Հակակոռուպցիոն դատարանում պետք է կայանար ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հերթական դատական նիստը։ Նա մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ այլ չարաշահումների մեջ։
Այսօր նշանակված դատական նիստում Աղվան Հովսեփյանի փաստաբաններից Աննա Մանթաշյանը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց՝ պայմանավորված իր պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացմամբ։
«Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատացել է։ Դատական նիստից առաջ մենք պատրաստված, որ պետք է ներկայանանք դատական նիստին, բայց նրա առողջական վիճակով պայմանավորված ստիպված եղանք դիմել բժշկի։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Աղվան Հովսեփյանի հետ գնաց Իզմիրլյան բ/կ, որտեղ վերջինին պառկեցրել եւ ստացիոնար բուժում են նշանակել։ Աղվան Հովսեփյանը ներկայումս նեւրոպաթոլոգիայի բաժանմունքում է։ Իսկ ես ներկայացա, որպեսզի դատարանին տեղեկացնեմ այս մասին, միջնորդեմ նիստը հետաձգել։ Հաջորդ նիստին մենք, իհարկե, կներկայացնենք բժշկական փաստաթղթերը»,-հայտարարեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Աննա Մանթաշյանը նաեւ նշեց, որ բժիշկների խոսքով բուժումը մոտ 10 օր կտեւի։
Դատական նիստը նախագահող դատավոր Տիգրան Դավթյանը միջնորդությունը բավարարեց եւ հաջորդ նիստը նշանակեց հունվարի 25-ին, ժամը 11։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ