Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիասյաններն ու վրացի գործարարները Հայաստանի վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում. «Հետք»

Հունվար 19,2024 13:21

«Հետք». 2023 թվականի նոյեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի ունեցած նոր գործարքի մասին։ Նշված երկու ընկերությունների միավորմամբ ստեղծված ընկերությունը պետք է գործի Gulf ապրանքային նշանի ներքո։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ ընկերությունը մտնում է «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մեջ, որի սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է։ Ինչ վերաբերում է «Անիս Փետրոլեում»-ին, ապա այս ընկերության արմատները հասնում են մինչև Բրիտանական Վիրջինյան կղզիներ, որը օֆշորային գոտի է։ Այս ընկերության հետևում էլ վրացի գործարարներ են։

Ինչպես Սուքիասյանները հայտնվեցին Հայաստանի նավթամթերքի շուկայում

Նավթամթերքի շուկա Սուքիասյանների մուտքի մասին հայտնի դարձավ 2021 թվականին։ Այդ մասին հաղորդեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան-Օյլ» ընկերությունը։ Հետագայում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ «Ռան-Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականի ապրիլի 29-ից պատկանում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին։

Այս ընկերությունն էլ հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին և տարբեր ժամանակահատվածներում տարբեր բաժնետերեր է ունեցել, որոնց մեծ մասը հիմնականում հենց Սուքիասյանների շրջապատից է։ Օրինակ՝ «Մեգա Թրեյդի» 15 տոկոս բաժնեմասի սեփականատեր Հակոբ Ալեքսանյանը 20 տոկոս բաժնեմաս ունի նաև Սուքիասյաններին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ «Մեգա Թրեյդ»-ի 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանը, որի 45 տոկոսը պատկանում է Արամայիս Գրիգորյանին, մնացած 20 տոկոսն էլ՝ ծագումով իրանցի Արաշ Նոսրաթիալամդարիին։

Նավթամթերքի շուկայում հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է ներկայացնում «Ռան-Օյլ» ապրանքանիշը, քանի որ բենզալցակայաններում տպվում է «Մեգա Թրեյդ»-ի ՀԴՄ կտրոնը։ «Ռան-Օյլ»-ը ձեռք բերելուց հետո «Մեգա Թրեյդ»-ն ակտիվորեն ներգրավվել է նաև պետական գնումներում և մի քանի անգամ խոշոր պայմանագրեր կնքել պետական գերատեսչությունների հետ։

Երբ են սկսել համագործակցել Սուքիասյաններն ու վրացիները

Սուքիասյաններին պատկանող «Մեգա Թրեյդ» և վրացի գործարարներին պատկանող «Անիս Փետրոլեում» ընկերությունների համակենտրոնացմամբ ստեղծվող իրավաբանական անձը, որի մասին ասվում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունում, դեռևս չի հիմնադրվել։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն այս պահին էլ Հայաստանի նավթամթերքի շուկայում շարունակում է ներկայացնել «Ռան-Օյլ» ապրանքանիշը։

Սակայն սա վրացի գործարարների և Սուքիասյանների համագործակցության առաջին դեպքը չէ։ «Սիվիլնեթը» գրել էր, որ «Մեգա Թրեյդ»-ը 2022-ի տարեվերջին ձեռք է բերել Սուրենավանի բիտումի գործարանը։ Գործարքը կատարվել էր ոչ թե «Մեգա Թրեյդ»-ի միջոցով, այլ «Մեգա Թրեյդ»-ին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մեգա Փրոդաքշն»-ի միջոցով։ 2021թ․ մայիսի 6-ին հիմնված այս ընկերությունը հիմնադրման պահին ունեցել է «Պորիմա Էներջի Սոլյուշնս» անվանումը և մինչև 2022թ․ հոկտեմբերի 12-ը պատկանել է կիպրական «Պորիմա Լիմիթեդին»։ Այդ օրվանից ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցել է «Մեգա Թրեյդին» և դարձել «Մեգա Փրոդաքշն»։

Այսինքն՝ կարելի է ասել, որ Սուքիասյանների և վրացի գործարարներ Դավիթ Յակոբիշվիլիի և Իվանե Նակաիձեի միջև համագործակցությունը մեկնարկել է շատ ավելի վաղ, քան հայտարարել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Գլխավոր նկարում (ձախից աջ)՝ Խաչատուր Սուքիասյանը, Դավիդ Յակոբիշվիլին, Իվանե Նակաիձեն

Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031