Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տոլմաջյանը Սամուել Սահակյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»

Հունվար 19,2024 13:40

Հունվարի 17-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր և պատվավոր նախագահ, վերապատվելի Սամուել Սահակյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման հարցում նրա մեծ ավանդի և մարդասիրական երկարամյա անխոնջ գործունեության համար։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտության հայտնեց Սամուել Սահակյանին 1988թ․ ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանում ծավալած մարդասիրական նշանակալի գործունեության, շուրջ 3 տասնամյակ շարունակ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում իրականացված մշակութային, կրթական, առողջապահական, մարդասիրական և զարգացման բազմաթիվ ծրագրերի համար։ Հայաստանի դեսպանը կարևորեց նաև Սամուել Սահակյանի ներդրումը Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում ֆրանսախոս երիտասարդների ակումբների հիմնադրման միջոցով։

Ընդգծվեց այն նշանակալի դերակատարությունը, որ վերջինս ունեցել է, ամենամյա մշակութային ճամփորդությունների կազմակերպման միջոցով, հազարավոր ֆրանսիացիների՝ Հայաստանին ու հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու, Ֆրանսիայում Հայաստանի բարեկամների թիվը մեծացնելու համար և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում։

Դեսպան Տոլմաջյանն առանձնահատուկ ընդգծել է Սամուել Սահակյանի նախաձեռնությամբ ֆրանսիական ավետարանչական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներից բաղկացած էկումենիկ երկու մեծ պատվիրակությունների Հայաստան՝ որպես առաջին քրիստոնյա երկիր կատարած այցելությունները՝ Հայ առաքելական եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ։

Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ժոել Միքայելյանը, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը, «Հույս Հայաստանի» կազմակերպության հիմնադիր-անդամ, Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ վերապատվելի Ժիլբեր Լեոնյանը, «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանը, կազմակերպության անդամներ, գործընկերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել