Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցքն» ու Կովկասում «ավելի մեծ մեկուսացման մեջ» հայտնված Ռուսաստանը

Հունվար 19,2024 12:00

Մոսկվային նույնքան անհրաժեշտ է «միջանցքը», որքան՝ Անկարա-Բաքու տանդեմին

Անհնար է հաղթել ռուսներին, օրերս հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ինձ թվում է, որ այս վերաբերմունքը միմյանց եւ հայրենիքի նկատմամբ մեր ժողովրդի արյան մեջ է, անհնար է հաղթել նման ժողովրդին, եւ նրանց, ովքեր փորձում են անցնել խորթ ավանդույթների, ինչ-որ օտարի ներքին ազդանշանների, նրանք դիմում են ՆԱՏՕ-ին եւ այլն, սրանք մարդիկ են, ովքեր առանց որեւէ բան սկսելու, արդեն կորցրել են ամեն ինչ։ Նրանք դավաճանեցին իրենց նախնիներին, դավաճանեցին իրենց ժողովրդին եւ նրանց շահերին»։

Պուտինը համարում է, որ Ուկրաինայի հակահարձակումն ամբողջովին ձախողվել է, նա արդեն այդ երկրի պետականության կորստի մասին է խոսել` նշելով, որ անհնար է Ռուսաստանին դրդել հրաժարվել այն նվաճումներից, որոնք իրականացվել են վերջին 1,5 տարվա ընթացքում. «Եթե հետագայում շարունակվի այն, ինչ հիմա շարունակվում է, այն, ինչ հիմա տեղի է ունենում, իսկ հիմա դա միանգամայն ակնհայտ է, որ ոչ միայն ձախողվել է նրանց հակահարձակումը, այլեւ նախաձեռնությունը գտնվում է ռուսական զինված ուժերի ձեռքում, եթե այսպես շարունակվի, ապա ուկրաինական պետականությանը կարող է անդառնալի, շատ լուրջ հարված հասցվել»:

Արեւմուտքում, միեւնույն ժամանակ, ամբողջապես հակառակ դիրքորոշում ունեն Պուտինի «լավատեսական» գնահատականների առիթով:

Ռուսաստանն ու ռուսներն էլ ավելի մեծ քաղաքական մեկուսացման մեջ են, այդ թվում՝ Կովկասում, Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը զգուշավոր է ուկրաինական պատերազմի զարգացման վերաբերյալ կանխատեսումներում եւ նույնիսկ ավելի զգույշ է կանխատեսումներում, թե «ինչ կլինի Ռուսաստանի ներսում»: «Մենք Պրիգոժինին տեսանք անցյալ տարի, կարող են անակնկալներ լինել։ Բայց մենք որեւէ ազդակ չունենք, որ Ռուսաստանի ներսում մեծ փոփոխություններ կլինեն, բայց, իհարկե, դրանք կարող են անսպասելի լինել»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ պետք է հնարավոր ամեն ինչ անել «Ռուսաստանի համար գինը բարձրացնելու համար»։ «Նրանք կորցրին 300.000 զինվոր, կորուստներ, հազարավոր տեխնիկա, հարյուրավոր ինքնաթիռներ: Ահա թե ինչն է կարեւոր Ռուսաստանի եւ հասարակ ռուսների համար։ Նրանց տնտեսությունը դժվարությունների մեջ է։ Նրանք բարձր տնտեսական գին են վճարում։ Նրանք բարձր քաղաքական գին են վճարում։ Նրանք ավելի մեծ քաղաքական մեկուսացման մեջ են, այդ թվում՝ մերձավոր արտասահմանում՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ուստի, մենք չենք կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչ կլինի։ Բայց այն, ինչ մենք կարող ենք անել, այն է, որ առավելագույնի հասցնենք հավանականությունը, որ ինչ-որ փուլում նախագահ Պուտինը կհասկանա, որ այս պատերազմի շարունակությունը չափազանց թանկ կարժենա իր վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ըստ Ստոլտենբերգի՝ «ինչ-որ փուլում» Ռուսաստանի նախագահը «պետք է նստի եւ պայմանավորվի ինչ-որ արդար, տեւական խաղաղության շուրջ, որում Ուկրաինան գոյություն կունենա որպես ինքնիշխան անկախ պետություն»։

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույն համաժողովում նկատել է. «Ես ձեզ իրական տեղեկություն կհայտնեմ, Ռուսաստանը չի հասնի իր ռազմավարական նպատակներին..»: Եվրահանձնաժողովի նախագահի բնորոշմամբ, երբ 2022թ. փետրվարին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, շատերը ԵՄ-ում մտավախություն ունեին, թե Կիեւը մի քանի օրից կկործանվի, իսկ երկրի մնացած մասը՝ շաբաթների ընթացքում: Մինչդեռ նրա համոզմամբ` ՌԴ-ն ի վերջո կորցրեց իր մարտական հզորության կեսը, իսկ Ուկրաինան վերադարձրեց իր տարածքի կեսը:

Ռուսաստան-Արեւմուտք անհաշտ պայքար է ընթանում: Մոսկվան ոչ միայն պատերազմ է հայտարարել Ուկրաինային, այլեւ բնական է Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնողների դեմ Պուտինի ռեակցիան: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ ռուսական պետական քարոզչական պայքարի պատճառը, սակայն, միայն Հայաստան-Արեւմուտք խորացող հարաբերությունները չեն: Այդտեղ Ռուսաստանի տեսանկյունից էական շեղումներ դեռեւս տեղի չեն էլ ունեցել. ՀՀ ներկայիս իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո ստորագրել է Մոսկվայի մշակած մի քանի փաստաթղթեր, Հայաստան-Ադրբեջան բանակցությունները` փոխվարչապետների մակարդակով չեն դադարել:

Մոսկվայի դժգոհությունը Երեւանից եռակողմ փաստաթղթով նախատեսված պահանջների կատարման ակնկալիքների մեջ է: Ռուսաստանը եռակողմ փաստաթղթի կատարման հարցում նույնքան պահանջկոտ է, որքան Անկարան ու Բաքուն, իսկ այդտեղ ռուսական ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շահն է ընկած:

Մոսկվային նույնքան անհրաժեշտ է «միջանցքը», որքան` Անկարա-Բաքու տանդեմին: Պուտինը չի խոստովանում, որ Արեւմուտքի նկարագրածը` Ռուսաստանի տնտեսական վիճակի մասով, իրականություն է, սակայն նրա ակնկալիքները Հայաստանից Ռուսաստանին փրկելու մեջ է:

Քաղաքականի հետ միասին` Ռուսաստանի շուրջ տնտեսական մեկուսացման օղակը գնալով սեղմվում է: Օրերս թուրքական «Economim» պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել, որը նկարագրում է, թե ինչ «անակնկալներ» է մատուցել Թուրքիան ռուսական ընկերություններին:

Տարեվերջին Ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնն ու Ազգային անվտանգության փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն այցելել էին Թուրքիա եւ թուրքական իշխանությանը ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի պահանջները Թուրքիայի պատասխանատվության առումով` հակառուսական պատժամիջոցների հարցում: Խոսքը գնում է արտահանման հարցում արգելքները շրջանցելու փորձերի մասին:

Արդյունքում՝ 2024թ. հունվարի 1-ից թուրքական բանկերը Ռուսաստանի վճարումներն ուղղակի արգելափակել են, Ռուսաստանից դրամական փոխանցումները դադարեցվել են: Էլեկտրոնիկայի, հագուստի, ավտոմոբիլների, քիմիական ապրանքների եւ այլ տիպի ապրանքատեսակների մատակարարման առեւտրային գործարքների վճարային հոսքերը գործնականում դադարեցված են, ընկերությունները խուճապի մեջ` սպասում են:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների հետ կապված խնդիրները սկսել են ի հայտ գալ դեկտեմբերից, եւ մեծ թափ են առել արդեն հունվարից, բազմաթիվ ընկերությունների վճարումները կամ հետ են վերադարձվում, կամ մերժվում են թուրքական բանկերի կողմից, իսկ դա ռուսական ընկերությունների համար լուրջ խոչընդոտ է։

Պարբերականի ստացած տեղեկությունների համաձայն` ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի այցից հետո Ռուսաստանից թուրքական լիրայի եւ ռուբլու վճարումներով փոխանցումներն ու գործարքներն անմիջապես որոշ բանկերի կողմից մերժվել են, որի արդյունքում խաթարվել են ռուս-թուրքական առեւտրային գործարքները։

Պարբերականը հիշեցնում է, որ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների պայմաններում, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուրը շարունակում էր աճել։ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան անցյալ տարի աճել էր 23,2 տոկոսով՝ 2022թ. 7 միլիարդ 647 միլիոն դոլարից հասնելով մինչեւ 9 միլիարդ 423 միլիոն դոլարի։ Թեեւ Արեւմուտքում մտահոգված էին երկու երկրների միջեւ աճող առեւտրային հարաբերությունների տպավորիչ մակարդակով, այնուամենայնիվ, խնդիրը թուրքական կառավարության առջեւ այդպես խիստ չէր դրված: Մինչդեռ, այս պահին ԱՄՆ պետքարտուղարի՝ Անկարա կատարած վերջին այցից հետո արդեն Ռուսաստանից դրամական փոխանցումներ կատարելը էականորեն բարդացել է:

Բացի այդ, Թուրքիայում գործող ռուսական ընկերությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի հետ զարգացող հարաբերություններում բարելավվել էր ոչ միայն արտաքին առեւտուրը, այլեւ զգալիորեն մեծացել էր Թուրքիայում հիմնված ռուսական ընկերությունների թիվը։ Սակայն այդ աճող միտումը, ըստ թուրքական պարբերականի, կանգ է առել 2023-ից։ Անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հիմնադրված ռուսական կապիտալով ընկերությունների թիվը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 42,8 տոկոսով՝ նվազելով մինչեւ 690-ի։ Նշվում է, որ ռուս գործարարներն այս պահին արդեն իսկ սկսել են որոշակի բարդությունների հանդիպել։ Այս թեմային էր անդրադարձել նաեւ ռուսաստանյան «Կոմերսանտը», որի փոխանցմամբ՝ Թուրքիան, որտեղ 2022-ին համեմատաբար առավել հեշտ էր բիզնես հիմնել, պատժամիջոցների ռեժիմի խստացմամբ` վերածվել է ավելի դժվար շուկայի։ Իրավիճակը փոխվել է ԵՄ-ի 11-րդ պատժամիջոցների փաթեթի կիրառումից հետո, այն ընկերությունների համար, որոնց սեփականատերերը կամ գլխավոր տնօրենները հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ: Վերջինների համար որոշ դեպքերում նույնիսկ անհնար է բանկային հաշիվ բացելը եւ գումար փոխանցելը Թուրքիայից այլ երկրներ: Իսկ ստեղծված իրավիճակի մասին թուրքական բանկերը նույնիսկ հստակ տեղեկատվություն չեն տրամադրում մերժման պատճառների մասին։

Այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա առեւտրի ցուցանիշները նվազեցնելու, անգամ` արգելափակելու համար հիմքերը ստեղծված են, թուրք տնտեսագետները դժվարանում են միանշանակ կանխատեսել, թե Թուրքիայի իշխանություններին կհաջողվի՞ դուրս գալ Արեւմուտքի «սեւ ցուցակից»։

Այս պայմաններում` Մոսկվայի համար «միջանցքը» կենսական նշանակություն ունի: Հայաստանի իշխանության նկատմամբ ռուսական վերաբերմունքն իր պետական քարոզչական դրսեւորումներով հենց այդ «միջանցքի» նկատմամբ վերահսկողություն սահմանելու ձգտմամբ է պայմանավորված:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031