Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարությունների վրա։
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց սահմանները ճանաչում են 1991թ․ դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ԽՍՀՄ փլուզման պահին առկա ամենավերջին քարտեզների հիման վրա: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերման հրամայականը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ