Լրահոս
Օրվա լրահոսը

Մարվին Մուոնեկեի ու Քելլի Յանգի հետ Սինատրա էր հնչեցնում նաեւ դահլիճը

Հունվար 19,2024 12:30

Վերջին շրջանում հայաստանյան մշակութային կյանքում մոդայիկ են դարձել մեր նվագախմբերի ընկերակցությամբ շոու-բիզնեսի ներկայացուցիչների ելույթները համաշխարհային աստղերի հիթերի մեկնաբանմամբ։ Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հերթական անգամ հանդես եկավ (առաջինը 2022-ին էր) Ֆրենկ Սինատրայի հիթերով՝ ներկայացնելով բրիտանացի  ջազ երգիչ, շեփորահար, գործիքավորող Մարվին Մուոնեկեին եւ փոփ երգչուհի Քելլի Յանգին։ Դիրիժորական վահանակի մոտ էր կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

Մարվին Մուոնեկեի մասին բրիտանական մամուլը գրում է. «Նրա ձայնն օժտված է այնպիսի հարուստ, թանձր ու սահուն հնչողությամբ, որ երկրորդ այդպիսին դժվար է գտնել»։ Քելլի Յանգն էլ մամուլի հիացական կարծիքների պակաս չունի։ Ներկա լինելով համերգին, ընդամենը փաստենք, որ այդ աստիճան ոգեւորված հանդիսատես հաճախ չենք տեսնում. նրանք ձայնակցում էին արտիստներին, արձագանքում ռիթմին համահունչ, իսկ համերգի ավարտին Սինատրայի «Նյու Յորք, Նյու Յորք» երգի կատարմանը հոտնկայս միացավ ողջ դահլիճը։

Երգիչները սիրով պատասխանեցին մեր մի քանի հարցերին։

– Հարգարժան Մարվին, հավանաբար Սինատրայի հիթերը մշտական տեղ ունեն ձեր երգացանկում։

– Նախ ասեմ, որ չափազանց հուզված եմ։ Մեծ պատիվ է հանդես գալ նման բարձրակարգ նվագախմբի հետ, հատկապես, որ հնչեց հինգ ստեղծագործություն իմ գործիքավորմամբ։ Այո, ժամանակ առ ժամանակ հանդես եմ գալիս Սինատրայի հիթերի իմ մեկնաբանմամբ։

– Բայց կան, չէ՞, երգիչներ, որոնք կատարում են Սինատրայի երգերը ճիշտ այնպես, ինչպես աստղն է ներկայացրել։

– Իհարկե, նման կատարողներ կան, որ հավատարիմ են մնում Սինատրայի կատարումներին ու աշխատում մատուցել օրիգինալը։ Դա նույնպես լավ է, բայց ես մշտապես ներկայացնում եմ ոչ միայն Սինատրայի, այլեւ համաշխարհային այլ հիթեր՝ իմ մեկնաբանությամբ։

– Առաջին անգամ եք Հայաստանում…

– Այո։ Վստահ եմ՝ Քելլին ինձ հետ համակարծիք կլինի, որ աննկարագրելի տպավորված ենք մարդկանց ջերմությամբ, հյուրընկալությամբ, էլ չխոսեմ փորձերի մասին, որոնք անցնում էին ֆանտաստիկ ջերմ ու ստեղծագործական մթնոլորտում…

Քելլի Յանգն էլ, ընդհատելով բեմընկերոջ խոսքը, ասաց.

– Ձեր երկրում մարդիկ ամենուր շա՜տ ջերմ են, ինչը հաճախ չեմ տեսնում շատ երկրներում, այդ թվում՝ իմ։

– Թույլ տվեք կատակել. այսինքն՝ չեն ժպտում նույնիսկ ձեր նման շքեղ կնո՞ջը։

– Ոչ, ոչ, ժպտում են, պարզապես այդ մարդիկ մի տեսակ խստաբարո են (ժպտում է- Ս. Դ.)։

– Սիրելի Քելլի, տեղեկացված ենք, որ դուք նաեւ դիրիժոր եք։

– Այո, ես դասավանդում եմ վոկալ եւ աշխատում երկու երիտասարդական երգչախմբերի հետ որպես խմբավար։ Անչափ ոգեւորված եմ, որ համերգին մասնակցեց նաեւ ձեր մանկական երգչախումբը (նկատի ունի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը, խմբավար՝ Էմմա Առաքելյան), որի հետ կատարեցի «Լուռ գիշերը»։ Երեխաները մի տեսակ անհավանական էներգիա փոխանցեցին մեզ։

Մեզ հետ հանդիպման ավարտին Քելլի Յանգը ժպիտով դիմեց Մարվին Մուոնեկեին.

– Մեր հաջորդ այցը չի ուշանա, չէ՞…

Երգիչների հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ Ֆրենկ Սինատրայի ֆենոմենին, որը բազում մշակութային հիմքեր ունի։ Մեր զրուցակիցները հիշեցրին, որ Սինատրան սկսել է իր կարիերան որպես երգիչ՝ ելույթ ունենալով փողոցներում, հետո, հասնելով ճանաչման՝ հանդես եկել միլիոնավոր հեռուստադիտողների լսարանի համար, հանդիսատեսի առջեւ, ավելի ուշ՝ թագավորների եւ նախագահների պալատներում եւ այլն։

Քելլի Յանգը և Մարվին Մուոնեկեն հիշեցրին, որ Սինատրայի կարիերան սկսվել է 1940-ականների սկզբներից եւ շարունակվում է մինչ օրս, անգամ մահից հետո (Սինատրան մահացել է 1998թ., 83 տարեկանում- Ս. Դ.)։ Նրա ազդեցությունը որպես երգիչ ու կինոդերասան նախ ամերիկյան, ապա համաշխարհային մշակույթի ու արվեստի վրա, արդեն կենդանության օրոք համեմատվել է ոչ պակաս հանրաճանաչ Էլվիս Փրեսլիի, «Բիթլզ» խմբի, Մայքլ Ջեքսոնի հետ։ Ինչպես նշվում է արեւմտյան հեղինակավոր պարբերականներում, Սինատրան համաշխարհային աստղերից առաջինն էր, որն ազդեցություն ունեցավ մշակույթի եւ արվեստի, կինոյի ու հեռուստատեսության, նորաձեւության եւ մամուլի, նույնիսկ քաղաքականության ու կյանքի բազմաթիվ ոլորտների վրա։ Ամերիկյան մամուլում առանց անուններ բարձրաձայնելու նշվում է, որ բազմաթիվ լրագրողներ իրենց անունը «բարձր հնչեցնելու» եւ գումար վաստակելու նպատակով օգտագործել են Սինատրայի անունն ու ժողովրդականությունը՝ երբեւէ չհանդիպելով արտիստին։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ Մարվին Մուոնեկեն եւ Քելլի Յանգը։

«Առավոտ» օրաթերթ
18.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031