Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կարևորում է ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը և փախստականների ու տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը

Հունվար 18,2024 23:50

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած զեկույցի կապակցությամբ հունվարի 17-ին  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ստրասբուրգում կայացած հանդիպմանը Եվրոպական Միության պատվիրակությունը՝ Միության և անդամ պետությունների անունից հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ ԵՄ-ն ողջունում է հանձնակատար Միյատովիչի հրապարակած զեկույցը։ Նշվում է, որ Հանձնակատարի դիտողությունները մատնանշում են ԵՄ կողմից ավելի վաղ արտահայտած որոշ մտահոգություններ՝ կապված սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո ԼՂ հայության զանգվածային տեղահանման հետևանքով առաջացած չափազանց բարդ իրավիճակի հետ։

ԵՄ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը և փախստականների ու տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը:

Բացի այդ, ընդգծվում է, որ տեղի բնակչության մշակութային և կրոնական ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն:

ԵՄ հայտարարությանը միացել են նաև Ալբանիան, Անդորրան, նախագահող Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն և Սերբիան։

 

«Հայաստանը Եվրոպայի խորհրդում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031