Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուվալդի» եւ չիփերի տարբերությունը

Հունվար 19,2024 10:00

Մամուլի շենքում կա երկու վերելակ՝ մեկը դրվել է ավելի քան 40 տարի առաջ, մյուսը հազիվ 10 տարեկան է: Ո՞րն է ավելի հաճախ փչանում: Պարզ է, որ երկրորդը: Հավանաբար, կարոտախտ ունեցող տարեց մարդիկ կասեն, որ «կոմունիստների վախտ» ամեն ինչ ավելի հիմնավոր եւ հուսալի էր սարքվում: Ես կարծում եմ, որ խնդիրն այլ է. նոր վերելակի մեխանիզմներն ավելի բարդ են, ավելի նուրբ, եւ շահագործելիս մենք դա հաշվի չենք առնում: Մասնավորապես, մի վերելակը վերանորոգվում է «կուվալդով», մյուսը՝ չիփերով: Եվ դա, ինձ թվում է, լավ փոխաբերություն է:

Ժողովրդավարական եղանակով կառավարելը բարդ է՝ պահանջում է ոչ միայն լայնախոհություն, այլեւ համբերություն, ինչպես նաեւ վստահության, համերաշխության մեխանիզմների, իրական քաղաքացիական հասարակության կառուցում: Շատ ավելի հեշտ է առավոտվանից գիշեր հետեւել, թե ով է Ֆեյսբուքում քո մասին վատ բաներ գրում եւ համապատասխան հրահանգներ տալ իրավապահներին: Դարձյալ «կուվալդի» եւ չիփերի տարբերությունն է:

Նույնը կարելի է ասել ընդհանրապես պետական մենեջմենթի մասին: Մեր քաղաքացիների մեծ մասի, ինչպես նաեւ իշխանությունների պատկերացմամբ, երկրի առաջին դեմքի, «թագավորի» պարտականությունն է՝ շրջել դպրոցներով ու հիվանդանոցներով եւ ստուգել, թե ինչպես են այդ հիմնարկներում փոշին հավաքում, եւ արդյոք ավելն ու աղբարկղը ճիշտ անկյուններում են դնում: Դա, այդ մեծամասնության կարծիքով, նշանակում է, որ «թագավորն աշխատում է» եւ «ժողովրդի մասին է մտածում»: (Իհարկե, նման մտածողություն ունեցող մարդիկ կգերադասեին, որ թագավորը վերահսկեր իրավիճակը՝ «դերվիշի շոր մտած», բայց, բարեբախտաբար, հասկանում են, որ տեխնոլոգիական մեր դարում դա հնարավոր չէ):

Ինչո՞ւ Բայդենը կամ Շոլցը նման «ստուգայցեր» չեն կատարում: Որովհետեւ այնտեղ կան համապատասխան տեսչական մարմիններ, որոնք քիչ թե շատ նորմալ իրականացնում են այդ գործառույթը: Դա ավելի բարդ եւ ավելի նուրբ մեխանիզմ է, որը ստեղծելու եւ շահագործելու համար ջանքեր, կառավարման հմտություններ են պետք: Մենք էլ ունենք նման մարմիններ, բայց դրանց արդյունավետությանը եւ, այսպես ասած, անկաշառությանը ոչ ոք չի վստահում: Բացի ամեն ինչից՝ այդ կարգի «անձնական» ստուգայցերը պոպուլիստական միավորներ են բերում:

Չէ՞ որ ավելի հեշտ է առաջնորդվել փորձված, վաղուց հայտնի մեթոդներով, երբ, օրինակ, ռայկոմի քարտուղարն իր շքախմբով ներխուժում էր բանվորական ճաշարան եւ խիստ շեշտադրումներով հարցնում էր ճաշարանի վարիչին (որը, բնականաբար, մթերքների մեծ մասը «ձախ» էր վաճառում). «Դե, մի տեսնենք՝ ինչպես ես դու ժողովրդին կերակրում»: Իսկ հետո խորհրդակցություն էր անցկացնում, բռունցքը խփում էր սեղանին ու պահանջում, որ ապուրի մեջ ավելի շատ միս դնեն: Ստուգայցից հետո, բնականաբար, ոչ մի կտոր միս չէր ավելանում, բայց աշխատանքի պատրանք, անշուշտ, ստեղծվում էր:

…Մամուլի շենքի «կոմունիստական» վերելակն ավելի հազվադեպ է փչանում, բայց դատելով նրանից, թե ինչ ձայներ է հանում աշխատելու ժամանակ, պակաս վտանգավոր չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուզան  ՄԻՆԱՍՅԱՆԻ: Լուսանկարում՝ ձախից Մամուլի շենքի «ժամանակակից» վերելակը, աջից՝ «կոմունիստականը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Փտած կառք:
    Շահմոլ կառապան:
    Հիմար կառավարիչ:
    Վտանգավոր կառավարություն:
    Փայտյա վիշապը 24.04.2024-ին կհրաթքի կառքի, կառապանի, կառավարիչի, կառավարության և վերելակների չիպերի վրա:

  2. Լավատես says:

    Գլոբալ այլասերվածի դեմ միայն գլոբալ նորմալը կարող է մրցակցել: Այսօրվա պատերազմներն ու միգրացիաները, համավարակներն ու տարբեր քաշայինների մենամարտերը՝ սրանք բոլորը գլոբալ այլասերվածի օրակարգն է: Արցախի նման մնացած բոլոր համայնքները պարտավոր են միավորվել եւ իրար թիկունք կանգնել, հակառակ դեպքում նրանցից որեւէ մեկը կդառնա Արցախի ճակատագրի տերը: Մյուս կողմից միավորվենք, որ վաղը Արցախն ազատագրենք համայնքների ներուժով:

  3. Հայ says:

    Ես հենց այս պահին գտնվում եմ հիվանդանոցում,որտեղ ամեն անգամ դուրս գալուց,մի քանի հոգու հարցնում եմ թե որտեղ է ելքը,քանի որ բացակայում են “ելք’ ի նշանները։
    Ւ վերջո օրվա վերջում ես զայրացած և դիտողություն արեցի ադմինիստրացիային։
    Պարզվում է, իրենք նոր են վերանորոգել և դեռ այդ նշանները չեն դրել։Ազնվությամբ եմ ասում իրենց վերանորոգումը առնվազն 3-4 տարվա է։ Այսինքն եթե ես շատ հանգիստ վիճակում ելքը հիվանդանոցից չեմ գտնում,ինչպես? հրդեհի ժամանակ մարդկանց պետք է էվակուացնեն։
    Սա հռետորական հարց է։Եթե մեր հասարակությունը անտարբեր չլիներ և օրվա մեջ մի 10 հոգի իմ պես իրենց նկատողություն անեին հիմա նման բան չէր լինի։Համոզված եմ նաև որ այդ տարբերակում այն 15 զինծառայողի այրվելու դեպքը չէր լինի,Ստեփանակերտի պայթյունի դեպքը չէր լինի։
    Մեր հասարակությունը պահանջող չի,քանի որ ժամանակին ջոչերը մեզ ասել են, որ բողոքավորները վատ են ավարտում։
    Օրինակ ես ոչ թե հոդված եմ գրում,այլ կոնկրետ պատասխանատուների յուրաքանչյուր թերացման համար տեղեկացնում եմ,բայց դե կարող ա միակ մարդը էս երկրի ես եմ,դուք էլ մեկ մեկ բողոքեք,զանգեք ստիպեք,որ ձրիակեր չինովնիկը աշխատի։

  4. Հայ says:

    Ի դեպ ասեմ,որ բարձրորակ չիպերը ,կուվալդից ավելի երկարակյաց են։ Պարզապես, մեր փոխարինվող վերելակները, էժանագին վերելակներ են։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031