Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հունվարի 23-ին նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու վերաբերյալ գործը:
Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը: Վերջինս անցյալ տարվա հուլիսի 28-ին ստացել է Հրանտ Գրիգորյանի դիմումը:
Հոկտեմբերի 27-ին դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարը դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել դիմելու ԲԴԽ:
Կարդացեք նաև
Հունվարի 24-ին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի «դատը», այն նույնպես ԱՆ միջնորդությունն է քննելու:
Նախարարին հաղորդմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազը: Այս գործով մեկ անգամ հետաձգվել է նիստը, նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին:
Հիշեցնեմ, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առեւանգման գործն է: Դատավորը 2023թ. հունիսի 5-ին քննելով Գայանե Հակոբյանի (փաստաթղթերով` Ազգուշ Մարտիրոսյան) խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ տնային կալանք կիրառել:
Դատախազը դիմել էր նախարարին, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու հարցով: Ի դեպ, Գայանե Հակոբյանը չի էլ հասցրել տնային կալանքը «վայելել», մեկ այլ դատավոր՝ Շահվերդյանը ժամեր անց նրան կալանավորելու որոշում է կայացրել, ապա դռնփակ նիստով մեղավոր ճանաչել Հակոբյանին, արագացված դատաքննության արդունքում, իսկ հետո պայմանական պատիժը չկիրառելու որոշում է կայացրել:
Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով 2022թ. սեպտեմբերի 22-ի որոշմամբ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2024