«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊԿ) 2018 թվականին իր հույսը դրել էր իշխանությունների նկատմամբ եղած համաժողովրդական դժգոհության վրա, որը կուտակվել էր տարիների ընթացքում։ Ժողովուրդը վստահեց նրանց, հույսն արդարացվեց։ Եկան իշխանության, բայց ի տարբերություն Կոմունիստական կուսակցության, որը վարում էր ընդհանրապես հակակրոնական քաղաքականություն, ՔՊԿ սկսեց հալածանքները բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու (Եկեղեցի) դեմ։ Այս իրողությունը բարեպաշտ ժողովրդի մոտ տագնապալի զգացումներ են առաջացնում, իսկ ապազգային փոքրամասնությունների մոտ՝ չարախնդություն։
Որքան հիշում եմ 2018 թվականին Եկեղեցին առանձնապես դժգոհություն չէր հայտնել Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ, ոչ էլ, Նիկոլ Փաշինյանի ընտրվելու առթիվ, բայց հալածանքները Եկեղեցու նկատմամբ սկսվեցին ամենագռեհիկ ձևով ու, եթե Վեհափառը, Դիվանապետը, Շիրակի թեմի առաջնորդն ու մյուս հոգևորականները, ովքեր սերտ պայքարի մեջ էին մտել, այսինքն ՔՊԿ-ականների թիրախում էին հայտնվել, չունենային բավարար չափով կամք, համբերություն ու իմաստություն, ապա այս տարեմուտին մենք Հ1– ով կլսեինք «Կյանքի խոսք» անվանվող կրոնական կազմակերպության առաջնորդի ամանորյա ուղերձը։
Եկեղեցու դեմ հալածանքներն էլ սկսվեցին խաղադրույք կատարելով նույն դժգոհությունների վրա, որոնք առկա էին ոչ թե այն պատճառով, որ Եկեղեցին թերանում էր իր առաքելության մեջ, այլ որովհետև մեր բարեպաշտ ժողովուրդն էր չափազանց նախանձախնդիր իր հարազատ Եկեղեցու հանդեպ։ Մեր ժողովուրդը ուզում է հոգևորականին տեսնել որպես օրինակելի անձնավորության և նա դրա իրավունքն ունի, քանի որ Եկեղեցին դա հենց ժողովուրդն է, սրանք դատարկ խոսքեր չեն, սակայն հոգեորսությամբ զբաղվողները, իրենց շուրթերով միայն Սաղմոսներ ասելով ու կեղծավորաբար Տիրոջ փրկարար Խաչն իրենց դեմքերին դրոշմելով՝ դժվարացնում են ավագ սերնդի մոտ ազգային ինքնության պահպանումը, իսկ նոր սերնդի մոտ այն փորձում են ընդհանրապես արգելափակել։
Այժմ փլուզված են Պետություն-Եկեղեցի համագործակցության բոլոր կամուրջները և չեմ կարծում, որ վերականգնման ենթակա են այս իշխանությունների օրոք։ Բայց ամեն ինչ Տիրոջ ձեռքերում է։ Թող Աստված իմաստություն տա իշխանություններին հասկանալու համար, որ 2018-ին Եկեղեցու հանդեպ ունեցած չարությունը իրենց համար ցանկալի արդյունք չտվեց ոչ թե այն պատճառով, որ իրենք անհաջողակ են, այլ, որովհետև Եկեղեցին Անպարտելի է։ Թող Աստված իմաստություն տա իշխանություններին տարբերելու համար Հավերժականը ժամանակավորից, գլխավորը երկրորդականից։
Կարդացեք նաև
Հայկականը հայկականին կապող կամուրջները այլևս երբեք չպետք է այրվեն, և եթե քայլեր չձեռնարկվեն ՔՊԿ կողմից համագործակցելու եզրեր գտնել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, ուրեմն հարցականի տակ է մնում նրա հայկական լինելը ու մոտ է այլևս նրանց հեռացումը։ Մի՞թե մինչև 2018 թվականի իրադարձությունները մենք ավելի շատ պատճառ ունեինք ատելու իշխանություններին, քան հիմա։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ