Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոբիոմի դերը մաշկի ծերացման գործընթացում․ նոր հետազոտություն

Հունվար 19,2024 09:30

Մաշկի ծերացմանը նպաստում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ շրջակա միջավայրը, գենետիկան ու կենսակերպը, իսկ Կալիֆոռնիայի համալսարանի միկրոբիոմի նորարարության կենտրոնի և L’Oréal-ի հետազոտությունների ու նորարարությունների կենտրոնի հետազոտողները կարծում են, որ մաշկի ծերացման գործընթացում առանցքային դեր ունի նաև մաշկի միկրոբիոմը։

Frontiers in Aging ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում վերլուծության են ենթարկվել L’Oréal-ի նախկին 13 հետազոտությունները, որոնք ներառել են 18-70 տարեկան իգական սեռի ավելի քան 1000 ներկայացուցիչների կլինիկական տվյալներ։

Հետազոտողները կապ են նկատել մաշկի միկրոբիոմի բազմազանության և մաշկի ծերացման հիմնական դրսևորումների միջև։ Նրանք նաև կապ են գտել միկրոբիոմի բազմազանության ու ջրի տրանսէպիդերմալ կորստի՝ այսինքն մաշկից գոլորշիացող խոնավության միջև։ Ինչպես նշել է հետազոտության ղեկավար Սե Ջին Սոնը․ «Հետազոտության ամենահամոզիչ ասպեկտն այն է, որ հայտնաբերվել են տաքսոններ, որոնք, տարիքից անկախ, կապվում են «սագի թաթեր» հիշեցնող կնճիռների հետ»։

Ինչպես նշում են, հետազոտողները, հետագա ուսումնասիրությունները նոր հնարավորություններ կստեղծեն միկրոբիոմի միջոցով մաշկի առողջությունը պահպանելու համար նոր տեխնոլոգիաներ մշակելու համար։ Միկրոբիոմի կոնկրետ մարկերի նույնականացումը ծերացման կոնկրետ նախանշանի հետ թույլ կտա մաշկի անհատական խնամքի համար նախատեսված միջոցներ ստեղծել։

Եթե նախկինում ուսումնասիրողների հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր աղիների միկրոբիոմի վրա, ապա այժմ կարևորվում է նաև մաշկի միկրոբիոմի առանձնակի դերը մաշկի առողջության պահպանման հարցում։

Թեև մաշկի տիպերը տարբեր են լինում, կան որոշ ընդհանուր խորհուրդներ, որոնք կիրառելի են մաշկի բոլոր տեսակների համար։ Օրինակ՝ մասնագետները խորհուրդ են տալիս նվազագույնի հասցնել այն ագրեսիվ բաղադրամասերի ազդեցությունը, որոնք քայքայում են միկրոբիոմը, ասենք՝ խուսափել սալիցիլաթթու պարունակող միջոցներից (եթե դրանք չեն նշանակվել մաշկաբանի կողմից՝ հեղ․), քանի որ այդ նյութը գրգռում է մաշկը՝ չորացնելով այն, նորմալ մաշկի դեպքում կիրառել մաքրող ու խոնավացնող մեղմ միջոցներ»։

Ինչպե՞ս պարզել մաշկի տեսակը տնային պայմաններում

Մաշկի տեսակը պարզելու համար խորհուրդ է տրվում՝

  • լվանալ դեմքը մաքրող մեղմ միջոցով,
  • խնամքով չորացնել մաքուր սրբիչով,
  • հետևել, թե ինչ տեսք ունի մաշկն ու ինչ զգացողություններ են առաջանում լվացվելուց հետո,
  • ուշադրություն դարձնել, թե մաշկն ինչ փոփոխություններ է կրում մի քանի ժամվա ընթացքում։

Չոր մաշկը լվանալուց քիչ անց կլինի չոր ու ձգված, երբեմն՝ գունատ, թեփոտված կամ կոշտ։

Ճարպոտ մաշկը  լվանալուց հետո փայլատ է լինում, սակայն դրանից հետո մի քանի ժամվա ընթացքում սկսում է փայլել ու ճարպոտվել։ Ճարպի հետքերը կարող են նկատվել անձեռոցիկի վրա, եթե դրանով դիպչեն քթին։

Խառը տիպի մաշկի դեպքում սովորաբար ճարպոտ է լինում Т-գոտին, իսկ այտերը՝ նորմալ կամ չոր։ Т-գոտին ներառում է ճակատը, քիթն ու կզակը։ Որոշ ժամանակ անց այդ հատվածը կսկսի փայլել ու ճարպոտվել, իսկ այտերը՝ ոչ։

Նորմալ մաշկը կպահպանի մաքուր, հարթ երանգն ու կազմությունը, լվանալուց հետո չի լինի ձգվածություն կամ գրգռվածություն։ Օրվա ընթացքում այն առանձնապես չի փոփոխվի։

Մաշկի զգայուն լինելու դեպքում կարող է առաջանալ ծակծկոց, այրոց կամ քոր։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031