Այսօր Հայկական Փի Ար ասոցացիայի PR դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, հանրային կապերի մասնագետ Անի Հարությունյանը։
Վերջինս անդրադարձել է հանրային կապերի կարևոր հիմնադրույթներին կոնկրետ մշակույթի համատեքստում, օրինակներով ընդգծել ճիշտ ռազմավարություն վարելու առանձնահատկությունները, մանրամասներ ներկայացրել ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու հնարավոր միջոցների մասին։
Նշենք, որ Անի Հարությունյանը երկու տարի է, որ տեղափոխվել է Հայաստան։ Նա մինչև Հայաստանում վերաբնակվելը եղել է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի PR բաժնի ղեկավարը, այնուհետև ղեկավարել է Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի (ГИТИС) հանրային կապերի բաժինը մինչև 2020 թ․, այդ տարիների ընթացքում նաև ռեկտորի օգնականն էր։ Աշխատել է նաև Ա․ Բախրուշինի անվան կենտրոնական թատերական թանգարանում որպես հանրային կապերի ղեկավար։ Այդ ընթացքում Անի Հարությունյանը բազմաթիվ խոշոր նախաձեռնություններ ու ծրագրեր է իրականացրել։ 2020-ից «Ի Գործ» ծրագրի շրջանակում որպես փորձագետ աշխատել է ԿԳՄՍ նախարարությունում։ Այժմ նաև դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
Ինչպես տեղեկանում ենք Հայկական Փի Ար ասոցացիայի կայքից՝ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: Դպրոցի մասնակիցները ՀՀ և արտերկրի լավագույն մասնագետներից ոչ միայն ստանում են տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ունենում աշխատելու որևէ նախաձեռնության շուրջ: