Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով 2023 թվականին Գյումրի այցելող զբոսաշրջիկների մասին, ասաց՝ նրանց թիվը նվազել է։
«Վերջնական թվեր, բնականաբար, չեմ կարող հրապարկել, բայց կարծում եմ՝ մինչև 15 տոկոս նվազում կա նախորդ տարիների հետ համեմատ։ Այս թիվը հրապարակում եմ՝ պայմանավորված մեր ռեստորանի հաճախումներով։ Իհարկե, նվազումը կապում եմ այն հանգամանքի հետ, որ նախ Արցախի հարցն առաջ եկավ, նաև վիրուսային հիվանդություններով պայմանավորված անհանգստություններ։
Օրինակ՝ ԱՄՆ-ն, որտեղից բավականին շատ են այցելում Հայաստան, որոշակի իրավիճակներով պայմանավորված՝ հատուկ նախազգուշացում էր անում իր քաղաքացիներին, որ չայցելեն Հայաստան, քանի որ վտանգավոր տարածք է համարվում։ Դա էլ իր հերթին նպաստեց զբոսաշրջիկների թվի նվազեցմանը, չնայած անգամ այս վիճակում՝ մենք կարողացել ենք պահել գրավչությունը, ստեղծել հետաքրքիր միջավայր, որպեսզի Գյումրիից զբոսաշրջիկը գոհ հեռանա»,-ասաց Կարեն Հարությունյանը։
Մեր դիտարկմանը՝ բազում քննադատություններ են հնչում, թե Գյումրին դեռ զբոսաշրջային քաղաք չդարձած՝ հյուրանոցատերերն ու ռեստորանատերերը թանկացրել են գները, դա պատճառ չէ՞, որ զբոսաշրջիկը չուզի այցելել, երբ պատմական կենտրոնը տեսնելուց ու շրջագայելուց բացի, այլ գրավչություններ էլ չկան, Կարեն Հարությունյանը պատասխանեց՝ թանկացումներն ինքնագլուխ չեն արվում, թանկացել են նաև մթերքները։ Ըստ նրա, եթե թանկ ես գնում, չես կարող էժան վաճառել։
Կարդացեք նաև
«Նման պայմաններում անգամ ինչքան հնարավոր է, մենք աշխատում ենք չթանկացնել մենյուն․ վերջին թանկացումը եղել է անցած տարի․ մենք չեն կենտրոնացել միայն շահույթ ստանալու վրա, այլ նաև կարևորել ենք հաճախորդի հարմարավետությունը։ Թանկացումները գլոբալ են, ամիսը մի քանի անգամ այնպիսի ապրանքատեսակների թանկացումներ են լինում, որ ուղղակի չենք հասցնում տեղավորվել այդ ամենի մեջ։ Օրինակ՝ ոգելից խմիչքներն են թանկանում, նույնիսկ այն բանջարեղենը, որոնք հենց Հայաստանում են աճեցվում․ դա պայմանավորված է և՛ որակի հետ, և՛ հնարավոր է՝ շատ դեպքերում արհեստական թանկացումներ լինեն։ Մենք այսօր համեմատություններ ենք տանում Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության հետ, և մթերքի գները Հայաստանում երբեմն ավելի բարձր են»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Գյումրու շուրջ ծավալվող քննարկումներին, թե այս քաղաքում լուրջ աշխատանք չի տարվում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, Գյումրի այցելող զբոսաշրջիկին քաղաքի պատմական միջուկը ցուցադրելուց բացի հետաքրքիր նորույթներ չեն առաջարկվում, հետևաբար և նա երկրորդ անգամ ցանկություն չի հայտնում այցելելու այս քաղաք, Կարեն Հարությունյանն ասաց․ «Այս հարցը շատ ծավալուն է, արդեն քանի տարի է՝ ես մասնակցում եմ տարբեր քննարկումների ու միջոցառումների՝ ինչպես զարգացնենք Գյումրու զբոսաշրջային ոլորտը։
Տարբեր ծրագրեր են ստեղծվել, անգամ Գյումրու բրենդը փորձեցին ստեղծել, բայց այդ ծրագրերի գրեթե 90 տոկոսն անավարտ մնաց։ Եթե ունենային շարունակություն, վստահ եմ՝ այդքան ծրագրերից 20 տոկոսն իրականացնելու դեպքում, Գյումրին բացի պատմական միջուկի տարածքից, կունենար այլ հետաքրքիր վայրեր, որտեղ զբոսաշրջիկը կայցելեր ու հաճույք կստանար։ Պատմական միջուկում մի օր ման եկավ, երկրորդ օրը գնաց թանգարաններ և այլն, և սպառվեց։
Բայց Գյումրին այնքան պատմական, հետաքրքիր տեղանքներ ունի, որ պետք է տեսքի բերել ու դարձնել դիտարժան զբոսաշրջիկների համար»։
Հիշեցնենք՝ մեր զրուցակիցը կարծիք էր հայտնել, որ եթե Գյումրին ունենար հարևան Վրաստանի մայրաքաղաքի ձևավորման 30 տոկոսը, Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծ մասը չէր շտապի Ամանորը նշել Թբիլիսիում, այլ կգար Գյումրի։
Նա մեզ հետ զրույցում նշել էր՝ հասկանալի է, որ պատերազմն իր ազդեցությունը թողնում է զբոսաշրջային ոլորտի զարգացման վրա, սակայն պետական մակարդակով արգելված չէին տոնական միջոցառումներն ու զարդարանքը, իսկ եթե զարդարում ես քաղաքը, այն պիտի արվի հավուր պատշաճի, ճաշակով՝ հետաքրքիր դիզայներական լուծումներով ու միջոցառումներով։
Մեր զրուցակիցը վստահ է, որ Գյումրին կարող է լուրջ մրցակից դառնալ Թբիլիսիին, հատկապես որ, ըստ նրա, մենք մի կարևոր առավելություն ունենք՝ ՀՀ-ում սերվիսի որակը շատ ավելի բարձր է, քան հարևանների մոտ։
«Ես կարող եմ ասել, որ այս տարի գները բավականին բարձր են եղել նաև հարևան երկրի մայրաքաղաքում՝ թե՛ հյուրանոցների և թե՛ ռեստորանների, մինչև դեկտեմբերի 31-ն այլ գին է եղել, հունվարի 1-ից այլ գին է եղել, որովհետև զբոսաշրջիկները շատ են եղել։ Գնային փոփոխությունները միշտ էլ լինում են, Եվրոպայում էլ է չէ՞ այդպես Weekend-ներին ավելի թանկ են, քան մնացած օրերին, բայց դրանց չափ կա, պետք է ռեստորանատերերը և հյուրանոցատերերն այդ փոփոխությունները կատարեն չափավոր։ Գումար տվողը, քո հաճախորդն այսօր տեսավ քո մոտ թանկ է, ուրիշ տեղ է գնում, բայց շատ մարդիկ կարող են ասել՝ գնում ենք երկրից, որովհետև սեղանային հավաքույթները, տնից տուն գնալը հոգնեցրել են։
Գուցե մայրաքաղաքում ինչ-որ չափով վերացել են, բայց մարզերի բնակիչները պահպանողական են մնացել այդ առումով, ու դրանից զերծ մնալու համար են շատերը գնում այդ մի քանի օրը հարևան երկրում անցկացնում։
Նորից եմ կրկնում՝ Թբիլիսիում այս տարի էժան չի եղել, իսկ նախորդ տարիներին, երբ շատերը գերադասում էին Ամանորը Գյումրիում նշել, մենք հատուկ զեղչային փաթեթներ ենք արել, որպեսզի մարդիկ զգան՝ մենք էլ իրենց ժամանցի հնարավորությունները մեծացնում ենք։ Բացի այն ծառայություններից, որոնք մտած են եղել իրենց փաթեթի մեջ, այնպես ենք արել, որ իրենք այլ վայրեր են այցելեն ու տոնական օրերը լավ անցկացնեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ