, իսկ նախորդ տարվա բեսթսելլերների թվում էին Նոբելյան մրցանակակիրներից Հերման Հեսսեն, Քամյուն, Մարկեսը, Փամուկը եւ մյուսները: Օտարագիր հեղինակներից, ի թիվս այլոց, Կոելիոն է հետաքրքրություն առաջացնում, Ռիչարդ Բախը, Սարոյանը, Շաֆակը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի մի քանի հարյուր գիրք են հրատարակել:
«Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց՝ որպես հրատարակիչ մեծ հավակնություններ չունեն ու ներկայացրեց մանկական հանրագիտարանները. «Մենք մանկական հանրագիտարանների շարք ենք հրատարակում: 12-13-րդ ճյուղային հանրագիտարանն ենք հրատարակել՝ «Երկիր մոլորակ», որն անգլիացիների հետ համատեղ է արվում: Թարգմանվում են նրանց մանկական հանրագիտարանները, նույն ոճով, նույն ձեւավորմամբ հրատարակվում: Դրանք շատ արդիական են, եւ մեր դպրոցական ու ոչ միայն դպրոցական տարիքի երեխաների անձնական գրադարաններում այդ հանրագիտարանների համարյա ամբողջ կոմպլեկտը կա: Համեմատության համար ասեմ, որ օրինակ ռուսները չունեն նման բան ոչինչ չեն հրատարակել»:
Նա հատուկ ընդգծեց. «Որպես գրավաճառ նշեմ, որ այնպես է ստացվել, որ վաճառում ենք հրատարակված տպաքանակների մոտավորապես կեսը: Ցավոք, անցյալ տարվա արդյունքներից դժգոհ եմ: 2014-ից սկսած՝ մենք միայն երկնիշ թվերով աճ ենք ունեցել՝ 20,30, 50 տոկոս, սակայն անցյալ տարին մինուսով ավարտեցինք: Կան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ՝ ընդհանուր քաղաքական վիճակը. Վայլդբերիզի՝ դաշտ մտնելը, նաեւ մեր դաշտ մտնելը եւ էլի տարբեր բաներ: Դա թերացում չի եղել աշխատանքում, բոլոր հրատարակիչներն աշխատել են առանց իրենց խնայելու, սակայն մենք մեր նախորդ տարվա ցուցանիշներից հետ մնացինք 20 տոկոսով»:
«Newmag»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ամփոփելով անցյալ տարին, ասաց, որ հասարակության ապրած ողբերգությունների առումով տարին ծանր էր. «Ղարաբաղյան ողբերգությունը շատ ծանր է անդրադառնում յուրաքանչյուր հայի վրա, բայց մենք փորձեցինք չկոտրվել, աշխատել եւ պահպանել մեր ռիթմը: Շատ բարդ էր դա անելը, վստահ եմ՝ մյուս հրատարակիչների համար՝ նույնպես, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է աշխատել եւ չպետք է թեւաթափ լինել»:
«Newmag»-ի գլխավոր խմբագիրն անդրադարձավ իրենց իրականացրած ամառային, ձմեռային, աշնանային, ֆրանկոֆոն հեղինակների եւ մանկական գրքի փառատոներին, ասաց, որ այս շուտով կրկին ձմեռային փառատոն է լինելու: Ի թիվս այլնի, նա կարեւորեց հատկապես մանկական գրականության հրատարակումը. «Մեզ համար չափանիշներ ենք որոշել, թե ինչպիսին պետք է լինի մանուկների համար գրականության հրատարակումը, ինչ տառատեսակ, տեքստի եւ պատկերի ինչ համադրություն, ինչպես պետք է կարողանանք ծնողներին օգնել, որպեսզի հեշտ ընտրեն գրքերը՝ ըստ տարիքային խմբերի»: Նշեց, որ պատրաստվում են շաբաթը մեկ գիրք հրատարակել եւ կազմակերպել դրանց շնորհանդեսները:
«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու-խմբագիր Հասմիկ Եղիազարյանի խոսքով, տարին, ընդհանուր առմամբ, կայուն էր, ընթերցողը բավականին ակտիվ. «Ինչ վերաբերում է բեսթսելլերներին, վերջին տարիներին ունենք գրքեր, որոնք ավանդաբար անընդհատ պահանջարկ են վայելում, դրանց թվում են Հոսեյնիի վեպերը, Ջոջո Մոյեսի, Էլիզաբեթ Գիլբերթի գրքերը»:
Հասմիկ Եղիազարյանն ասաց, որ ավելացել են նոր բեսթսելերներ, որոնցից մեկն էլ Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունն» է, որը կարծես մտքերի գիրք լինի: Նշվեց, որ շարունակելու են հրատարակել Դեն Բրաունի վեպերը: Նրա խոսքով, «Զանգակի» հրատարակած գրքերը տարբեր են՝ ինչպես ժանրերով, այնպես էլ սյուժեներով, սակայն բոլորն էլ հետաքրքրություն են առաջացրել ընթերցողի մոտ: Հասմիկ Եղիազարյանը հավելեց, որ 2023-ը կարեւոր էր իրենց հրատարակչության համար, քանի որ «Զանգակը» 2 տասնյակից ավելի գրքերի վրա է աշխատել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ